Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պարո՛ն վարչապետ, շատ խիստ կասկածում եմ, որ նախագահն է հաստատել այսօրվա պետական պարգևների շնորհման կարգը, վայրը, ժամը, մասնակիցների ցանկը և Ձեզ էլ լիազորել իր անունից հանձնել պետական պարգևները...
Այսօր մեկ անգամ ևս համոզվեցի, որ գործող սահմանադրությունը, որպես թղթի կտոր, պետք է պատռել ու նետել աղբարկղը:
Մեկ անգամ ևս համոզվեցի, որ գործող կառավարման համակարգը կեղծ, անկենսունակ և չաշխատող համակարգ է, որը խժռում, հեղինակազրկում ու նսեմացնում է պետական բոլոր ինստիտուտները, իշխանության օրենսդիր ու դատական ճյուղերը՝ ամբողջ իշխանությունը կենտրոնացնելով գործադիր իշխանության ձեռքում՝ ՍՈՒՊԵՐ վարչապետի դեմքով, անկախ նրանից, թե ով կլինի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում պետական բարձր պարգևներ՝ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը, ինչպես նաև «Մարտական խաչ» շքանշաններ է հանձնել այդ կոչումներին արժանացած մեր փառապանծ զինվորականներին:
ՀՀ սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ:
՛Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին՛՛ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է Հանրապետության Նախագահը` հրապարակելով հրամանագրեր՝ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա:
Միաժամանակ նախագահն է հաստատում միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, ինչպես նաև պետական մրցանակները և դրանց շնորհման կարգը:
Նույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնում է Հանրապետության Նախագահը կամ նրա լիազորած անձը։
Ինչպես տեսնում ենք, պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման ու հանձնման գործում նախագահի դերակատարությունն առանցքային է:
Սակայն հերթական անգամ ականատես ենք դառնում նախագահական ինստիտուտի նկատմամբ բացահայտ քամահրական վերաբերմունքի:
«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը հանձնվում է նախագահի բացակայությամբ:
Անկախ նրանից , թե ինչ վերաբերմունք ունենք նախագահի անձի նկատմամբ, չի՛ կարելի այսպես հեղինակազրկել այդ ինստիտուտը:
Հենց Ձեր քաղաքական շահերից կբխեր, որ Դուք հնարավորություն տայիք նախագահին իրացնելու՝ առանց այդ էլ իր սահմանափակ արարողակարգային գործառույթները: Դուք դա էլ չեք հանդուրժում:
Սա հարգանքի բացակայություն է պետական ինստիտուտի նկատմամբ:
Պարո՛ն վարչապետ, շատ խիստ կասկածում եմ, որ նախագահն է հաստատել այսօրվա պետական պարգևների շնորհման կարգը, վայրը, ժամը, մասնակիցների ցանկը և Ձեզ էլ լիազորել իր անունից հանձնել պետական պարգևները...
Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ ամեն ինչ որոշում եք Դուք...
Իսկապես շատ լավ տեղ էր ընտրված, իսկապես արժանիները պարգևատրվեցին, բայց եկեք հարգանք դրսևորենք մեր պետական ինստիտուտների և մեր օրենքների նկատմամբ:
Երիցս համոզվում եմ, թե ինչու դարեր շարունակ պետականություն չենք ունեցել...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը