ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իր վրաց գործընկերոջ՝ Դավիդ Զալկալիանիի հետ:
«Նախարար Մնացականյանը զորակցություն հայտնեց նախարար Զալկալիանիին Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ` ցավակցելով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին:
Արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կարևորելով բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը:
Նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարը կարևորեց տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված քայլերը և այս ուղղությամբ փոխգործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը