24 08 2020

Որո՞նք էին Արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի նպատակները Բելառուսում. Politeconomy

Որո՞նք էին Արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի նպատակները Բելառուսում. Politeconomy

Politeconomy.org-ը գրում է․ «Բելառուսում ընթացող հետընտրական զարգացումները դրամատիկ բնույթ են ստանում: Խնդիրն այն է, որ արտաքին խաղացողներից ոչ ոք չէր կանխատեսել, որ բելառուսները այսպիսի բուռն կերպով կարձագանքեին ընտրության արդյունքներին:

Այս առումով փորձենք ներկայացնել, թե կողմերից ով ինչ նպատակ էր հետապնդում այս երկրի ապագայի հետ կապված:

Ո՞րն է եղել Ռուսաստանի ռազմավարական նպատակը Բելառուսի հանդեպ

Ռուսաստանն ի սկզբանե խնդիր է ունեցել Բելառուսի հետ կազմել այսպես կոչված միասնական միութենական պետություն: 1994-ին Լուկաշենկոն հաղթեց հենց այդպիսի կարգախոսներով, ինչը նշանակում էր, որ այն ժամանակ բելառուսական հանրության մեջ այդ գաղափարները գերիշխող էին:

1998-ին կնքելով միասնական պետության ստեղծման մասին պայմանագիրը՝ Մոսկվան հույս ուներ, որ կարճ ժամանակահատվածում կարող էր կյանքի կոչել իր այդ նպատակը: Լուկաշենկոն էլ իր հերթին պետք է դառնար այն գործիչը, որ պիտի կյանքի կոչեր ռուսների այդ երազանքը: Սակայն կատարվեց ճիշտ հակառակը: Միասնական պետության գաղափարը Լուկաշենկոյի համար դարձավ «խաղաթուղթ» Ռուսաստանից էժան գներով ստանալու համար վառելիք և այն թանկ գնով վերավաճառել եվրոպական երկրներին: Միայն այդ տրանսվերի վրա Մինսկը տարեկան ստանում էր տարբեր հաշվարկներով 5-7 մլրդ դոլարի չափ եկամուտ: Դրան գումարած, բելառուսները ստանում էին արտոնյալ պայմաններ՝ իրենց ապրանքները վաճառելով ռուսական շուկայում: Արդյունքում Բելառուսի ընդհանուր առևտրաշրջանառության մոտ 50 տոկոսն ընկնում էր Ռուսաստանի վրա: Դրա արդյունքում Լուկաշենկոյին հաջողվեց փլուզումից փրկել բելառուսական արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, ինչից չխուսափեցին Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և միջինասիական երկրները:

Բացի այդ, Լուկաշենկոն թույլ չտվեց, որ իր երկրում ընթանար լայնամասշտաբ սեփականաշնորհման գործընթացը, որի արդյունքում Բելառուսում չձևավորվեց ձեռնարկատերերի դասը, որն էլ իր հերթին կարող էր դառնալ ազատական տնտեսության հիմքը:

Իսկ առանց այդ հիմքի չէին կարող զարգանալ նաև քաղաքական դեմոկրատական այն ինստիտուտները, որոնք ստեղծվեցին մյուս հետխորհրդային հանրապետություններում: Ճիշտ է, դրանք անկատար էին, սակայն էապես փոխեցին նաև մարդկանց մտածողությունը, ինչը Բելառուսում չեղավ: Արդյունքում, այդ երկրում գրեթե 20 տարի շարունակում էին պահպանվել խորհրդային կարգերը՝ առանց Կոմկուսի ինստիտուտի: Դա հնարավոր եղավ բացառապես վերը նշված ռուսական տնտեսական պրեֆերենցիաների արդյունքում:

Բելառուսում փաստացի հաստատվել և գործում էր մեկ մարդու իշխանություն, նույնիսկ առանց քաղաքական շղարշի: Տնտեսական հիմքը կազմում էին աշխատող գործարաններն՝ իրենց բանվոր դասակարգով, իսկ քաղաքական վերնաշենքը հնամաշ խորհրդային ինստիտուտներն էին՝ առանց Կոմկուսի, որի դերը կատարում էր Լուկաշենկոն՝ ստանալով «Բատկայի», այսինքն ազգի «հոր» կարգավիճակ:

Ռուսական արտոնությունների հաշվին Լուկաշենկոյին հաջողվել էր ստեղծել մի պետություն, որի ՀՆԱ-ն կազմում էր մոտ 60 մլրդ դոլար, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը կազմում էր մոտ 6500 դոլար: Այսինքն, այդ երկրի մարդկանց կենսամակարդակը մոտ 50 տոկոսով ավելի բարձր է, օրինակ, քան Հայաստանում և մոտ երկու անգամ ավելի բարձր է, քան Ուկրաինայում:Իսկ եթե հաշվենք, որ Բելառուսում մեծահարուստներ չկան, ապա կնշանակի, որ բելառուսցիների կենսամակարդակը շատ ավելի բարձր է հայաստանցիներից կամ ուկրաինացիներից:

Ընդորում, Բելառուսի տնտեսական զարգացման մեծ մասը կազմում է արտահանումը:

Սակայն Լուկաշենկոյի համար Մոսկվայում այդպիսի արտոնությունները չէին պատրաստվում հավերժ պահպանել: Ռուսները պարբերաբար ակնարկում էին, որ Լուկաշենկոն չի կատարում իր խոստումը և դիմադրում է Ռուսաստանի հետ միասնական պետություն կազմելու հարցում: Իր հերթին, Լուկաշենկոն սեփական ժողովրդին բացատրում էր, որ եթե Բելառուսը կլանվի Ռուսաստանի կողմից, ապա ռուսական օլիգարխներն անմիջապես իրենց ձեռքը կվերձնեն բելառուսական գործարանները և մարդկանց կենսամակարդակը կտրուկ կնվազի, կառաջանա սոցիալական շերտավորում, աղքատների և հարուստների դասակարգեր, ինչպես այսօրվա Ռուսաստանում և մյուս ԱՊՀ երկրներում:

Հասկանալի պատճառով բելառուսական տնտեսական հիմքը կազմող աշխատանքային կոլեկտիվները դեմ էին այդպիսի հեռանկարին, և դրա պատճառով էլ աջակցում էին իրենց «Բատկայի»՝ «ոչ Ռուսաստան, ոչ էլ Արևմուտք» ուղենիշին:

Մոսկվայի համբերության բաժակը լցվեց այս վերջին տարվա ընթացքում, երբ Պուտինին անչափ անհրաժեշտ էր, որ Լուկաշենկոն վերջապես համաձայնվեր կյանքի կոչել միասնական պետության գաղափարը, որի արդյունքում 2024 թվականից հետո Պուտինը լեգիտիմ կարգով կարող էր ստանձնել արդեն այդ միասնական պետության նախագահի պաշտոնը: 2024-ին լրանում էր Պուտինի նախագահական երկրորդ ժամկետը և առաջ էր գալու իր համար անկանխատեսելի և անորոշ պահ: Սակայն Լուկաշենկոն մերժեց Պուտինին և վերջինս ստիպված եղավ փոփոխություններ մտցնել Ռուսաստանի Սահմանադրության մեջ, որը թույլ կտար նրան կրկին 2024-ից հետո էլ առաջադրվել նախագահի պաշտոնում:

Բնականաբար այդ փոփոխություններից հետո Լուկաշենկոյի կշիռն ու արժեքը Մոսկվայում կտրուկ թուլացան: Եվ այստեղ չէին հասկանում, թե ինչու պիտի շարունակեին աջակցել Լուկաշենկոյին, եթե չէր նշմարվում ոչ Պուտինի, ոչ էլ Ռուսաստանի շահը:

Սահմանադրական փոփոխություններից անմիջապես հետո, երբ Պուտինի թիկունքը պնդացավ, Ռուսաստանի իշխանության ներսում որոշվեց զրկել Լուկաշենկոյին նախկին բոլոր տնտեսական արտոնություններից, որը նա ուներ մինչև այդ: Փորձագետների տարբեր հաշվարկներով՝ 20 տարվա ընթացքում Բելառուսին տրված Ռուսաստանի արտոնությունները կազմել են 150-ից մինչև 200 մլրդ դոլար:

Լուկաշենկոն հասկանալով, որ Ռուսաստանից արդեն ամեն ինչ ստացել է և ռուսական սահմանադրական փոփոխություններից հետո այլևս Մոսկվային պետք չի լինելու՝ որոշում էր կայացրել արմատապես փոխել իր արտաքին քաղաքական ուղենիշը:

Սակայն նա ընկալվում էր Եվրոպայում և ԱՄՆ-ում որպես «Եվրոպայի վերջին բռնապետ», այդ իսկ պատճառով նրան անհրաժեշտ էին ոչ ստանդարտ որոշումներ, որոնց միջոցով նա կկարողանար խուսափել Մոսկվայի ջղայնությունից և միաժամանակ չէր հայտնվի արևմտյան թակարդում:

Այդ իսկ պատճառով նա ընտրություններից առաջ մոգոնեց 33 ռուսական «վարձկանների» պատմությունը, որն իրեն պետք էր ընտրություններից հետո լեգիտիմ հիմք տար աստիճանաբար կտրելու իր կապերը Մոսկվայի հետ: Լուկաշենկյոյին այս ծրագրերում օգնում էին ուկրաինական իշխանությունները (այս մասով դեռ կխոսենք):

Որո՞նք էին Արևմուտքի ծրագրերը Բելառուսի հանդեպ

Սովորաբար, երբ խոսում ենք Արևմուտքի մասին, միշտ նկատի ենք ունենում, որ այսպես կոչված «կոլեկտիվ» Արևմուտքը պետք է ունենա մեկ ռազմավարական և մարտավարական նպատակ: Իրականում, ռազմավարական նպատակ Արևմուտքն ունեցել է Բելառուսի հանդեպ և դա եղել է՝ դուրս բերել այդ երկիրը Ռուսաստանի ազդեցությունից: Ինչ վերաբերում է այդ խնդրի լուծման մարտավարությանը, ապա այս հարցում կային տարբեր մոտեցումներ: Լեհաստանն ու Լիտվան միշտ Բելառուսում աջակցել են Լուկաշենկոյի հակառակորդներին՝ հույս ունենալով, որ վաղ թե ուշ այդ երկրում էլ հնարավոր կլինի ձևավորել հակառուսական քաղաքական ալյանս՝ Ուկրաինայի օրինակով:

Բեռլինում և Փարիզում Լեհաստանի այս ծրագրերի հանդեպ թերահավատորեն էին տրամադրված՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բելառուսցիները վերջին 30 տարիների ընթացքում երբեք հակառուսական տրամադրությունների հակումներով չէին առանձնացել:

Այդ իսկ պատճառով գերմանացիները միշտ փորձում էին Լուկաշենկոյի հետ ընդանուր հայտարարի գալ:

Վաշինգտոնը միշտ փորձել է համատեղել այս երկու մոտեցումները: Սակայն Լուկաշենկոն արևմտամետ քայլեր կատարելու համար պետք է ունենար այլընտրանք, իսկ Լեհաստանն ու Լիտվան այդ այլընտրանքի խոչընդոտի դեր էին կատարում: Քանզի նրանք Բելառուսի ապագան տեսնում էին առանց Լուկաշենկոյի:

Լուկաշենկոյին օգնության առաջարկ կատարեցին Ուկրաինան և Թուրքիան՝ Վաշինգտոնի հովանավորությամբ

Ինչպես նշեցինք վերևում, ընտրություններից անմիջապես հետո Լուկաշենկոն փորձելու էր աստիճանաբար հեռանալ Մոսկվայից, բայց և սերտացնել իր կապերը Լեհաստանի հետ չէր ուզում, քանզի չէր հավատում լեհերի անկեղծությանը:

Ահա թե ինչու Լուկաշենկոն Մոսկվայից հեռանալու ծրագրերը կապում էր Թուրքիայի հետ: Թուրքիային երբեք բելառուսական դեմոկրատիան չի հետաքրքրել, ինչը շահավետ էր Լուկաշենկոյի համար: Անկարայի համար Լուկաշենկոն արժեքավոր գործընկեր էր այն իմաստով, որ ԵԱՏՄ-ի տարածքում նա ունենում էր արժեքավոր գործընկեր, Ղազախստանի և Ղրղզստանի հետ միասին: Վերջին երկուսը թրքալեզու պետությունների միության անդամներ էին և սերտ կապերի մեջ էին Անկարայի հետ: Բելառուսին որպես գործնկեր ստանալով՝ Անկարան ԵԱՏՄ-ի ներսում կունենար Մոսկվայի հետ փաստացի հավասար իրավունք ու ազդեցություն:

Իսկ որպեսզի Թուրքիայի և Բելառուսի կապերն ավելի խորացվեին, անհրաժեշտ էր, որ այդ գաղտնի միությանը միանար նաև Ուկրաինան: Վերջինս պետք է կատարեր Թուրքիայի և Բելառուսի միջև կապող օղակի դեր: Իսկ որպեսզի այդ կապը ստանար նաև ամուր հիմք, Թուրքիան որոշել էր Դնեպր գետի ափին՝ բելառուսական Նիժնի Ժառի գյուղաքաքի մոտ, Բելառուսի համար կառուցել խոշոր նավահանգիստ: Ըստ նախագծի, այդ նավահանգստի կառուցումից հետո Բելառուսը կազատվեր լիտվական Կլայպեդայի նավահանգստի կախվածությունից, որն այդ երկրի համար կատարում է այն դերը, ինչ Հայաստանի համար կատարում են վրացական Բաթումն ու Փոթին:

Այդ ծրագրերի կյանքի կոչումից հետո բելառուսական ապրանքափոխանակման գերակշիռ մասը պիտի կատարվեր հենց Դնեպր գետի միջոցով՝ կապելով այն Բելառուսին Սև ծովի հետ՝ ուկրաինական տարածքով:

Այս տնտեսական հիմքը կառուցելուց հետո Լուկաշենկոն հույս ուներ թուլացնել իր կախվածությունը և՛ Լեհաստանից ու Լիտվայից, և՛ Մոսկվայից: Ահա թե ինչու, Լուկաշենկոյի ընտրվելուց հետո նրան առաջիններից շնորհավորեցին Թուրքիան և Ադրբեջանը: Իսկ Ուկրաինան ավելի զգուշավոր էր քննադատում Լուկաշենկոյին և Կիևի արձագանքն էապես տարբերվում էր Վարշավայի ու Վիլնյուսի արձագանքից:

Ավելին, այս ծրագրերն այնքան էին մոտ կյանքի կոչվելուն, որ ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ Լուկաշենկոն համաձայնեց հարցազրույց տալ ուկրաինացի հեռուստալրագրող Գորդոնին, ով չէր էլ թաքցնում, որ սերտորեն համագործակցում է իր երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ: Իսկ Բելառուսում 33 ռուս «վարձկանների» ձերբակալման մեջ խառն էր ուկրաինական հատուկ ծառայությունների «մատը»:

Ավելին, արդեն հայտնի է դարձել, որ Լուկաշենկոն բելառուսական վարձկանների բանակ էր ստեղծել, որոնք այսօր մարտերի են մասնակցում Սիրայում և Լիբիայում՝ թուրքական և թուրքամետ զինված խմբավորումների կազմում:

Այս փաստը շոկի մեջ է գցել նույնիսկ ռուսներին, որոնք այս օրերին աջակցում են Լուկաշենկոյին:

Վերջաբան

Լուկաշենկոյի բոլոր այս ծրագրերը խափանեց Բելառուսի ժողովուրդը, որն այսօր իր գերակշիռ մասով դուրս է եկել նրա դեմ: Այսպիսի սցենարին պատրաստ չէր ոչ միայն Լուկաշենկոն, այլև Թուրքիան, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ռուսաստանը և նույնիսկ լեհերն ու լիտվացիները, որոնք այսօր կոորդինացնում են բելառուսական բողոքավորների վերնախավի արևմտամետ հատվածը:

Փաստացի բելառուսցիներն իրենց այսօրվա պահվածքով խափանեցին բոլոր արտաքին խաղացողների ծրագրերը:

Լուկաշենկոն զգալով, որ դարձել է քաղաքական «կաղ բադ»՝ փորձում է հայտնվել Մոսկվայի գրկում: Սակայն արդյոք պե՞տք է Մոսկվային նման «պարտված» և իր ժողովրդի կողմից մերժված գործիչը: Սա այն հարցադրումն է, որ կատարում են ռուսական վերնախավի բոլոր ողջամիտ շրջանակները:

Եթե ռուսները շարունակեն աջակցել այս բանկրոտ գործչին, ապա կարճ ժամանակահատվածում կարող են կորցնել բելառուսցիների հարգանքը, որից հետո Արևմուտքին հեշտ կլինի դուրս բերել այդ երկիրը Ռուսաստանի ազդեցության գոտուց:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Հ.Գ․ Լուկաշենկոն միշտ փորձել է տնտեսական պրեֆերենցիաներ ստանալ իր քաղաքական առևտրի միջոցով: Ռուսաստանի հետ իր 20 տարվա հարաբերությունների պատմությունը ցույց է տվել, որ նա «հաջող» քաղաքական առևտրական է եղել:

Թուրքիայի հետ հարաբերություններում նա նույնպես առանց քաղաքական առևտրի տնտեսական պրեֆերենցիաներ չեր կարող ստանալ: Իսկ թե ինչպիսին կարող էին լինել դրանք, այսօր մեզ հայտնի չեն: Եթե մարդը կարող էր իր զինված ուժերը ուղարկել Սիրիա Թուրքիային աջակցելու համար, ապա կարող ենք ենթադրել, թե ինչ «աջակցություն» կարող էր տալ բելառուսցի Զասը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, որի նշանակումը, ի դեպ, մեծ ոգևորությամբ էր ընդունվել Թուրքիայի գլխավոր շտաբի կողմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ