13 08 2020

Հավաքների ազատությունը պայմանական է տրված․ Արծվիկ Մինասյան․ Tert.am

Հավաքների ազատությունը պայմանական է տրված․ Արծվիկ Մինասյան․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Երբ մարտին առաջին անգամ արտակարգ դրություն սահմանվեց Հայաստանում, շատ  կարճ ժամանակ անց Դաշնակցության գերագույն մարմինը առաջարկեց, որ սահմանափակումները, որոնք բխում են հանրային առողջության պահպանումից, ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակների վերաբերյալ օրենսդրության շրջանակներում կարգավորվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով 5-րդ անգամ արտակարգ դրությունը երկարացնելու որոշմանը:

Նրա համոզմամբ՝ դրա համար անհրաժեշտ էին ընդամենը  օրենսդրական փոփոխություններ, որտեղ սակայն, պետք է հստակ սահմանվեն չափորոշիչներ, գործողություններ և այդ գործողությունների արդյունավետության գնահատում:

«Բայց մենք տեսանք, որ իշխանությունը գնաց այլ ճանապարհով՝ պատրվակ բերելով կորոնավիրուսի համավարակի տարածման ցուցանիշները, ամեն անգամ գնաց երկարացման ճանապարհով՝ հիմնականում խնդիր դնելով սահմանափակել քաղաքացիների քաղաքական և հանրային մի շարք իրավունքներ՝ հաճախ նաև անտրամաբանական սահմանափակումների ենթարկելով, ինչը դժգոհությունների հսկայական առիթ դարձավ»,- նշեց նա:

 

Մինասյանի խոսքով՝ իշխանությունը դաս չքաղեց այս ամենից: «Թեև անցյալ ամիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հրապարակավ խոստացավ, որ լինելու է օրենսդրական փոփոխություն և այլևս արտակարգ դրության մասին չենք խոսի, բայց մենք տեսանք, որ հերթական անգամ երկարացվում է. սա նշանակում է երկու բան՝ առաջինը պատրաստ չեն և չեն պատկերացնում՝ ինչպես պետք է իրականացնեն այդ փոփոխությունները, քանի որ սահմանափակումները ոչ միայն համավարակի դեմ պայքարի համար են, այլ նաև նպատակ ունեն քաղաքական որոշակի շահախնդրություն՝ սահմանափակել անձանց քաղաքական իրավունքների իրացումը՝ հավաքների, բողոքի իրավունքը և այլն»,- ասաց նա:

Երկրորդ հիմնական պատճառը, ըստ նրա, այն է, որ այդպես էլ խորությամբ չեն տիրապետել, թե ի վերջո ինչ է պետք իրականացնել. «Որովհետև, երբ նայում ենք կանխարգելիչ միջոցառումներին, արդեն 5-րդ անգամ երկարացվող ժամկետների շրջանակում, թե՛ տնտեսության, թե՛ քաղաքացիների կյանքի որակի, թե՛ առողջապահական համակարգում, պետք է արձանագրել, որ շարունակվում է անարդյունավետ միջոցառումների մի շղթա: Սա վկայում է այն մասին, որ մարդիկ պարզապես չեն պատկերացնում, չունեն ճգնաժամային պայմաններում կառավարման անհրաժեշտ հմտություններ և անտեսում են նաև փորձառուների առաջարկները: Սա, բնականաբար, հանգեցնում է նրան, որ ամենահեշտ տարբերակն են ընտրել՝ երկարացնել արտակարգ դրությունը և շարունակել իրենց ձեռքում պահել հսկայական իրավունքներ՝ առաց պատասխանատվություն կրելու»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ այս անգամ հավաքների անցկացման սահմանափակումները, մի շարք այլ սահմանափակումներ էլ հանվեցին, և հարցին՝ այս դեպքո՞ւմ էլ կարելի է  պնդել, որ ինչ-որ լծակներ են ցանկանում իրենց ձեռքում պահել, Մինասյանը պատասխանեց. «Չէ, նախորդ անգամ, երբ երկարացվում էր, այս առաջարկի հեղինակները մենք էինք՝ երեք քաղաքական ուժերով և այդ առաջարկը ԲՀԿ-ն ներկայացրեց խորհրդարանում:

Հենց այս հիմնավորումը բերվում էր մեկ ամիս առաջ, որ հնարավոր է հավաքների ազատությունը թույլատրել՝ սահմանելով համաճարակային կանոնների պահպանումը, ինչո՞ւ իրենք չգնացին այն ժամանակ և հիմա են փորձում անել:

Ընդ որում, լսելով վարչապետին, հասկանում ենք՝ սա էլ պայմանական ազատություն է և ցանկացած պահի, իրավիճակից ելնելով, կարող են նաև սահմանափակել այս իրավունքը: Այսինքն՝ այնպես չէ, որ տրված է այս իրավունքը, կամ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն անխոչընդոտ վիճակում է: Ոչ, ցանկացած պահի, իշխանությունը, երբ զգաց, որ կարող է իրենց դեմ որոշակի քննադատությունը կամ բողոքի ակցիան վերածվի ավելի զանգվածային գործողության, կարող է շատ հեշտությամբ սահմանափակել այս իրավունքը՝ պահելով լծակն իր ձեռքում»:

Նա շեշտեց՝ սա ընդունելի մոտեցում չէ: Նրա խոսքով՝ այս մեթոդը, եթե նրանք ի սկզբանե կիրառեին և ունենային որոշակի փորձառություն, ինչ-որ ձևով ընկալելի կլիներ, բայց 5-րդ անգամ երկարացնել ու դրա շրջանակներում ընդամենը որոշակի թուլացում ապահովելը, վկայում է այն մասին, որ իրենք շարունակում են դա դիտարկել որպես ճնշման գործիք: «Թող այդպես շատ վստահ չլինեն բողոքի պատրաստ մարդիկ, որ հենց հիմա տրվել է իրավունք և իրենք կարող են զանգվածային բողոքներ անցկացնել, ոչ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ այս անգամ էլ թե՛ վարչապետը, թե՛ պարետը հայտարարեցին, որ վերջին անգամ է արտակարգ դրությունը երկարաձգվում և օրենսդրական փաթեթները օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին ԱԺ քննարկմանը կներկայացվի, որքանո՞վ է հավանական, որ այս անգամ էլ այդ փաթեթները չմշակվեն, քանի որ նույն խոստումը նախորդ անգամ էլ արտակարգ դրությունը երկարացնելիս տրվեց, Մինասյանն արձագանքեց, որ իրականությունն այն է, որ իրենք պատրաստ չեն արդյունավետ քննակում անցկացնելու:

«Պարզ է՝ ունենալով սահմանադրական անհրաժեշտ մեծամասնությունը, իրենք ցանկացած օրինագիծ անցկացնելու են, հարցն այն է, որ այդ օրինագծերը, որ բերվելու են, պետք է համապատասխանեն Սահմանադրության պահանջներին: Եթե իրենք անեին շատ ավելի վաղ և դա առաջացներ, օրինակ, Սահմանադրական դատարանում բողոքի ներկայացմամբ, ամենայն հավանակությամբ, հենց այդ փոփոխությունները կարող էին ճանաչվել հակասահմանադրական, ինչպես որ ներկայումս էլ գործող մի շարք սահմանափակումներ, մեր գնահատմամբ, հակաօրինական են»,- ասաց նա և բերեց երկու օրինակ, թե որոնք են այն սահմանափակումները, որոնք, իրենց գնահատմամբ, հակաօրինական են:

«Առաջինը հայտնի դիմակ կրելու, կամ դիմակը սահմանված կարգով չկրելու համար վարչական պատասխանատվության միջոցներն են՝ տուգանքները, ֆիզիկական ուժի գործադրումը՝ այդ թվում նաև ասֆալտին պառկեցնելը, բերման ենթարկելը և այլն:

Դրանք անօրինական գործողություններ են, որովհետև թե՛ դիմակ կրելու կանոնը, թե՛ դրա «պահանջները խախտելը» իրավունքի հետ կապ չունեն: Դիմակ կրելը մարդու ազատ գործելու իրավունքի սահմանափակում է: Այս իրավունքը երաշխավորված է Սահմանադրության այն հոդվածով, որը ո՛չ օրենքով, ո՛չ էլ կառավարության որոշմամբ սահմանափակման ենթակա չէ:

Իրենք այս մեղմացման շրջանակներում փորձում են դիմակ բառն օգտագործել կառավարության որոշման մեջ, բայց հարցն այն է, որ պարետի 63 որոշմամբ նախատեսված իրազեկման թերթիկը, որը հակահամաճարակային կանոնին ուղղված խորհրդատվական բնույթի ուղեցույց է, իրենք վերածել են նորմատիվ ակտի»,- նշեց նա և հավելեց, որ դա ինքնին անօրինական է, և չի կարող իրազեկման թերթիկը դառնալ նորմատիվ պահանջ և չի կարող անձը ենթարկվել վարչական պատասխանատվության, այդ իրազեկման թերթիկում խորհրդատվական բնույթի ուղեցույցը խախտելու համար:

Նա նաև նշեց, որ խնդիր կա այնտեղ, որ այդ իրազեկման թերթիկում ամրագրված է նաև սոցիալական հեռավորություն պահելու և ախտահանիչ նյութերից օգտվելու ուղեցույցներ: Մինասյանն ընդգծեց, որ վարչական իրավախախտումների օրենսգրքով սահմանված է, որ այդ օրինակ 10 հազար դրամ տուգանքի կարող են ենթարկվել այն մարդիկ, որոնք խախտել են այդ բոլոր կանոնները միասին և ոչ միայն դիմակ կրելու պահանջը:

Բացի այդ, նա նկատեց, որ իրազեկման թերթիկում դիմակ կրելու կանոններն այնպես են նկարագրված, որ 1 մմ շեղումը, նաև ոչ բժշկական դիմակ կրողները պետք է ենթարկվեն պատասխանատվության, ինչը նշանակում է, որ անխտիր բոլոր քաղաքացիները պետք է ենթարկվեն:

«Կա խտրական և ոստիկանության կողմից ինչ-որ մի սեփական մեկնաբանություններով շարժվելու վարքագիծ, որը վարչարարության օրենսդրությամբ նույնպես արգելված է: Խոսքը չի գնում նրա մասին՝ արդյոք դիմակն անհրաժեշտ է, թե՝ չէ, դիմակն անհրաժեշտ է նախ և առաջ այն միջավայրում, որտեղ վիրուսի փոխանցման հավանականությունը մեծ է և այդ հավանականությունը պետք է գնահատի անձը, ով իր աողջությունն է  ռիսկի ենթարկում և դիմակը պետք է պարտադիր լինի հանրային գործողությունների ժամանակ, ինչպիսին հանրային տրանսպորտն է:

Այնքան սահմանափակ են այդ դեպքերը, որ պետք է ամրագրվեին, ընդ որում՝ պետք է ամրագրվեին ոչ թե պարետի որոշումով, որը իրավասու չէ նման սահմանափակումներ որոշել, այլ առնվազն կառավարության որոշումով, որը Սահմանդրությամբ օժտված միակ լեգիտիմ մարմինն է՝ սահմանելու ԱԴ-ի ժամանակ անհրաժեշտ կանոնները»,- ընդգծեց նա:

Երկորդ հակաօրինական քայլը, որը ակնհայտ խախտում է, ըստ Մինասյանի, տնտեսական գործունեության սահմանափակումներն են ըստ ոլորտների և դրա հիմքում դրված տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչները, որևէ իրավական ակտով պարետին վերապահված չէ իրավասություն օգտագործելու տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը՝ որպես նորմատիվ բնույթի ակտ:

«Որևէ ո՛չ օրենք, ո՛չ կառավարության որոշում չկա դրա վերաբերյալ, բայց այսօր տեսնում ենք, որ ակտիվորեն ոչ միայն օգտագործվում են դասակարգիչները, այլ նաև կիրառվում են տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ անհատական սահմանափակիչ գործողություններ: Սա նույնպես ապօրինի է:

Ցավոք, ներկա իշխանությունները այս ապօրինությունները դեռևս խորությամբ չեն ընկալել, որովհետև սրան հետևելու է պատասխանատվությունը: Ի վերջո արտակարգ դրության իրավական ռեժիմի օրենքի համաձայն, եթե անձանց իրավունքները խախտվել են արտակարգ դրությամբ ներառված միջոցառումների արդյուքում, նրանք իրավուք ունեն արտակարգ դրությունը ավարտվելուց հետո մեկ ամսվա ընթացքում ներկայացնելու համապատասխան դիմումներ՝ փոխհատուցելու պահանջով:

Որևէ պետական մարմնից պատասխանատու և պաշտոնատար անձից առայսօր ես չեմ լսել արդյոք հաշվարկված է այս ռիսկը և ինչ ծավալի բեռ է լինելու պետական բյուջեի վրա»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը՝ դիմակների կրման հետ կապված որոշակի նկատառումներ արեց նա, սակայն վարչապետն, օրինակ, նշում է, որ տուգանքի միջոցով հասել են նրան, որ մարդիկ սկսել են դիմակներ կրել, ինչի արդյունքում ունենք թվերի նվազում, բացի այդ վարչապետ հայտարարել է՝ կորոնավիրուսի մահերի զրոյի հասնելու դեպքում «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» կարգախոսը իրենք փոխարինելու են՝ «կրիր դիմակ, մի վարակվիր» կարգախոսով, Արծվիկ Մինասյանն ասաց՝ եթե նման հայտարարություն է արել, դա նշանակում է վարչապետին պատշաճ չեն ներկայացրել իրավական բոլոր բացերը և ռիսկերը, իսկ, եթե ներկայացրել են ու ինքն իրեն թույլ է տալիս նման հայտարարություն, ապա ակնհայտ ապօրինություն է քարոզում երկրի վարչապետը:

«Մենք առաջիկայում ամենայն հավանակությամբ կներկայացնենք հայց, հատկապես սահմանակումների, ներառյալ դիմակներ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու արդյունքում վարչական պատասխանտվության ենթարկված անձանց պաշտպանության մասով: Այսինքն՝ դատական քննության կենթարկվեն այն պահանջները, որոնք այսօր ամրագրված են պարետի որոշմամբ կամ հայտարարվում են վարչապետի կամ այլ պաշտոնատար անձի մակարդակով: Իմ մասնագիտական գնահատականն այն է, որ վարչապետի այդ հայտարարությունը ակնհայտորեն ապօրինի վարքագծի հայտարարություն է»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ