Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հետախուզում է հայտարարել Կիևի շրջանային վարչական դատարանի դատավորների նկատմամբ, որոնք մեղադրվում են պետական իշխանության յուրացման փորձի մեջ։ Հետախուզման մեջ է յոթ դատավոր, այդ թվում՝ Կիևի շրջանային վարչական դատարանի նախագահը։ Ըստ նախաքննության տվյալների խմբի՝ նպատակն է եղել իշխանության յուրացումը ՝ Ուկրաինայի դատավորների որակավորման հանձնաժողովը, արդարադատության բարձրագույն խորհուրդը ազդեցություն տակ վերցնելու և նրանց աշխատանքների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու միջոցով։
Ըստ նախաքննության մարմինների հաղորդագրության՝ խմբի անդամներն ընդունում էին «պատվիրված» որոշումներ, որոնք բխում էին քաղաքական էլիտայի և բիզնես շրջանակների շահերից։ Դատարանը կայացնում էր որոշումներ Ուկրաինայի պետական պաշտոնյաների նկատմամբ՝ ելնելով քաղաքական որոշակի շահերից։
Այս գործով անցնում է նաև Ուկրաինայինախկին նախագահ Պ. Պորոշենկոն՝ Կիևի շրջանային վարչական դատարանի աշխատանքին միջամտելու, ինչպես նաև՝Բարձրագույն Արդարադատության խորհրդի անդամների նշանակման հետ կապված։
Սրանք պարզագույն օրինակներ են, որոնք ոչ հեռավոր ապագայում սպառնում են նաև մեր իշխանություններին և առանձին դատավորների։ Մենք մտնելու ենք իրավական լուրջ գործընթացների փուլ։ Դա լինելու են բարդ, բարոյապես ծանր, բայց հստակ պատասխաններ ու հետևանքներ ակնկալող փուլ։
Այդ ժամանակ իշխանությունների լեգիտիմության մասին հայտարարությունները, կամ դատավորների՝ իրենց նկատմամբ ճնշումների կամ ազդեցության այլ եղանակների մասին արդարացումները չեն փրկելու, ինչպես չեն փրկում Ուկրաինայի նախկին լեգիտիմ իշխանություններին։ Քաղաքական նպատակով դատավարություններին, կալանքների մասին որոշումներին և քաղաքական ենթատեքստով իրավական գործընթացներին հաջորդ իշխանությունները պետք է գնահատական տան։
Ակնհայտ է, որ Հայաստանում հաջորդ իշխանությունը, ով էլ լինի, ինչպիսին էլ լինի, բացելու է սխեման՝ թե դատական իշխանության նկատմամբ ճնշման ի՞նչ մեխանիզմներ ու սպառնալիքների ի՞նչ համակարգ է գործի դրվել: Ժամանակի ընթացքում ճնշման յուրաքանչյուր դեպք քրեական գործի հիմք է հանդիսանալու: Սակայն քրեական պատասխանատվության ենթարկվելու են ոչ միայն ճնշում գործադրողները, այլ նաև նրանք, ովքեր լուռ համաձայնությամբ դարձել այդ շղթայի մի մասնիկը։ Սա պետք է գիտակցեն քաղաքական իշխանության կողմից անխնա շահագործվող դատավորները և իրավապահները։
Սա պետք է հասկանա Աննա Դանիբեկյանը, որի համար շատ ավելի կարևոր են վերևից իջեցվող հրահանգները, քան՝ ՍԴ որոշումը և մարդու իրավունքները։ Սա պետք է գիտակցի Արմեն Դանիելյանը, որին զարմանալի պատահականությամբ մակագրվում են բոլոր այն գործերը, որոնցով իշխանություններն ունեն կոնկրետ ակնկալիքներ, և որոնցից նա երբևէ չի շեղվում։ Սա պետք է գիտակցեն բոլոր այն դատավորները, որոնց անունները շրջանառվում են որպես իշխանությունների ցուցումները անվերապահորեն կատարողներ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան, Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան, Ավանում՝ Վահե Միսակյան, վերաքննիչ դատարանում՝ Արմեն Դանիելյան, Մհեր Արղամանյան, Տիգրան Սահակյան, Արմեն Բեքթաշյան, Լուսինե Աբգարյան։
Ամենայն հավանականությամբ՝ ազդեցությունների նույն սխեման լիարժեք գործելու է կոռուպցիայի և ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման հարցերով հատուկ ստեղծվող հակակոռուպցիոն դատարանի պարագայում։ Նախագծի հիմնավորումներն արդեն իսկ այդ կառույցի ստեղծման նպատակների առումով լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։ Ստեղծվում է մի հավելյալ կառույց, որն ակհայտորեն որևէ ազդեցություն չի կարող ունենալ կոռուպցիայի կանխարգելման կամ կրճատման վրա, սակայն անվերապահորեն կկատարի իշխանության ցուցումները կոռուպցիոն գործերով, ինչպես նաև՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին վիճահարույց օրենքով նախատեսված գործերով։ Քաղաքական ճնշումների տակ կայացվելու են որոշումներ, որոնք մշտապես ուղեկցվելու են անվստահության կնիքով։ Իսկ դա նշանակում է, որ առաջին իսկ փոփոխության դեպքում այդ վճիռները զանգվածաբար բողոքարկվելու են։ Եվս մի իրավական գործընթաց, որ այսօր ընթանում է Ուկրաինայում, իսկ վաղը դառնալու է մեր առօրյայի բաղկացուցիչը։
Սա էական է այսօրվա և վաղվա Հայաստանի համար։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը