12 08 2020

Հայ «հեղափոխականների» «ռեֆորմների» փիլիսոփայական ակունքները․ Politeconomy.org

Հայ «հեղափոխականների» «ռեֆորմների» փիլիսոփայական ակունքները․ Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Այն, ինչ այսօր կատարվում է Միացյալ Նահանգներում, շատերի համար անհասկանալի է: Երբ Ամերիկայի քաղաքապետերն ու ոստիկանները ծնկի են գալիս ըստ էության ռեցեդիվիստ խեղճ Ֆլոյդի աճյունի առջև, երբ սևերի իրավունքների համար շարժումներում ավելի շատ սպիտակներ են մասնակցում, քան սևեր, այդ թվում ֆեմինիստներ ու ԼԳՏԲ շարժման ակտիվիստներ, մարդիկ սկսում են չհասկանալ, թե ինչ է կատարվում, առավել ևս, որ պետական իսթեբլիշմենթի մի զգալի հատվածն այդ ամենին աջակցում է:

Ի՞նչ է այդ ամենը նշանակում և ո՞ւր է գնում Միացյալ Նահանգները, ավելին, ո՞ւր է գնում Արևմտյան քաղաքակրթությունը: Հենց այնպես նման շարժումներ չեն լինում, որին մասնակցեն հոծ բազմություններ: Այստեղ պետք է լինի փիլիսոփայական ու աշխարհայացքային ինչ-որ պրոյեկտ, ինչ-որ պատկերացումներ:

Արևմտյան մշակույթը միշտ հիմնավորվել է և զարգացման ամեն մի փուլ ունեցել է իր փիլիսոփայական, տնտեսագիտական դպրոցները, որոնք փորձել են իմաստավորել ընթացող պրոցեսները։ Ավելին, շատ դեպքերում հենց իրենք էին նման պրոցեսներ նախաձեռնում՝ «հնարում»: Սա ակնհայտորեն «զարգացման» մի նոր փուլ է, որն ունի հեղինակներ ու համալսարանական շրջանակների ինտելեկտուալ աջակցություն։ Փորձենք այս ամենից գլուխ հանել կամ, ավելի ճիշտ, սկսել մի խոսակցություն, որը պետք է իր շարունակությունն ունենա հանրային քննարկումների տեսքով։ Մեր նպատակն է հասկանալ հայ «հեղափոխականների» կրթական ու քաղաքակրթական «ռեֆորմների» փիլիսոփայական ակունքները։

Առանց այս ամենը հասկանալու՝ հնարավոր չի լինի հասկանալ այսօրվա հայ «հեղափոխականների» մի զգալի հատվածի տրամաբանությունն իրենց կրթական «ռեֆորմներին», օրենսդրական քաղաքականությանը։

Նեոմարքսիզմ. Ֆրանկֆուրտյան դպրոց

Մեզանից շատերը համոզված են, որ մարքսիզմն ու կոմունիզմը Սովետական Միության փլուզումից հետո պարտված են և կապիտալիզմը վերջնականապես հաղթել է մարքսիզմին։ Նման կերպ ժամանակին շատերն էին մտածում, սակայն այն, ինչ այսօր կատարվում է ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում, եթե խորանանք իրերի դրության մեջ, իրականում հակառակն է ցույց տալիս։ Մարքսիզմը, իր հետագա փիլիսոփայական ու տնտեսագիտական տարատեսական ճյուղավորումներով կարծես թե հաղթում է նախկին «կապիտալիստական ճամբարի» երկրներում ու որքան էլ զավեշտալի չի լինի, հանդիպում է դիմադրության նախկին «կոմունիստական ճամբարի» երկրներում։ Սակայն Արևմուտքում նեոմարքսիզմը սերտաճելով սեքսուլ հեղափոխությանը՝ ֆեմինիզմի, ԼԳՏԲ շարժումների տեսքով, ինչպես նաև սևերի իրավունքների համար շարժումների հետ, հետաքրքիր դրսևորումներ է ստացել։

«Ֆրանկֆուրտյան դպրոցը» պայմանական անվանում է, որը միավորում է համաշխարհային հռչակ ստացած նեոմարքսիստ փիլիսոփաների, հոգեբանների ու սոցիոլոգների՝ Թեոդոր Ադորնո, Մաքս Հորկխմայմեր, Հերբերտ Մարկուզե, Էրիխ Ֆրոմ, Վալտեր Բենյամին, Լեո Լևենտալ, Ֆրանց Նեյման, Ֆրիդրիխ Փոլակ, Յուրգեն Հաբերմաս և այլոք։ Իրենք հռչակավոր անուններ են, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից փիլիսոփայական ու քաղաքական միտքը։ Այդ մարդիկ այս կամ այն ժամանակ կապված են եղել Մայնի Ֆրանկֆուրտի Սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հետ։ Հետագայում նրանց զգալի մասը տեղափոխվել է ԱՄՆ ու այնտեղ շարունակել գործունեությունը։

Նրանք շատ ինքնատիպ գիտնականներ էին, սակայն նրանց միավորում էր այն համոզմունքը, որ բուրժուական դասակարգային հասարակությունը վերածվել է տոտալիտար համակարգի, որտեղ բանվոր դասակարգը կորպորացվել է կապիտալիստական համակարգին, բանվորները վերածվել են սպառողների։ Այդ համակարգում մարդկանց հիմարացնում են ինֆորմացիոն դաշտի միջոցով, ապահովում են ապրելու համար անհրաժեշտ նվազագույնով և հեղափոխական շարժման հիմքը դառնում են ինտելեկտուալներն ու կյանքից դուրս մնացածները։

Պարզ է, որ ինտելեկտուալ շրջանակները կենտրոնանում են համալսարաններում, և պատահական չէ, որ ԱՄՆ և Եվրոպայի համալսարանական շրջանակներում շատ են ձախ հայացքներ ունեցողները։ Շարժման «զինվորներն» են «կյանքից մերժվածները»՝ ԼԳՏԲ անձինք, միգրանտները, սևերը, ճնշված կանայք և այլն։ Հիշենք այս ցուցակը, դա մեզ պետք է գալու հոդվածի հաջորդ մասում։

Ֆրանկֆուրտյան դպրոցի գիտնականների ազդեցությունն ահռելի է ժամանակակից ինտելեկտուալ և քաղաքական շրջանակների համար։ Ինչի է պետք հեղափոխությունը «ճնշվածների» ու համոզմունքով մարքսիստների համար, հասկանալի է, սակայն ինչի՞ են պետք այդ շարժումները «ճնշողների»՝ կապիտալիստական աշխարհի առաջատար դեմքերի համար, արդեն ավելի բարդ է հասկանալ։ Կփորձենք դա էլ հասկանալ։

Մարքսի տեսությունը պայմանականորեն բաժանենք երկու հատվածի՝ կապիտալիզմի ուսումնասիրություն և հեղափոխությունների հնարավոր տարբերակները։ Երկրորդ մասը, հեղափոխության տեսությունը ու բովանդակությունը պարբերաբար ռևիզիայի է ենթարկվում։ Ժամանակակից նեոմարքսիստները «ձեռք են քաշել» բանվոր դասակարգից և նոր ճնշվածներ են որոնում, այդ թվում նաև հոգեվերլուծության միջոցով՝ մարքսիզմը միավորելով ֆրեյդիզմի հետ։

Հաջորդ հատվածում կքննարկենք սեքսուալ հեղափոխության՝ «մարմնի ազատագրման» նշանակությունը նեոմարքսիստական հեղափախական տեսությունների համար, որը թևածում է ժամանակակից աշխարհում, նաև՝ Հայաստանում։

Շարունակելի․․․

Ստեփան Դանիելյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ