Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ: Այդ մասին ասվում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում:
«Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը առիթը բաց չի թողնում արժևորելու Օսմանյան ժառանգությունը՝ այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում նույն Օսմանյան կայսրության կողմից մի շարք պետությունների` այդ թվում Հայաստանի Հանրապետության հետ կնքված Սևրի պայմանագրի հիշատակումից:
Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել:
Թուրքիան, խուսափելով առերեսվել իր անցյալի հետ և ուրիշներին կոչ անելով ‹‹պատմությունից թշնամանքի փոխարեն դասեր քաղել››, շարունակում է Հայոց ցեղասպանությունն արդարացնելու և հայ ժողովրդին նոր ոճրագործություններով սպառնալու ավանդական քաղաքականությունը:
Թուրքիայի կողմից մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը, Հայաստանի հանդեպ որդեգրած ռազմատենչ կեցվածքը հարևան տարածաշրջաններն ապակայունացնելու Թուրքիայի ներկա կառավարության ծավալապաշտական քաղաքականության մասն են կազմում:
Միայն այդ քաղաքականության վերանայումը և Թուրքիայի կողմից անցյալի հետ առերեսվելու կարողությունը ճանապարհ կհարթեն մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև իրական հաշտության համար»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը