«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սևրի պայմանագրի ստորագրումից անցել է 100 տարի։ Այդ փաստաթղթի մասին մեզանում հիմնականում հուզական գնահատականներ են հնչում (հատուկենտ ողջամիտ տեսակետները գրեթե չեն նկատվում հուզառատ ծովում)։ Հուզականության մեջ ոմանք մեր ողբերգության համար մեղադրում են Անտանտի երկրներին, իսկ մյուսները՝ բոլշևիկներին։ Լավագույն գնահատականը, սակայն, արդյունքն է։
Ա. Սևրի պայմանագրին հաջորդեց Ալեքսանդրապոլի խայտառակագույն ու կապիտուլյացիոն պայմանագիրը։
Բ. Սևրի պայմանագիրը ստորագրվեց 1920 թվականի օգոստոսի 10–ին, որից ամիսներ անց Հայաստանի Հանրապետությունը դադարեցրեց իր գոյությունը։
Սրանք են «չոր» արդյունքները, որոնք առանց թաց աչքերի հնարավոր չէ արձանագրել։
Մեզ համար որպես դաս անհրաժեշտ է կարդալ Սևրի պայմանագրի տողատակերը և հասկանալ ենթատեքստը, այլապես կմնանք տեքստի արբեցուցիչ ազդեցության տակ ու ոչ մի ճիշտ հետևություն չենք անի։
Եվ այսպես, ի՞նչ կա չգրված Սևրի պայմանագրում՝
1. միջազգային հարաբերություններում կարևորը ոչ թե պայմանագրերն են, այլ ուժերի հաշվեկշիռը,
2. քո երկրի սահմանները սկսում և ավարտվում են այնտեղ, որտեղ կանգնած են քո զինվորները, և որոնք դու կարող ես ինքնուրույն պաշտպանել՝ ձգտելով ունենալ նաև փոխադարձ շահի վրա հիմնված դաշնակցային հարաբերություններ այլ երկրների հետ,
3. միջազգային դայակներին ապավինելով և թղթերի վրա գրածով ուրախանալով քաղաքական պատրանքների մեջ ընկնելը մահացու հետևանքների կարող է հանգեցնել,
4. պետության կորստի ու վատ կյանքի համար պետք է մեղավորներ փնտրել ներսում, այլ ոչ թե անիծել սև բախտը և չտեսնել սեփական հիմարության արդյունքները,
5. աշխարհաքաղաքական գործընթացներում խոշորների ձեռքի խաղալիք դառնալով և արտաքին կողմնորոշումների քաղաքականություն վարելով՝ ոտատակ ես ընկնում և ի վերջո տաշեղի պես դեն նետվում,
6. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի» բանաձևը քարոզողները Սևրի պայմանագրից սխալ հետևություն են արել, վտանգ են ներկայացնում ՀՀ–ի համար ու ոչ մի բան չեն հասկանում միջազգային հարաբերություններից,
7. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» կարգախոսը և Սևրի պայմանագրի տեքստը հաճելի են ականջի ու նույնքան վտանգավոր պետության համար։
Հիմա 1920 թվի պատմությունը կրկնվելու հավանականությունը մեծացել է։ Ապաշնորհ կառավարումն ու ամբոխավարությունը խժռում են Հայաստանը և Արցախը։
Հուսահատ փորձեր են արվում վերականգնելու համար հայ–ռուսական հարաբերությունները, սակայն մինչև «դասակարգային» հակասությունները պաշտոնական Երևանի ու Մոսկվայի միջև չվերանան, մինչև Հայաստանի ներսում թույնի ու ատելության մթնոլորտը չփոխվի, մինչև կառավարող նոր էլիտա չունենանք, դատապարտված ենք լինելու Սևրի հետևանքները վերապրել, ինչը ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը