Golosarmenii.am-ը արտատպել է քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի հարցազրույցը Նորությունների դաշնային գործակալության (ՖԱՆ)
«Թուրքիայի և Ադրբեջանի լայնածավալ զորավարժությունները Հայաստանի և չճանաչված Արցախի Հանրապետության (ԼՂԻՄ, նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ Ադրբեջանական ԽՍՀ կազմում) պարագծով՝ հրետանու և ավիացիայի մարտական կրակոցների կիրառմամբ, առնվազն մտավախություն են առաջացնում հուլիսի 12-ից ի վեր հայ-ադրբեջանական սահմանին մարմրող նոր ռազմական բախման ահագնացման վերաբերյալ: Անկարայի և Բաքվի զորավարժությունների նպատակների մասին, որոնք սկսվել են հուլիսի 29-ին և պետք է ավարտվեն օգոստոսի 10-ին, ինչպես նաև վերջին տարիներին ռուս-հայկական հարաբերություններում առաջացած սառնության պատճառների առնչությամբ Նորությունների դաշնային գործակալության (ՖԱՆ) թղթակիցը զրուցել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ Ազգային ժողովի չորս գումարումների պատգամավոր, քաղաքական գիտությունների թեկնածու Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
Արգելապատնեշ պանթուրքիզմի ճանապարհին
Այդ կարգի զորավարժություններ տեղի են ունենում բնավ ոչ առաջին անգամ, իսկ ներկայիս, առանձնակի մասշտաբային վարժանքները կոչված են ցույց տալու Թուրքիայի և Ադրբեջանի ուժը: Դրանք վկայում են այն մասին, որ Անկարայում ամենևին էլ չեն հրաժարվել իրենց վաղեմի նպատակից. զավթել Հայաստանն ու նրա տեղում հիմնել թուրքալեզու պետություն, նշում է ՖԱՆ-ի զրուցակիցը։
«ԴԱՐԵՐ Ի ՎԵՐ ԹՈՒՐՔԻԱՆ ԸՆԿԱԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ քրիստոնեական արգելապատնեշ՝ համաթուրքական համաշխարհային պետություն ստեղծելու ճանապարհին,- համարում է Ռուբեն Հակոբյանը:- Այս գաղափարը դրված է պանթուրքիզմի հիմքում։ Թուրք-ադրբեջանական տանդեմը հարմար պահի է սպասում իր չարագուշակ ծրագիրն իրականացնելու համար։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը վերջերս հայտարարեց, թե պատրաստվում է ադրբեջանական երկրորդ պետությունը ստեղծել Հայաստանի տարածքում։ Իհարկե, Հայաստանում դա տարակուսանքից ու ծիծաղից բացի ոչինչ չի առաջացնում։ Բայց կատակը՝ կատակ, այդուհանդերձ ստիպված ենք Բաքվի աներևակայելի պատրանքներն արձանագրել որպես պաշտոնական հայտարարություններ»:
Ադրբեջանի ձախողումներն ու պարտությունները Թուրքիան դիտարկում է որպես իր սեփականը։ Բավական է հիշել թեկուզ «Մեկ ազգ, երկու պետություն» ընդհանուր կարգախոսը, ինչպես նաև Բաքվի ներգրավվածությունը Անկարայի բոլոր ծրագրերում, նշեց քաղաքական գործիչը:
«Այդ պատճառով հայկական կողմի պատասխան գործողությունները հուլիսի 12-ին սկսված ռազմական սադրանքին, իրական լույսի ներքո ցույց տվեցին ադրբեջանական բանակի հմտությունները և ստիպեցին «ավագ եղբորը» միջամտել,- արձանագրեց հայ փորձագետը:- Կրկնվեց ճիշտ նույն, ինչ 2016-ի ապրիլին։ Թեև այն անգամ Ադրբեջանի զինվորականները շատ ավելի երկար ու հանգամանորեն էին պատրաստվել։ Իմանալով Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների պահելաոճը՝ անհրաժեշտ է պատրաստ լինել և նոր սադրանքների սպասել սահմանների վրա՝ թելադրված գոնե ինչ-որ հաղթանակների հասնելու ցանկությամբ, որոնք ներկայումս այնքան անհրաժեշտ են և՛ Իլհամ Ալիևին, և՛ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, դատելով երկու երկրներում տիրող ներքին լարվածությունից»։
Ռուսական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է ստացվել, որ Անկարան Սիրիայից տեղափոխած ահաբեկիչներ է նետել դեպի Հայաստանի սահմաններ, հիշեցրեց զրուցակցին ՖԱՆ-ի թղթակիցը:
«Կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության դեռ ամենասկզբից՝ 1990-ական թվականների առաջին կեսից, օգտվել են վահաբականների և իսլամական այլ ծայրահեղական կազմակերպությունների աջակցությունից,- մեկնաբանեց այդ տեղեկությունը Հակոբյանը:
- Ռուսաստանյան ԶԼՄ-ները նույնպես բազմիցս հրապարակել են տվյալներ, որոնք ապացուցում են Թուրքիայի կապը Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի տարբեր տարածաշրջանների և հենց նույն Հյուսիսային Կովկասի ծայրահեղականների հետ: Այնպես որ ներկայումս էլ դա բացառել չի կարելի»։
Հակառուսական հովերը Հայաստանի իշխանական կառույցներում պահպանվում են Հայաստանում 2018 թվականի թավշե հեղափոխության պահից ի վեր որոշակի սառեցում է նկատվում ռուս-հայկական հարաբերություններում։
ՖԱՆ-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչը կարող էր պատճառ դառնալ ստեղծված իրավիճակին։
«ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ մեր վարչապետի (Նիկոլ Փաշինյանի) հայտարարություններն են, որոնք նա արել է դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ,-նշում է Ռուբեն Հակոբյանը։-Ռուս քաղաքագետները բազմիցս մեջբերել են ՀԱՊԿ-ին, Մաքսային միությանը, ինչպես նաև առհասարակ Ռուսաստանին վերաբերող նրա այն ժամանակվա արտահայտությունները»:
ՖԱՆ-ի զրուցակիցը հիշեց, թե ինչպես է մեկ տարի առաջ ներկա գտնվել Սանկտ Պետերբուրգում կայացած քաղաքական համաժողովին և կոշտ արտահայտություններ լսել այն մասին, որ Փաշինյանը հանրապետության խորհրդարանի ամբիոնից մեղադրել է Ռուսաստանին 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի քառօրյա ռազմական սադրանքին ունեցած անմիջական առնչության մեջ:
«Թեև այժմ վարչապետ Փաշինյանը ռազմավարական գործընկերոջ հասցեին արտահայտվում է բավականին կոմպլեմենտար ձևով, այդուհանդերձ պետք է խոստովանել, որ Հայաստանի և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանությունները լեփ-լեցուն են հակառուսական ու սորոսական ամեն տեսակի գործիչներով, որոնք բնավ չեն թաքցնում իրենց հակակրանքը Ռուսաստանի նկատմամբ։ Եվ, իհարկե, դա չի կարող աննկատ մնալ ռուս քաղաքական գործիչների համար, ինչպես նաև չազդել ռուս-հայկական հարաբերությունների վրա»,- նշեց զրուցակիցը։
Զրահն ամուր է...
Կարո՞ղ է արդյոք Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, ապավինել Մոսկվայի օգնությանը՝ Ղարաբաղում կամ Հայաստանում նոր պատերազմի դեպքում, հետաքրքրվեց ՖԱՆ-ի թղթակիցը զրուցակցից: «ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԱՅՆ ՓԱՍՏԸ, ՈՐ ՀԱՊԿ-Ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը - Ծանոթ. ՖԱՆ) միայն Ռուսաստանը չէ։ Թեև բոլորի համար էլ պարզ է, որ այդ միության անդամների միջև առկա հավասար հարաբերություններում Մոսկվան, բնականաբար, առանձնանում է իր նախաձեռնություններով ու հնարավորություններով, - պարզաբանում է Ռուբեն Հակոբյանը։
- Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ի նշանակությունը ես տեսնում եմ ավելի շուտ քաղաքական, քան ռազմական ձևաչափով»։ Այդ կազմակերպության յուրահատկությունն այն է, որ թեև Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, բայց այդուհանդերձ առնվազն երկու ռազմավարական գործընկերներ ունի դրա կազմում։ Հաշվի առնելով այն փաստը, որ ՀԱՊԿ-ը որոշումներն ընդունում է կոնսենսուսի միջոցով, Ադրբեջանի այդ գործընկերներն ահռելի դեր են խաղում իրադարձությունների հետագա զարգացման գործում, նշեց փորձագետը:
«Կարծում եմ, ռուս-հայկական երկկողմ ռազմական հարաբերություններն առանձին շատ ավելի կարևոր են ու գործնական, քան ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հենց նույն փաստը,- համոզված է Հակոբյանը:
- Հուսով եմ, որ մեր երկու ժողովուրդների եղբայրական կապերը մշտապես վեր կանգնած կլինեն երկրների բարձրագույն ղեկավարների միջանձնային հարաբերություններից: Եվ դրա բոլոր խոչընդոտները ապագայում կարող են հարթվել ու վերացվել»։ «Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից հնարավոր ռազմական սադրանքներին, նշեմ, որ այս տարածաշրջանը չափազանց զգայուն է, և մեր հարևանները՝ Ռուսաստանն ու Իրանը, նույնիսկ զուտ իրենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ թույլ չեն տա, որ այստեղ ազատ ծավալվի որևէ այլ ուժ»,- արձանագրեց նա:
Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ Հայաստանում 1995 թվականից տեղակայված է Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր 102-րդ ռուսական ռազմաբազան, որը ներառում է մոտ 4 հազար պայմանագրային մարտիկ ունեցող երկու կայազոր. Գյումրիում (նախկին Լենինական, Երևանից 126 կմ հյուսիս) և Երևանում։ Բազայի գործունեության պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2044 թվականը։ Հայաստանին սպառնացող ցանկացած արտաքին վտանգ կդիտարկվի որպես արտաքին սպառնալիք Ռուսաստանին։ 2017 թվականին Ռուսաստանի և Հայաստանի զորքերի միացյալ խմբավորման ձևավորումից հետո ռազմաբազան ընդգրկվեց խմբավորման կազմում՝ Հայաստանի Զինված ուժերի զորամասերի հետ միասին: Ռազմակայանը հագեցած է ժամանակակից սպառազինությամբ, հանրապետության տարածքում այն տեղակայված է առանց դրամական փոխհատուցում վճարելու ընդունող կողմին։ Ավելին, ըստ հայ-ռուսական միջպետական պայմանագրի, Հայաստանն իր վրա է վերցնում ռուսական ռազմաբազայի բոլոր ծախսերի կեսը։ 2019 թվականի հոկտեմբերին 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը զեկուցեց Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, որ ռազմակայանի մարտական ներուժը գրեթե կկրկնապատկվի՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր ու արդիականացված նմուշներով հագեցումից հետո»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը