Ռուսական Газета.Ru կայքն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցին և Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սկանդալային գրառման վերաբերյալ նրա մեկնաբանություններին:
Կայքը նշում է, որ որոշ դիտորդներ անսպասելի են համարել Փաշինյանի որոշումը` այդ առումով մի ամբողջ հարցազրույց կազմակերպելու մասով: Ակնհայտ է, որ Սիմոնյանի գրառումը լրջորեն բարկացրել է Փաշինյանին:
Հիշեցնենք, որ իր աղմկահարույց գրառման մեջ Սիմոնյանը դիմել էր ՀՀ իշխանություններին՝ նրանց մեղադրելով Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար՝ նշելով, որ վերջին տարիներին Ռուսաստանի հանդեպ ցուցաբերված բոլոր չարիքներից ու արհամարհանքից հետո ՀՀ իշխանությունները չպետք է իրենց իրավունք վերապահեն օգնություն ակնկալել:
Իրավիճակն իրականում
Նիկոլ Փաշինյանը փորձում է իրավիճակն այնպես ներկայացնել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Երևանն այնքան էլ հավատարիմ չի եղել Ռուսաստանին: Բայց հայտնի է, որ հենց Փաշինյանի կառավարման տարիներին իշխանության գլխավոր պաշտոնները սկսեցին զբաղեցնել հենց Ջորջ Սորոսի հովանավորությամբ գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Փաստերն այստեղ խոսուն են: Բացի դրանից, Փաշինյանի համար փողոց էին դուրս եկել հենց արևմտամետ տրամադրված մարդկանցից շատերը:
Կայքը հիշեցնում է, որ ինքն արդեն գրել է Transparency International կազմակերպության ընտրական ծրագրերի նախկին համակարգող Արմեն Գրիգորյանի մասին, որը նշանակվել էր Ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում, և Պետական վերահսկողական ծառայության արդեն նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի մասին, որը քաղաքական ասպարեզում էր հայտնվել ամերիկահայ քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի արևմտամետ «Ժառանգություն» կուսակցության շնորհիվ և հայտնի էր դարձել ՌԴ դեսպանատան վրա ձվեր նետելով:
Լրատվամիջոցները գրել են նաև, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը «Սորոսի հիմնադրամի» կառավարման խորհրդի նախագահն է:
Սփյուռքի հարցերով հանձնակատար է նշանակվել ամերիկյան Գլենդեյլ քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Նա հայտնի է որպես ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպան, անցյալ տարի այս ոլորտում իր գործունեության համար անգամ մրցանակ է ստացել ամերիկյան Equality Armenia հասարակական կազմակերպության կողմից, որը զբաղվում է գենդերային կրթությամբ և քարոզարշավ է իրականացնում Հայաստանում նույնասեռ ամուսնությունների օրինականացման նպատակով:
Սորոսի մարդիկ Փաշինյանի շրջապատում
Դեռևս մինչև հայտնի դառնալը, որ 27-ամյա Ռուստամ Բադասյանը նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնում, մամուլում ակտիվ լուրեր էին շրջանառվում, որ նա Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լարիսա Մինասյանի հովանավորյալն է: Թերևս դա է պատճառը, որ Բադասյանին վստահվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից նշանակված կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ ամերիկյան խորհրդատուի հետ սերտ համագործակցությունը:
Հեռուստատեսային եթերներից մեկի ժամանակ ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Սորոսի հիմնադրամի գործունեությունը վնաս է հասցնում Հայաստանին: Դատելով ամենից՝ նրան չներեցին այդ արտահայտության համար և ստիպեցին հեռանալ ԱԱԾ ղեկավարի պաշտոնից` նրա փոխարեն նշանակելով 29-ամյա Արգիշտի Քյարամյանին, որը հատուկ ծառայություններում չէր ծառայել և ոչ մի օր:
Քյարամյանի «քաղաքական» նշանակումից հետո այդ կառույցից պրոֆեսիոնալ կադրերի զգալի արտահոսք է նկատվում:
Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Սորոսի հիմնադրամը Հայաստանին 600 000 դոլար է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Նորությունն ինքնին դրական է, մանավանդ եթե հաշվի առնենք կորոնավիրուսի տարածման դեմ Փաշինյանի գլխավորությամբ ձախողված պայքարը: Սակայն ուշադրություն է գրավում այն փաստը, որ Հայաստանն Ուկրաինայի հետ միասին միակ հետխորհրդային երկիրն էր, որ նման աջակցություն է ստացել Սորոսի կողմից հովանավորվող կազմակերպությունից:
Ավելորդ է ասելը, որ կան նաև միտումներ, որոնք նկատվում են Հայաստանի հանրային կյանքում Փաշինյանի իշխանության գալու պահից. հեռարձակող ցանցից ռուսական հեռուստաալիքներին դուրս մղելու մասին սկանդալային օրինագիծ, Հանրային հեռուստաընկերությամբ վերջին ռուսալեզու հաղորդման փակում, պետական հեռուստաալիքով Ալեքսեյ Նավալնիի` իրեն հատուկ թեզերով ելույթի հեռարձակում. ի դեպ, վերջինս տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեից անմիջապես առաջ:
Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքին Սորոսի և նրա կառույցի մասնակցությունը քննադատող «ՎԵՏՕ» կազմակերպության անդամները բռնաճնշումների են ենթարկվում Փաշինյանի ուժայինների կողմից: Տարվա սկզբին կազմակերպության հիմնադիր Նարեկ Մալյանին և ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման էին ենթարկել ոստիկանության բաժանմունք` իբր ապօրինի զենք պահելու և կրելու համար:
Այսպիսով՝ դժվար է որևէ այլ եզրակացություն անել, բացի այն, ինչը պետք է ասվի. Հայաստանի ներկայիս իշխանությունը շատ ջերմ, ընկերական կապեր ունի Ջորջ Սորոսի կառույցների հետ: Մի կողմից, դա միշտ չէ, որ վատ է: Սորոսի օգնությունը կորոնավիրուսի դեմ պայքարում շատ տեղին էր այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ձախողեց աշխատանքն այդ ուղղությամբ և երկիրը վերածեց աշխարհում վարակվածության և մահացության մակարդակով հետնապահներից մեկի: Եթե հարցին նայենք ավելի գլոբալ, ապա ակնհայտ է կապը Հայաստանի ներկայիս իշխանության և Սորոսի հիմնադրամի միջև, ինչը Ռուսաստանի ազգային շահերի առումով ոչ մի լավ բան չի խոստանում: Եվ Մարգարիտա Սիմոնյանի գրառումն ու Փաշինյանի պատասխանը միայն մերկացրին այս իրականությունը, գրում է կայքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը