Կառավարությունն իր քայլերով կարող է խրախուսել կամ սպանել ներդրումները. տնտեսությունը կառավարության քաղաքականության արդյունք է։ Այս մասին «Երկիր Մեդիա», «Հ2» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«120 մլն դոլարի պարգևավճարներ՝ դա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չէ: Դա բյուջեից ակնհայտ գողություն է», - ասել է նա:
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ հնարավոր է կրկնել տարիներ առաջ գրանցած տնտեսական հաջողությունները:
«Եթե դու արգելել ես մարդկանց աշխատել, դու նրանց պետք է օգնություն տրամադրես՝ այնքան ամիս, որքան արտաքին դրությունը շարունակվում է: Երբ 18-20 ծրագրի մասին է խոսվում, այս ամենը չափազանց անբավարար է: Պանդեմիան այսպիսի ազդեցություն չպետք է ունենար մեր տնտեսության վրա, և կառավարության քայլերը համարժեք չեն ստեղծված իրավիճակին: Սովի, չեմ կարծում, որ հասնենք, բայց տնտեսությունը լուրջ անկում է ապրելու», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ մենաշնորհներն ավելացել են, իսկ փոքր բիզնեսն այժմ ազատ անկման մեջ է:
Որտե՞ղ են թերացել իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում․ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իրավիճակի գնահատականն էր սխալ հենց սկզբից։
«Նախապատրաստական աշխատանքներ գրեթե չեն արվել, իրար հակասող որոշումներ, իրար հակասող հայտարարություններ պաշտոնյաների կողմից: Այն սխալ մեսիջները, որոնք ողողում էին հանրությանը՝ դիմակ կրել, հետո՝ չկրել, այն օգում է, հետո՝ չի օգնում, դիմակի անցքերը վիրուսից մեծ են, փոքր են։ Սրանք զավեշտալի երևույթներ են, որոնք վիճակի լրջության հետ որևէ կապ չունեն», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Նա նշել է, որ այս ամենում իր համար ամենից անընդունելին փորձն է մեղադրել ժողովրդին դիմակ չկրելու համար։
«Երկու ամսում ավելի շատ մարդ են տուգանել, քան իմ կառավարման տասը տարիներում։ Միանշանակ, այս ամենի պատճառը ձեռնարկված քայլերն են և կառավարման արդյունավետությունը։ Չպետք է անընդհատ ժողովրդին ասել, թե դու ես մեղավոր», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։
«Կառավարության հայտարարություններն իմ համար համոզիչ չեն»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ես նայում եմ վիճակագրական տվյալներն ու չեմ տեսնում լավատեսության աղբյուրը: Տնտեսությունը, նույնիսկ մեր Կենտրոնականա բանկի կանխատեսեումներով, 4-5 տոկոսի անկում է ապրելու», - ասել է Քոչարյանը։
Ըստ նրա՝ միանշանակ է, որ «լավ չի լինելու»։
«Ուղղակի խոսքը վատ լինելու խորության մասին է ու այս ամենի մեջ էական է կառավարության արդյունավետությունը», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Քոչարյանը նշել է, որ կառավարությունը պետք է ընդունի իր սխալնեը։
«Եթե դու քո սխալը չես ընդունում, դու երբեք չես սովորելու քո սխալների վրա, տպավորությունն այսպիսին է՝ այս մարդիկ երբևիցե իրենց սխալները չեն ընդունելու ու սա կոմպլեքսներից է գալիս: Միայն ուժեղ մարդն է ընդունում, որ, այո, ես սխալ եմ արել», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը