Panorama.am-ը գրում է․ «Հունիսի 20-ից, ինչ աննախադեպ 2 միլիարդ գրավով կալանքից ազատվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, շատերն են սպասում նրա հրապարակային խոսքին՝ ասուլիսի կամ հարցազրույցի ձևով։ Հատկապես տավուշյան սահմանային սրացումներից սկսած, երբ հերթական անգամ մեր բանակը ցույց տվեց իր ոգու և բազկի ուժը, իսկ ժողովուրդը սովորության համաձայն՝ համախմբվեց օրհասի պահին, զգացվում է իսկական առաջնորդի հուսադրող ու կշռադատված խոսքի կարիքը։
Չէ՞ որ մարդկանց հիմա պետք են ոչ թե պահին պատշաճող պաշտոնական ուղերձներ կամ դեկլարատիվ հայտարարություններ, այլ հստակ մեսիջներ առ այն, որ պատկան մարմինները տասը քայլ առաջ լիովին պատկերացնում են իրենց անելիքները։
Այդ սպասելիքները մասամբ իրականացրեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ով հուլիսի 24-ին մարտակոչ ուղղեց հրամանատարներին և զինվորներին։ Հերոսազրկման ուղին բռնած Հայաստանում վաղուց չէր հնչել ազգային հպարտություն արթնացնող «նախնյաց պատգամներին խորը հավատով» հավատարիմ մնացած բարձրաստիճան պաշտոնյայի խոսք։ Իհարկե, չենք մոռանում նաև ՊՆ Դավիթ Տոնոյանի հրապարակ նետած «․․․նոր պատերազմ, նոր տարածքներ» փառահեղ բանաձևը։
Եվ կարևորն այն է, որ նրանք ինչ ասել են, սոսկ բառեր չեն, այլ գործով և հուլիսյան բախումների ժամանակ հինգ զինվորականի կյանքով ապացուցված ճշմարտություններ։ Բանակի և բնակչության փոխադարձ վստահությունն ու նվիրվածությունը գալիս են ապացուցելու, որ իրականության մեջ ազգ-բանակ գաղափարը մեր կենսակերպն են դարձել։
Ցավոք, նույն վստահությունը չկա իշխանությունների հանդեպ։ Ավելի շատ տիեզերքով հրապուրված, քան հանրապետության հոգսերով ապրող ՀՀ նախագահը կարծես թե սովորության համաձայն լուռ է, իսկ վարչապետի ներկայացրած 7 հետևություններն ավելի շատ հեծանիվ հայտնագործածի տպավորություն էին թողնում։
Մինչդեռ այս օրերին, երբ ադրբեջանցիները բախումներ են հրահրում ոչ միայն մեր սահմաններին, այլև աշխարհի հայաշատ քաղաքներում, բոլորս ենք ուզում լսել կառավարման արդյունավետ ճանապարհ անցած, կենսափորձ ու գիտելիք ունեցող պետական գործիչների տրամաբանված խոսքը, իրադարձությունների հստակ վերլուծությունը և հաղթահարման ուղիները։
Ընդ որում, խոսքը վերաբերում է նաև այլ պետությունների հետ փոխհարաբերություններին։ Այսօր քաղում ենք վարչապետի վարած անհավասարակշիռ և մանր ու մեծ խորամանկություններով լցոնված արտաքին քաղաքականության դառը պտուղները, ինչի արդյունքում թշնամիներն ավելի թշնամացան, բարեկամներն էլ սառը դիստանցիա են պահում։
Այս դրվածքը հղի է բազմաթիվ վտանգներով, և առկա պրոբլեմները շտկելու համար օրախնդիր է ոսկերչական ճշգրտությամբ մշակված արտաքին քաղաքականության որդեգրումը։ Այս իշխանության մեջ ոչ ոք իր զորու չէ դա իրականցնել։
Դատելով լրատվամիջոցներում (և ոչ միայն) հաճախ հանդիպող հարցադրումներից՝ «Հետաքրքիր է, ինչու՞ է լռում Քոչարյանը», «Երբ հարցազրույց կտա Քոչարյանը», «Իսկ ի՞նչ կասի երկրորդ նախագահը», շատերի ընկալման մեջ Ռոբերտ Քոչարյանն է այն գործիչը, ումից ակնկալում են ստեղծված իրավիճակի համարժեք ու ամբողջական գնահատականը։
Այլ հարց է՝ կքարկոծեն թե կընդունեն նրա խոսքը, բայց փաստն այն է, որ երկու տարվա ընթացքում նրա յուրաքանչյուր ելույթը թե՛ դատական նիստերի ժամանակ, թե՛ փոքրաթիվ հարցազրույցներում՝ դառնում են ոչ միայն տեղական մեդիայի թոփ-թեմաները։ Որովհետև, անկախ իր գտնվելու վայրից և կարգավիճակից, նախագահ Քոչարյանի խոսքը միշտ վերանձնական է, և կառուցված է աշխարհում կատարվող իրադարձությունների համատեքստում Հայաստանին նպաստավոր մարտավարության և ռազմավարության ճիշտ ընտրության վրա։
Հետաքրքիր է, երբ 2018-ի ամռանը, Փաշինյանը մեծադղորդ խոստումներով վերաբացեց Մարտի 1-ի գործը, արդյոք այդ ժամանակ չէ՞ր կանխատեսել, որ իր իդեաֆիքսից բացի կարող են լինել նաև այլ զարգացումներ։ Օրինակ՝ ինչը որ կատարվեց իրականում․․․ երկու տարվա ընթացքում ինքն ու իր խոսքը արժեզրկվեցին, իսկ Քոչարյանը, ում երևի մտածում էին տասը տարվա հերյուրանքներից հետո հեշտ կլինի շինծու քրեական գործով վերջնականապես տապալել՝ շատերի համար դարձավ ստեղծված ճգնաժամից երկիրը հանող միակ հույս ու ապավեն։ Եվ այդ պատճառով էլ մարդիկ սպասում են նրա խոսքին։
Լիա Իվանյան, հրապարակախոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը