25 07 2020

80 հազար տուգանքների գումարը հետ ենք վերցնելու Նիկոլից. Միքայել Մինասյան



Համեմատել Ապրիլյան պատերազմը Տավուշի դեպքերի հետ նույնն է, ինչ համեմատել կիլոգրամը կիլոմետրի հետ: Այս մասին այսօր `հուլիսի 25-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյությում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը` հավելելով, որ Ապրիլյանը պատերազմ պետք է անվանել, իսկ Տավուշի դեպքերը՝ դիրաքային մարտեր:

«Հայկական բանակը եւ հայկական սպայական անձնակազմը` գեներալից մինչեւ սպա  եւ զինվորները, կատարել են իրենց առջեւ դրված առաջադրանքը գերազանց, կամ ահավոր գերազանց կամ ամենագերազանց: Այո, ապրիլին եղել  է հաղթանակ, այո, եղել է հաղթանակ նաեւ դիրքային մարտերում Տավուշյան դեպքերի ժամանակ: Եվ փառք Աստծո, որ Նիկոլ Փաշինյանը դրանցից տեղյակ չէր, ինչպես մենք կարող ենք  տեսնել իր կառավարության նիստի ժամանակ տրված մանկամիտ կորսված հայացքից, որ նա նույնիսկ չի իմացել` ինչ է  կատարվում: Եվ փառք Աստծո, որ չի իմացել, թե չէ կաներ այն, ինչ անում է վերջին երկու տարում, չկրակելու հրաման կտար եւ կասեր` դե լավ, զիջեք, ինչպես որ եղավ Նախիջեւանում: 3-րդ կորպուսը Տավուշում արեց այն, ինչ պարտավոր էին անել Նախիջեւանում»,-ասաց նա` նկատելով, որ չկրակելու արդյունքում մենք զիջել ենք 2000 հա հող եւ դիրքային առավելությունը:

Մինասյանն անդրադարձվ գեներալների վերաբերյալ այս օրերին հնչով գովեստի խոսքեչին. «Գեներալ Գրիգորի Խաչատուրովը Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից քայլելով չի եկել, ոչ էլ Նիկոլն ու Աննան հորանց տնից են բերել, դա այն նույն գեներալ Գրիգորի Խաչատուրովն է, որն այնտեղ էր մինչեւ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը զավթելը: Դա այն նույն գեներալ Գրիգորի Խաչատուրովն էր, որի հորը՝ գեներալ Խաչատուրովին, Նիկոլ Փաշինյանը դատում էր այդ օրերին, երբ տղան պաշտպանում էր հայրենիքը։ Դա այն նույն Խաչատուրովն է, ում խայտառակ անելով Հայաստանի Հանրապետությունը եւ կոնկրետ վնասելով արտաքին հարաբերությունները եւ Հայաստանի պաշտպանական համակարգը՝ հետ կանչեց ՀԱՊԿ-ից, այն նույն ՀԱՊԿ-ի, որն ըստ Նիկոլ Փաշինյանի՝ թշնամի կազմակերպություն է: Հետեւաբար, ոչինչ չի փոխվել, ավելին ասեմ՝ 3-րդ կորպուսը չի օգտագործել որեւէ զենք, որը գնվել է վերջին 3 տարիների ընթացքում: Հետեւաբար զնեքերն էլ են նույնը, սպայական անձնակազմն էլ է նույնը, փառք Աստծո, չեն հասցրել իմքայլանալ, գենշտաբն էլ է նույնը, գիտե՞ք՝ ինչն է փոխվել, ձեր ընկալումը, որ դուք ընկալում եք այս հաղթանակը ճիշտ ձեւով, որովհետեւ չկա հիմա ընդդիմություն, որը հակառակը քարոզի: Իսկ Ապրիլյանի ժամանակ երբ հայկական բանակը  հաղթել էր, ՀՀ-ն, հայ ժողովուրդն ու Արցախը հաղթել էր, Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը քարոզում էին հակառակը, ու դրա մասին կան կոնկրետ փաստեր: Դե թող հիմա Նիկոլ Փաշինյանը մի փաստ բերի, որ տանկի մեջ ջուր է եղել, կամ որ զինվոր ենք կորցրել, որովհետեւ փամփուշտ չի ունեցել»:

Միքայել Մինասյանի խոսքով` բանակը հիմա են թալանում, ինչի մասին ինքը փաստեր է ներկայացրել, որոնք չեն հերքվել, գենշտաբի պետ էլ փոխվեց, բայց չհերքեցին:

«Ես չեմ ասել` 80-ականների զենքերը վատն են, ես Նիկոլի սուտն եմ բռնել, որ ասում էր` փակենք 80-ականների ամոթալի էջը, եւ մի հատ էլ գնեց 80-ականների զենքը, մի հատ էլ էդ արանքում փող աշխատեց, եւ եթե ինչ-որ մեկը բանակը թալանում է, դա Նիկոլ Փաշինյանն է, եւ իր ընկեր պատրոն Դավոն, որը փաստերով ապացուցել եմ»,-ասաց նա:

Նրա խոսքով` տավուշյան դեպքերի ժամանակ բոլորն իրենց տեղերում էին, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, որը ծառայում էր իր պատվիրատուներին, ծառայում էր կնոջ միջոցով. «Որովհետեւ ուրիշ կերպ բացատրել Աննա Հակոբյանի քարերի վրա կանգնած խաղաղասեր ելույթները ես ոչ մի կերպ չեմ կարող, որովհետեւ Աննա Հակոբյանը շատ լավ հասկանում է` չի կարելի եւ պետական դավաճանություն է, երբ ՀՀ-ն դե ֆակտո  պատերազմի մեջ է, ծաղիկները ձեռքին քարոզել խաղաղություն, քարոզել խաղաղություն ո՞ւմ հետ, նրանք եկել են մեր երեխեքին սպանեն, եկել են գյուղերը ռմբակոծեն, դուք խոսում եք մեր հետ Ադրբեջանի մայրերի մասին, որ ի՞նչ անեք, ինչպես ասում է դասականը: Մեզ անհետաքրքիր են Ադրբեջանի մայրերը, մեզ անհետաքրքիր են Ադրբեջանի զինվորները, մեզ հետաքրքիր են մեր եղբայրները, նրանք թշնամի են, հասկացեք: Ես հասկանում եմ, որ ձեր պատվիրատուները հակառակ պատվեր են իջեցրել: Ես հիմա դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ընտրել կամ չեն ընտրել Նիկոլ Փաշինյանին. դուք որ ընտրում էիք, գիտե՞իք, որ էդ փաթեթի մեջ Աննա Հակոբյանը կար, որ դուք նրան էլ եք տալիս մանդատ խոսելու ՀՀ անունից, խոսելու արտաքին աշխարհի հետ: Ես չեմ հիշում՝ վերջին 120 տարիների ընթացքում որ ղեկավարի տիկինը կամ ընտանիքի անդամն էր իրեն իրավունք վերապահում քիթը խոթել պետության գործերի մեջ, նամանավանդ՝ պատերազմող պետության»:

Նա նաև նշեց․ «Ես առանց դիմակի եմ, որովհետեւ ամեն առավոտ հավաքում եմ իմ 10 հազար դրամը եւ կոպեկ առ կոպեկ ուղարկում եմ Աննա Հակոբյանի հիմնադրամին, իրավունք գնելով (դե, գիտեք, Աննայի հետ կարելի է փողերով հարցեր լուծել) մեկ օր առանց դիմակի անցկացնելու համար։ 

«Ավելի կոնկրետ ասեմ, թե ինչու եմ այս հարցն ընտրել։ Որովհետեւ ուզում եմ տեղյակ պահել ՀՀ քաղաքացիներին, որ ես ու իմ ընկերները մի հետաքրքիր փաստ ենք գտել․ դուք գիտեք, որ Հայաստանում գործում է արտակարգ դրություն, Նիկոլ Փաշինյանն անշուշտ դա օգտագործում է, որպեսզի թույլ չտա, որ Նարեկ Մալյանն Արտաշատից մեքենայով հասնի  Երեւան, բայց իրականում չի ցանկանում, որ ընդդիմախոսները հավաքվեն, որովհետեւ բառիս բուն իմաստով վախենում է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը վախկոտ է, բայց նաեւ նա մոռացել է, որ  արտակարգ դրության ժամանակ գործում է արտակարգ իրավիճակ։ Դա օրենք է, ես հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանին օրենքները հետաքրքիր չեն, բայց ՀՀ-ում դեռ մի քիչ օրենք մնացել է։ Արտակարգ իրավիճակի մասին օրենքի 10-րդ կետի Դ ենթակետը վկայում է, որ, այստեղ ուշադիր, ժողովուրդ ջան, իշխանությունները պարտավոր են անվճար պարագաներ տրամադրել ՀՀ բնակչության անվտանգության համար։ Մեր բառերով ասած, ՀՀ օրենքներով, ինչքան կա արտակարգ ռեժիմ, դա կկոչեք արտակարդ դրություն, թե իրավիճակ, իշխանությունները պարտավոր են այդ դիմակն անվճար տրամադրել։ Հետեւաբար, եթե նրանք ձեզ տուգանում են դիմակ չունենալու համար, իրականում իրենք պետք է տրամադրեին այդ դիմակը։ Դա նույնն է, եթե պետությունը ձեզ ավտոմեքենայի պետհամարանիշ չտրամադրի, հետո էլ տուգանի պետհամարանիշ չունենալու համար», ասել է Միքայել Մինասյանը։

Ֆեյսբուքյան եթերում Միքայել Մինասյանը խնդրել է իր իրավաբան ընկերներին՝ պարզաբանել, արդյո՞ք ինքը ճիշտ է ասում, թե սխալ։

«Բայց ես ճիշտ եմ ասում։ Առաջարկում եմ ձեզ, տպել-պահել այդ թերթիկը, եւ երբ ձեզ տուգանեն՝ ասեք, որ, գիտես ինչ, հարգելի ոստիկան, դու ինձ պարտավոր ես տրամադրել այդ դիմակը։ Երբ ինձ անվճար տրամադրես եւ ես չկրեմ, դու ինձ կարող ես տուգանել։ Ես ձեզ խոստանում եմ, որ ավելի քան 80 հազար մարդկանց հետ, որոնց արդեն իսկ Նիկոլի իշխանությունը տուգանել է, մենք ձեզ հետ միասին կոպեկ առ կոպեկ հետ ենք վերցնելու Նիկոլից։ Ավելին, բոլոր այն քաղաքացիները, որոնք գնել են դիմակներ ու պահել են ՀԴՄ-ները, հետ եք ստանալու պետությունից կոպեկ առ կոպեկ։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի հայտարարել արտակարգ դրություն, պարտադրել դիմակներ կրել, եթե դրանք չի տրամադրում։ Ինչ վերաբերում է դիմակ կրելուն ընդհանրապես։ Ես տպավորություն ունեմ, որ Նիկոլի ռեժիմն օգտագործում է դիմակ-շոուն, որպեսզի ինչ-որ մի բան անի։ Որովհետեւ այն խայտառակ կացությունը, որ իրենք ստեղծել են կորոնավիրուսի հետ կապված, իրենք էլ են ընկել այնպիսի մի բանի մեջ, որ իրենք էլ չգիտեն՝ ինչ պետք է անել։ Այդ դիմակը խայտառակություն է, որովհետեւ մարդկանցից պահանջել 40 աստիճան շոգի պայմաններում դիմակ կրել, դա բյուջեն լցնելու կամ սեփական անկարողությունը ծածկելու ձեւ է։ Ինչեւիցե, դա տոտալ անօրինականություն է, տուգանքները տոտալ անօրինական են, եւ իրենք պարտավոր են ՀՀ բոլոր քաղաքացիներին ապահովել անվճար դիմակներով։ Աստված մեզ բոլորիս պահապան, առաջին հերթին խաղաղություն մեր ժողովրդին Հայաստանում եւ Հայաստանից դուրս», ամփոփելով խոսքը՝ ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ