24 07 2020

Օտարները պետք է հեռանան․ Panorama.am

Օտարները պետք է հեռանան․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Թվացյալ անդորր է և՛ սահմաններին, և՛ հանրապետության ներքաղաքական կյանքում։ Այդուհանդերձ ոչ ոք չի կասկածում, որ բոլոր ճակատներում էլ ընթանում են մանրակրկիտ աշխատանքներ՝ երկար նախապատրաստություն անցած ինչ-ինչ ծրագրերի իրականացման համար։ Երկրում արտակարգ դրությունն անվերջ ձգվել չի կարող, և օգստոսի 12-ից հետո իշխանությունը ստիպված է լինելու առերեսվել իրականության հետ։ Ընդդիմադիր դաշտն էլ, անկասկած, պարապ նստած չէ, քանզի հիանալի գիտակցում են, որ մոտ ենք բոլոր լծակների վերջնական կենտրոնացմանը մեկ անձի ձեռքում։ Իսկ արտաքին ճակատում չեն դադարում սպառնալ ու հոխորտալ Թուրքիան ու Ադրբեջանը։

Պարադոքս է, բայց կոնկրետ այս պահին ավելի նվազ վտանգ ես զգում ամենավտանգավոր տեղերից՝ սահմաններից, քանզի տավուշյան վերջին սրացումները ցույց տվեցին, որ մեր բանակն առաջվա պես ամուր է և աննկուն։ Այնպիսի զգացողություն է, որ բանակն է մնացել պետական այն միակ կառույցը, որտեղ չեն սողոսկել սորոսա-արևմտյան շոշափուկները, ինչի պատճառով էլ բանակի շնորհիվ արտաքին թշնամուց մի տեսակ ավելի պաշտպանված ես զգում, քան առնետների պես ներսից պետության հիմնասյուները կրծող-քանդող համերկրացի կոչվածներից։

Բանակը հիանալի անում է իր գործը, և շատերը, մասնավորապես Փաշինյանն, անշուշտ, փորձում են դիվիդենտներ շահել նրանց հաղթանակներից։ Բայց այստեղ կոնկրետ պահանջ է առաջանում՝ դեկլարատիվ հայտարություների փոխարեն կորկրետ քայլերով ամրագրեք զինվորի հաղթանակը դիվանագիտական փաստաթղթերով։ Այլապես տպավորություն է ստեղծվում, որ վարչապետը փորձում է թաքնվել բանակի հաղթանակների հետևում՝ մոռացության տալու համար երկրի սոցիալ-տնտեսական առկա ծանր վիճակը և շատ ավելի տխուր հեռանկարները։

Իսկ որ հանրապետությունում վիճակը վատ է և գնալով վատանալու է, տեսանելի է անզեն աչքով։ Մարտի 14-ից սկսված արտակարգ դրության պայմաններում կառավարությունը և ԱԺ-ն ընդունեցին որոշումներ և օրենքներ, որոնց վնասները մեզ համար գուցև ավելի կործանարար կլինեն, քան սահմանային լոկալ բախումները։ Ավելի ու ավելի ակներև է դառնում, որ «թավշիստների» բուն նպատակը՝ պետության թուլացումն է քողածածկույթ օրենքներ մոգոնելով։ Երկու տարում ոչինչ չի արվել փակելուց, լուծարելուց, կասեցնելուց բացի։ Եվ ջանք էլ չեն գործադրում, որովհետև երբեք էլ պետությանը օգտակար լինելը չի եղել իրենց առջև դրված խնդիրը։

Օրինակ կորոնավիրուսի դեպքում։ Երբևէ կիմանա՞նք, թե հազարին մոտեցող մահացածներից քանիսին հնարավոր կլիներ փրկել, եթե արտակարգ դրությունը ռեզինի պես ձգելու փոխարեն դեռևս մարտ ամսից գործեր մասնագիտական հակահամաճարակային կենտրոն։ Չարվեց, անտեսվեցին պրոֆեսիոնալ մասնագետներն ու իրենց առաջարկները, իսկ կորոնավիրուսի դեմ պայքարը պարզունակացվեց դիմակ կրելու պարտադրանքով, ինչպես որ տնտեսության զարգացման մեխն էր դարձվել ՀԴՄ կտրոնը։ Վնաս տալը էլ ո՞նց է լինում։

Ասել, որ չեն հասկանում ինչ են անում, կամ ազնիվ մղումներով անում են գիտեցած-կարեցածների չափով, նշանակում է մտավոր կուրություն ունենալ, քանզի տեսնում ենք, , որ շատ լավ էլ անում են այն, ինչի համար ծախել են իրենց հոգին ու հայրենիքը սորոսանմաններին։ Պե՞տք էր խաթարել ազգաբնակչության հոգեկան ու ֆիզիկական առողջությունը․․․ հիանալի իրականացնում է Արսեն Թորոսյանը։ Պե՞տք էր կրթության համակարգը դարձնել անազգ-անդեմ-անսեռ մանկուրտների դարբնոց․․․ հիանալի անում է Արայիկ Հարությունյանը։ Պե՞տք էր արդարադատության համակարգը դարձնել գործիք օրվա իշխանության ձեռքին․․․ հիանալի անում է Ռուստամ Բադասյանը։ Իսկ ԱԺ-ում տաքուկ տեղավորված նրանց թիմակիցները հարմարարեցնում են պետք եղած օրենքները։

Այս օրերին Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում մեկ քննությամբ ԲՈւՀ ընդուվելուց ուրախացած, բայց իրականում հերթական խաբերությանը բախված դիմորդները։ Նախարարի հրաժարականը ի՞նչ պետք է փոխի, երբ «ձուկը գլխից է հոտում»։ Պահանջել է պետք ողջ կառավարության հրաժարականը, վարչապետի հրաժարականը, և ամենակարևորը՝ Սորոսին է պետք վռնդել Հայաստանից իր մանկլավիկների հետ միասին։ Նրանք այնքան են տարածել իրենց մետաստազները, որ հեռացնել է պետք միանգամից ու բոլորին․․․

Եվ միայն դրանից հետո կկարողանանք ձեռնամուխ լինել նրանց թողած կեղտերի ու այլասերությունների վերացմանը։ Հայաստանում պետք է իշխանության ղեկին լինեն Հայի գենը կրող մարդիկ, Հայ ժողովրդի պատմությունն ու գրականությունը սիրող մարդիկ, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տեղն ու դերը գնահատող մարդիկ, Հայաստանը սրբություն համարող մարդիկ։ Իսկ օտարները պետք է հեռանան։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ