ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է ԼՂՀ գերագույն խորհրդի «Արցախ» պաշտոնաթերթին 1992 թվականի հունիսի 18-ին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից մի հատված:
«…Մարտակերտում, Ասկերանում, հատկապես Սրխավենդում թշնամին կրել է լուրջ կորուստներ: Գերի վերցրած տանկիստի վկայությամբ Սրխավենդում ոչնչացվել է 400 ազերի զինվոր, խփվել է 10 միավոր զրահատեխնիկա, թշնամուց խլել ենք S-72 մեկ տանկ, ետ ենք վերցել երկու զրահամեքենա, որ Սրխավենդում տվել էինք հակառակորդին:
Վերցրել ենք մեծ քանակությամբ հրազեն, մասնավորապես ԱԳՍ-17 տիպի զենք:
Ասկերանի տարածքում մեր տվյալներով թշնամին թողել է 100-ից ավելի դիակ, ոչնչացրել ենք 8 զրահամեքենա: Մեկ տանկ էր խփվել Մյուրիշեն-Նորշեն հատվածում: Չայլու-Թալիշ-Մադաղիս հատվածում թշնամին կորցրել է 60-ից ավելի զինվոր եւ 8 զրահամեքենա:
Կորուստներ ենք կրել նաեւ մենք: Խփվել է մեկ S-71 հրասայլ, բարեբախտաբար անձնակազմը չի տուժել: Թշնամին Թալիշում վերցրել է մեկ զրահամեքենա»:
Սա էլ է մեր հաղթական բանակի ոչ հեռավոր անցյալից մի դրվագ, որ տեղ է գտել դեռեւս 1992 թվականին, այսինքն` պատերազմի ամենածանր ժամանակաշրջանում «Արցախ» թերթում հրապարակված հարցազրույցում`«Այո, թշնամին պետք է ոչնչացվի» վերնագրի ներքո:
Լրագրողը ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանից փորձում է պարզել ռազմական իրավիճակը Արցախում:
Պաշտպանության կոմիտեի նախագահի հարցազրույցը հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում ազատագրական պայքարի այդ ժամանակահատվածի մասին, ի ցույց դնում Արցախն ազատագրելու այն վճռականությունն ու կամքը, որ ունեին Հայրենիքի ազատագրությանը զինվորագրված նվիրյալները:
Կամավորական ջոկատներից կազմակերպված ստորաբաժանումների վերածված եւ Հայրենիքի մի հատվածի` Արցախի պաշտպանությունն ստանձնած հայոց բանակն իր մկրտությունն էր ստանում եւ թրծվում էր թվաքանակով ու սպառազինությամբ իրեն գերազանցող թշնամու հետ անհավասար պատերազմում, որը շարունակվեց եւս երկու տարի:
Արցախի տարածքում թշնամին ոչնչացվեց, Արցախն ազատագրվեց:
Թշնամին զինադադար մուրաց:
Բազում զոհողությունների եւ մեծ դժվարությունների գնով ձեւավորված ու կայացած բանակին նոր հաղթանակներ էին սպասվում, եւ առ այսօր մեր փառապանծ բանակը պատվով է անցել իր ճանապարհը:
Փա՛ռք Հայոց բանակի ակունքներում կանգնած բոլոր նվիրյալներին եւ առ այսօր բանակում իրենց պարտքը կատարած քաջորդիներին:
Հայաստանի եւ Արցախի անկախության հռչակումից ի վեր Հայոց հաղթական բանակի պատմությունը, անցած փառահեղ ուղին միայն հպարտության զգացում կարող է առաջացնել:
Հաղթական ճանապարհի շատ ավելի ուշագրավ դրվագները դեռ առջեւում են…
Հարցազրույցն ամբողջությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը