ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այսօր կայացած հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ։
«Հասանելի տեղեկության համաձայն՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 15-ի առավոտյան համեմատաբար հանգիստ է եղել: Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունում են ռազմական գործողությունների նվազումն ու կոչ անում կողմերին գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապաէսկալացիան շարունակելու համար:
Համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հրահրող հռետորաբանությունից և իրավիճակը տեղում փոխելու փորձերից: Համանախագահները շարունակում են շեշտել խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը:
Համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների`ղարաբաղյան հակամարտության կարևորագույն հարցերի ուղղությամբ հնարավորինս շուտ բանակցություններ անցկացնելու հաստատումը և կարևորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, երբ իրավիճակը թույլ կտա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը