Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հակառակորդի խոցված ԱԹՍ-ների թիվը հասնում է 10-ի։
«Վաղն ավելի ստույգ վաղը կասեմ։ Ամսի 12-ից սկսած՝ մինչեւ այսօր ներառյալ, թիվը մոտենում է 10-ին»,- ասաց Հովհաննիսյանը։ Նա նաև նշեց․
«Այսօրվա դրությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվել են հայկական բնակավայրերը:
Մասնավորապես, թիրախավորվել են Տավուշի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Պառավաքար համայնքները: Հրետակոծության է ենթարկվել Բերդ քաղաքը: Քաղաքում կոնկրետ թիրախավորվել են 2 գործարաններ: Այս համայնքներում տարբեր տեսակի վնասներ են կրել՝ տներ, գազատար, ընդ որում մի քանի անգամ, ընթացքում վերականգնվել է: Փաստացի խաղաղ բնակչությունը թիրախավորվում է, բարեբախտաբար զոհեր չունենք խաղաղ բնակչության շրջանում»,-ասաց նա՝ նշելով, որ ՀՀ ԶՈՒ-ն ամբողջ հերտակոծության ընթացքում կատարել է իր առջեւ դրված մարտական խնդիրները եւ լռեցրել հակառակորդին հնարավոր բոլոր ձեւերով:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` հակառակորդի կողմից կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, ականանետեր. «Մենք կփորձենք վաղը կազմակերպել ինֆոտուրեր եւ տեսնել այդ ավերածությունները, կիրառված զենք-զինամթերքի մնացորդները»:
Նա նաև նշեց՝ մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։
«Ըստ բժիշկների, բարեբախտաբար, մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Հիմնականում ստացել են միջին ու թեթեւ վնասվածքներ։ Ընթացքում մենք կփորձենք իրազեկել վիրավորների վիճակի մասին։ Հիմնականում թեթեև ծանրության են, կան նաև մարդիկ, որոնք միջին ծանրության են»,- պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը