«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանը, ձգտելով դուր գալ Ստեփանակերտի հրապարակում հավաքվածներին ու փորձելով հիացական բացականչություններ կորզել իրեն լսող պողոսներից, 2019–ի օգոստոսի 5–ին թիվ «կրակեց»։ Նա հայտարարեց, որ Հայաստանի բնակչությունը դարձնելու է 5 միլիոն։ 2050–ին։
Փողոցում կանգնածների ռեակցիան կանխատեսելի էր՝ ծափեր, ուռաներ, այոներ, Նի՛–կո՛լ, Նի՛–կո՛լ...
2050–ին 5 միլիոն կդառնա՞նք, թե՞ ոչ, հայտնի չէ։ Հայտնի է, սակայն, որ նույն 2019–ին ՀՀ բնակչությունը պաշտոնապես նվազել է 6.100–ով։ 2020–ին նվազման տենդենցը պահպանվում է։
Ի դեպ, օրերս հրապարակած ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ Փաշինյանը «մոռացել» է իր սահմանած նշաձողի մասին։ «Մոռացել» է, քանզի գիտի, որ պողոսները նման փաստաթուղթ չեն կարդում։ Եվ ուրեմն, կարելի է հրաժարվել «կրակելուց»։
Ռազմավարության մեջ թիվ չկա։ Ժողովրդագրության մասով կա շատ անորոշ ու համեստ ձևակերպում. «Ժողովրդագրությունը համարելով առաջանցիկ զարգացման և անվտանգության ապահովման առանցքային բաղադրիչ՝ Հայաստանն իր առջև նպատակ է դրել կայունացնել բնակչության թվաքանակը և նախադրյալներ ստեղծել ժողովրդագրական աճի համար»։
Չկա միտինգ, չկան ճոռոմ խոստումներ, չկա «կրակոց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը