07 07 2020

Հայկ Մարությանը շարունակում է քննադատությունների կենտրոնում մնալ․ «Մեդիա պաշտպան»

Հայկ Մարությանը շարունակում է քննադատությունների կենտրոնում մնալ․ «Մեդիա պաշտպան»

2020թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք:

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 220 հոդված, որոնցից 60-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 158-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է քննադատությունների կենտրոնում մնալ:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. « Հայկ Մարությանի քաղաքապետության արդյունքներից է: Սայաթ-Նովա փողոցի ճակատում տեղակայված շենքի տանիքին երկհարկանի ինքնակամ կառույց են ավելացնում, իսկ քաղաքապետարանն անգործության է մատնված»:

Մամուլի հրապարակումների համաձայն` Երևանի քաղաքապետարանում Քովիդ 19 վարակակիրներն օր-օրի ավելանում են։ Լրատվականի հետ զրույցում քաղաքապետարանի աշխատակիցը, որը չի ցանկացել ներկայանալ, ասել է. «Երբ Հայկ Մարությանը խոսում է պարտադիր դիմակ կրելուց, չկրողներին էլ թշնամի է անվանում, ինչու՞ չի ապահովում իր աշխատողներին այնպիսի դիմակներով, որոնք ինքն է օգտագործում, որոնք իրապես պաշտպանում են վիրուսից։ Թե՞ ինքը վերին արտի ցորենն է»։

Շարունակվում է գույքահարկի բարձրացման թեմայով քննարկումը։ Այդ օրենքի նախագիծը դժգոհություն է առաջացրել, իսկ ի պաշտպանություն այդ օրենքի ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Այդ գրառմանը պատասխանել է լրագրող Սևակ Հակոբյանը. «Պա՛րոն Կարապետյան, Երևանին նախկինում էլ էին գումար հատկացնում, ու մայրաքաղաքը կոկիկ էր, մաքուր, գազոնները ջրած, լիքը ծաղիկներով։ Հիմա ի՞նչ վիճակ է։ Համեմատեք, խնդրեմ, «թալանչի» Տարոն Մարգարյանի և «ազնիվ» Հայկ Մարությանի կառավարման շրջանները։ Էն ժամանակ գույքահարկը բարձր չէր, բայց մայրաքաղաքում նույն էր վիճակը կամ մի քիչ ավելի լավ, քան հիմա։ Դուք մայրաքաղաքում երկու տարում կարողացել եք մեկ գլոբալ խնդիր ստեղծել և «հերոսաբար» հաղթահարել՝ աղբի հարցն է»:

Մամուլն, անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի վարած կադրային քաղաքականությանը և քաղաքապետի կնոջ հնարավոր ազդեցությանն այդ հարցում, գրել է. «Քաղաքապետի կնոջ ընկերուհուն՝ Քրիստինե Վարդանյանին, վերջապես տեղավորեցին աշխատանքի․ նա նշանակվել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ։ Ի դեպ, նա նաեւ ԲՀԿ-ի ավագանու ցուցակում է ընդգրկված եղել։ Նա եւ Հայկ Մարությանի կինը՝ չեխուհի Իվան, Բժշկական համալսարանում միասին նույն ամբիոնում են աշխատում։ Նշենք, որ Վարդանյանը շատ էր ուզում նշանակվել այս պաշտոնում, սակայն «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը, ում զոռով հանեցին գործից, չէր ընդունել Քրիստինեին որպես իր տեղակալ»:

   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ