06 07 2020

Կորցրած «ծովից-ծովի» շարքից․․․ Panorama.am

Կորցրած «ծովից-ծովի» շարքից․․․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Հայաստանը հիմա նման է մի հսկայական երկաթե կոնստրուկցիայի, որի ամրությունն ապահովող բոլոր մասերը երկու տարի շարունակ թուլացրել-շարքից հանել է «Փաշինյան & Co» թիմը։

Քանդիչ նախապատրաստական աշխատանքներից հետո հասել են կարևոր հանգրվաններին, և արդեն չեն էլ փորձում թաքցնել իրենց բուն նպատակը՝ վերջնականապես փլուզել պետությունը՝ հաստատելով անսահմանափակ միապետություն, փչացնելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, սաղմում խեղդելով ցանկացած այլակարծություն։

Կարծես թե հաջողությամբ իրականացվում են չգիտես որ երկրների գաղտնի շտաբներում մշակված ծրագրերը։ Չնայած, ինչու չգիտենք։ Օրինակ, համացանցում տարածվել է , որ 2000 թվականի օգոստոսին մշակվել էր Հայաստանի վրա հարձակման պանթուրքիստական «TSK Altay Harekât Planlama Direktifi» («Այթայ») ծրագիրը: Բոլթոն-Սորոսին էլ մեր աչքով տեսանք, ու մի հազար անգամ էլ ասվել է «Հայաստանի վերականգման հայեցակարգի» սորոսյան ճանապարհային քարտեզի մասին (հանրայնացվել է 2018թ, դեկտեմբերի 9-ին)։

Առերևույթ, գուցեև «Փաշինյան & Co» հաջողում են իրենց ծրագրերում, բայց ոչ երբեք իրականում, քանի որ ազգաբնակչության հե՛չ սրտով չեն պետություն կորցնելու այդ սցենարները։ Մի հատվածը հենց սկզբից էր զգացել կործանման ձեռագիրը, շատերի աչքերն էլ բացվեցին հընթացս։ Երկու տարի հանրության սթափ հատվածն ահազանգում էր, որ այս թիմի գործունեությունը վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա արդեն շատերն են հանգել այդ մտքին՝ իրենց մաշկի վրա զգալով սուտ ու սին խոստումների ծանր հետևանքները։

Իշխող ուժի համար թվացյալ աջակցություն ապահովող զոմբիներին, ֆեյքերին ու աղանդավորներին չհաշված, ժողովրդի մեծամասնությունն ուշքի է գալիս, քանի որ մարդկանց համար կարևոր են ոչ թե հեղափոխական վառ, բայց արդեն վառված կոչերը, այլ օրվա հացն ապահովելու և բուժանտերության մեջ չմեռնելու իրական վախերը։

Օրվա կառավարիչները չեն էլ փորձում գիտակցել, թե ինչ աստիճանի են փոխվել ազգաբնակչության խնդիրները։ Բերքը կորցրած կամ դրա իրացման խնդրի առաջ կանգնած գյուղացուն բնավ չի հուզում, թե ովքեր են Սահմանադրական դատարանի նախագահն ու անդամները։ Համավարակի պայմաններում վարկերի ու հարկերի տակ կքած, իսկ պետությունից գոնե վարկային արձակուրդ չստացող քաղաքացուն այլևս չեն հետաքրքրում իշխող ուժին անցանկալի անձանց և ուժերի դեմ հարուցված քրեական գործերը, որոնք գրեթե բոլորն էլ մնացել են առկախված։

Եվ ի վերջո, շարքային քաղաքացին իրավունք ունի իմանալու, թե ինչու երկու տարի շարունակ, պետական մակարդակով օրենք ու իրավունք ոտնակոխ անելով՝ ոչնչի առաջ կանգ չեն առնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդամենը կալանված տեսնելու համար։ Ո՞ւմ համար է դա այդքան կարևոր։ Սահմանադրական դատարանն են կաթվածահար անում, միայն թե հուլիսի 7-ին չքննվի նրա գործը՝ ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից ստացված խորհրդատվական կարծիքների լույսի ներքո։

Երկու միլիարդ չլսված գրավով Ռ․ Քոչարյանի ազատ արձակման դեմ դատախազությունը գանգատ է ներկայացնում Վճռաբեկ դատարան։ Նախագահ Քոչարյանի պաշտպանական թիմի համար բողոքը սպասելի էր, ավելին՝ կասկածում են, որ գործ սարքելու «մասնագետները» քննությունը խոչընդոտելու մի դարակազմիկ սյուժե էլ կմոգոնեն։ Եթե՜ միայն այս եռանդով կորոնավիրուսի դեմ պայքարեին․․․

Ամո՛թ է։ Ամոթ է այս ճակատագրական օրերին զբաղվել ոչ թե պետության համար իրական վտանգ ներկայացնող ուժերին վնասազերծելով, այլ նոր ջուր ավելացնելով ի սկզբանե ջուր գործին։ Անգամ սարքովի հանրային աջակցությունն այլևս չկա, քանի որ Քոչարյանի ազատազրկման 500 օրերի ընթացքում ոչ մեկի կյանքը չլավացավ, գրպաններում էլ մի կոպեկ չավելացավ (չհաշված իհարկե քայլածներին)։

Շարքային քաղաքացին իրավունք ունի իմանալ, որ հետահայաց վերլուծելով 1997-ից Հայաստանում կատարված հանգուցային իրադարձությունները, պարզ է դառնում, որ բացի երկիրը ոտքի կանգնեցնելուց, նախագահ Քոչարյանը կարողացել է նաև մի քանի անգամ փրկել պետությունը օտարների ծրագրերից՝ Ղարաբաղյան հարցում ոչ հայանպաստ ծրագրերը մերժելը 1997-ին, 1999-ի հոկտեմբերի 27-ն իր հետևանքներով անցնցում հաղթահարելը, 2008-ի հեղարշրջման փորձը կասեցնելը։ Իսկ արդեն 2018-ին, ինքնակամ ներկայանալով դատախազություն և երկու տարի ենթակվելով քաղաքական հալածանքների՝ նա օգնեց լույս սփռել անցած տարիների այդ կիսամութ էջերի վրա։ Փաստորեն, ստացվում է, որ գործող իշխանությունը պատժում է նրան օտարի ծրագրերին խոչընդոտելու համար։

Դադարեցրե՛ք վերջապես այս անիմաստ ու անհեռանկար դատական քաշքշուկը։ Զոմբիների համար անգամ պարզ է, որ այն անմիջապես կկարճվի գործող վարչախմբի հեռանալուն պես, ինչը սարերի հետևում չէ՝ ժողովրդի սթափ հատվածի դիմադրության շնորհիվ։ Աչքներս բաց պետություն կորցնելու վտանգի առաջ ենք հայտնվել, և վա՛յ մեզ, եթե ազգովին այնքան թույլ գտվենք, որ վտանգն այդ իրականություն դառնա․․․ Հետո էլ, իհարկե, կմղկտանք, թե ախր ո՜նց եղավ, որ ծովից-ծովը կորցրեցինք։ Այ, հե՛նց էսպես էլ եղավ, երբ պետության անվտանգությունն ապահովելուն կոչված պաշտոնյաներն ու մարմինները իրենք են նպաստում կոնստրուկցիայի հեղույսները թուլացնելուն։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ