2020 թ-ի հունիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրված է.
«Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 276 հոդված, որոնցից 36-ը եղել է բացասական, 240-ը՝ չեզոք։
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն, անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ասել է․ «Եւ դա նա անում է բոլորի նկատմամբ, երբ Նիկոլ Փաշինյանի ժամանակին շատ մոտիկ ընկեր Սարհատ Պետրոսյանը դուրս է գալիս աշխատանքից եւ իրեն իրավունք է վերապահում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին երկու խոսք ասի, հաջորդ օրը 6-րդ վարչությունը նրա տուն խուզարկության է գնում, դա անթաքույց սուլթանի գործելաոճ է: Երբ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը իրեն իրավունք է վերապահում, ասելու, որ ՀՀ-ի քաղավիացիան խայտառակ վիճակում է, նրան կանչում են ԱԱԾ: Նա իրականության մեջ է, իսկ իրականության մեջ չէ քաղաքական ուժերը եւ հայ ժողովրդի փոքրամասնությունը: հայաստանը քաղաքական հետապնդումներով դարձել է Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի երազած երկիրը, մենք բոլորս, հայ ժողովուրդը դարձել է այդ ընտանիքի հպատակը: ՀՀ-ն չպետք է լինի մի ընտանիքի սեփականությունը, իսկ դրա համար պետք է պայքարել հանուն ՀՀ-ի»։
«Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարություններին, թե դրական փոփոխություններ են եղել ծրագրում, կստեղծեն զբոսաշրջային միջավայր, 2-4 հարկանի պատմական շենքեր, ասել է. «Եթե Տիգրան Ավինյանն առաջարկում է սրճարաններ լինեն կամ հուշանվերների խանութներ, ո՞րն է այստեղ հանրային շահը»:
Մամուլը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրադարձություններին, գրում է․ «Ծառուկյանի տուն ԱԱԾ-ի մտնելը, նրան հարցաքննության կանչելը, ԱԺ պատգամավորների վրա բիրտ ուժ կիրառելը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործողություններ էին: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ծառուկյանը հայտարարություն հնչեցրեց կառավարության կազմը փոխելու անհրաժեշտության մասին: Դրան զուգահեռ, ԲՀԿ-ն «հաշվետվություն» է պահանջում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանից՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված ֆինանսական հոսքերի ու ծախսերի հետ: Իսկ սա վարչապետի ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ամենախոցելի տեղերից է. այստեղ շատ մութ հարցեր ու խութեր կան»:
Մամուլը գրում է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները չեն վերականգնվում․ կառավարական աղբյուրների փոխանցմամբ, գրեթե վերջնական որոշված է, որ Ավինյանը պետք է հեռանա՝ հարմար պահի են սպասում։ Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի վերջերին, երբ համավարակի տեմպը զգալիորեն թուլացած կլինի։ Քննարկվում է նրան փոխարինողի հարցը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը