Մինչ խորհրդարանը լծված էր սահմանադրական կարգի տապալում համարվող օրինագծի քննարկմամբ, համավարակը իր ճիրաններն է առնում նաև իշխող ուժի տասնյակ պատգամավորների։ Սակայն այս պայմաներում էլ ԱԺ-ն շարունակում է արտահերթ աշխատանքները։
«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքով, պատգամավորի աշխատանքը և հատկապես մասնակցությունը նիստերին, շատ կարևոր է․
«Իմ վրա բերեմ օրինակը․ վերջին ժամանակներս մի թեթև մրսածություն եմ ունեցել։ Ես ամեն առավոտ ջերմաչափում եմ անում տանը, հետևաբար եթե ես ջերմություն ունենայի ես դեղ կխմեի որ ջերմությունս իջեցնեի, դա չի նշանակում որ ես կորոնավիրուսով վարակված եմ։ Քանի որ ես ինքս իմ օրգանիզմը գիտեմ։ Միգուցեև ես սխալված լինեի և իմ մոտ կորոնավիուս լիներ, ամեն ինչ էլ կարող էր լինել»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Աղազարյանը։
Սակայն վայրկյաններ անց պատգամավորը հակասեց ինքն իրեն, և հարցին՝ արդյո՞ք ճիշտ է ախտանիշներ ունենալու դեպքում աշխատավայր գնալ-նիստի մասնակցելը, երբ վարչապետն էր հորդորում մարդկանց սոցիալական պատասխանատվություն ունենալ, պարոն Աղազարյանն ասաց․ «Ես գտնում եմ, որ մեզնից յուրաքանչյուրս պարտավոր ենք հետևել այդ կանոններին և մենք պետք է առաջին հերթին մտածենք մեր դիմացինի մասին և ես կարծում եմ, որ չի կարելի այդպիսի բան անել»։
Դիտարկմանը, որ այնուամենայնիվ պատգամավորները, որոնց մոտ վարակը հաստատվել է կոնկրետ ՍԴ-ի վերաբերյալ քննարկումից մեկ օր անց, ամենայն հավանականությամբ գանգատներ են ունեցել, արդյո՞ք պարտադրանք եղել է նիստին և քվեարկությանը մասնակցելու, նա նկատեց․ «Պարտադրանք չի եղել և իմ մոտեցումն եմ ներկայացնում, ես ճիշտ եմ համարում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը համեմատել պատերազմական իրավիճակի հետ և այս իրավիճակում պետության բարձրագույն օղակը չի կարող չաշխատել։ Իմ համոզմունքն այն է, որ եթե պատգամավորների 50 տոկոսն էլ վարակված լինեն կորոնավիրուսով և անհրաժեշտություն կա հավաքվել և կատարել այն աշխատանքը, որն այսօր շատ կարևոր է, մենք պետք է հավաքվենք»։ Նա նկատեց, որ ՍԴ հարցն էլ այդպիսի կարևոր հարցերից էր։
Անդրադառնալով այն հարցին, որ ԱԺ-ն դառնում է համաճարկի օջախ, Հովիկ Աղազարյանն ասաց․ «Ես կարծում եմ կորոնավիրուսի վարակի այս էտապում և ըստ էության մեր մոտ պետք է սկսվի անկումը, պատգամավորներն այդքան շփում ունենալով հանդերձ, նրանց հաջողվել է պահպանել այն իրավիճակը, որ վարակակիներ չեն եղել և նոր են դրսևորուվում։ Ես կարծում եմ՝ սա պետք է արձանագրվի որպես նորմալ ձեռքբերում։ Հենց ԱԺ օրինակով՝ ես միշտ զարմանում էի՝ այդքան շփումներով հանդերձ պատգամավորները տևական ժամանակ զերծ են մնացել վարակվելուց»։
Միևնույն թեմայի շուրջ զրուցեցինք նաև «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ, որը հավաստիցրեց, որ ԱԺ քննարկումների ժամանակ պատգամավորների մոտ վարակը չկար, սակայն խուսափեց մեկնաբանել, արդյոք գանգատներ ունեցել են նիստի օրը վարակակիր պատգամավորները, թե՝ ոչ։
Այնուամենայնիվ, Հակոբյանը նշեց․ «Պետք է հասկանանք՝ ինչ հանգամանքներում է վարակը տարածվել։ Ես չգիտեմ՝ երբ է վատ զգացել իրեն Քրիստինե Պողոսյանը, նախանշաններ ուենցել է, թե՝ ոչ։ Եթե իրենց ինքնազգացողությունը լավ չլիներ, իրենք կմնային տանը, դա Առողջապահության նախարարության պահանջն է»։
Իշխանական պատգամավորը նշեց, որ անկախ ամեն ինչից, իրենք կշարունակեն ԱԺ աշխատանքները՝ պահպանելով կանոնները․ «Դրանով վարակվելու ռիսկերը նվազում են, ես ևս շփվել եմ վարակիրների հետ, բայց պահպանել եմ կանոնները, և որևէ խնդիր չկա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը