24 06 2020

Տրամագծորեն տարբերվող դատական քննություններ. Էլինար Վարդանյան

Տրամագծորեն տարբերվող դատական քննություններ. Էլինար Վարդանյան

Վերջին օրերին մենք հնարավորություն ունեցանք համեմատականներ անցկացնել վերաքննիչ և ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կողմից մարտի 1-ի գործով խափանման միջոցի քննության պրոցեսների միջև։ Վերաքննիչ դատարանում դատական նիստը տրամագծորեն տարբերվում էր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական պրոցեսից։ Այստեղ բոլորովին այլ որակի դատական քննություն էր։ Ցավոք, ոչ բոլոր դատարաններում և ոչ բոլոր դատավորների կողմից է նման որակ ապահովվում։

Մենք տեսանք մասնագիտական պատշաճ մակարդակի քննության օրինակ. ես  նկատի ունեմ ոչ թե որոշումը, այլ դատական գործընթացը։ Բարձրացվող հարցերի որակը, մասնագիտական և պրակտիկ հարցադրումները, քննարկման մթնոլորտը էականորեն տարբերվում էին Աննա Դանիբեկյանի նախագահությամբ գործի քննությունից։

Սա ասում եմ առանց որոշումը կարևորելու։ Նույնը կասեի ցանկացած որոշման դեպքում։

Սրա մասին պետք է մտածել։ Մարտի 1-ի բարդ և բազմաշերտ գործը չի կարող մակերեսային քննության առարկա լինել։ Այս գործի քննության համար անհրաժեշտ է մասնագիտական բարձ որակներ և մարդկային բարձր արժանապատվություն ունեցող դատավոր, որ չի թաքնվի նիստերը ձգձգելու պատրվակի հետևում, չի թաքնվի արձակուրդի և անաշխատունակության թերթիկի հետևում։ Պրոֆեսիոնալ դատավարությունը կարող է լինել միակ երաշխիքը այս բարդ գործի օբյեկտիվ քննության համար։

Մեզ իսկապես թվո՞ւմ է, թե դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է տալ մարտի 1-ի պատասխանները։ Հետևելով նրա նախագահությամբ ընթացող դատական նիստերին, կայացվող որոշումներին, վստահաբար կարելի է ասել՝ ոչ։ Ինչո՞ւ ենք թաքնվել մեկ կնոջ մեջքի ետևում։ Նա այս գործով հայտնվել է մարդկայնորեն ծանր, աննախանձելի վիճակում։ Եվ դատելով դատական պրոցեսից հարմարվել է այդ վիճակի հետ։ Կա հիմնավոր տպավորություն, որ նա ցանկացած հարց քննարկում է արդեն մտքում ունենալով պատրաստի որոշում։ Ի՞նչ ենք սպասում, ակնկալում նրանից։ Տպավորություն է, որ եթե հնարավորություն ունենար, նա էլ Արմեն Դանիելյանի նման, առանց կողմերին պատշաճ լսելու որոշումներ կկայացներ։ Բարդ է ակնկալել նրանից այլ որակի դատավարություն։

Ես էլի եմ կրկնում, նույնը կասեի ցանակացած որոշման դեպքում։ Կարևոր է, թե ինչպիսի իրավական և մասնագիտական գրագիտություն, դատավարական ընթացակարգերի պատշաճ տիրապետում ունեցող մասնագետների կողմից կիրականացվի գործերի քննությունը։

Եթե մենք ուզում ենք, եթե պատրաստ ենք օբյեկտիվ քննության, ապա չպետք է բավարարվենք դանիբեկյանական դատավարությամբ, պետք է կամք գտնենք ազատվել իշխանություններին հավատարմություն խոստացած դատավորների ծառայություններից, պետք է անցում կատարենք այլ որակի դատաքննության, պրոֆեսիոնալ դատաքննության։

Հակառակ դեպքում վաղը՝ իշխանությունը փոխվելուց հետո լրատվամիջոցները ցույց են տալու լրիվ ուրիշ դատավարություններ, և մեղադրյալի աթոռին լինելու են լրիվ նոր (կամ ուրիշ) դեմքեր, այդ թվում այսօրվա քննություն իրականացնողները։

Եթե կա անկեղծ պահանջ հասկանալու մարտի 1-ի գործի էությունը, ապա պետք է ապահովվեն մի քանի պարզ պայմաններ։ Դրանցից է դատավորի որակը։ Աննա Դանիբեկյանի մասնագիտական կարողություններն ակնհայտորեն բավարար չեն նման խորության և ծավալի գործ քննելու համար։

 

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ