19 06 2020

Թորոսյանի «հանճարեղ» որոշումը․ ինքնամեկուսացածներով կզբաղվեն ոստիկանները․ քաղաքագետ

Թորոսյանի «հանճարեղ» որոշումը․ ինքնամեկուսացածներով կզբաղվեն ոստիկանները․ քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առողջապահության նախարարի ամեն հերթական որոշում բանական մարդու մոտ ակամայից հարց է առաջացնում՝ արդյոք Արսեն Թորոսյանը հատուկ է անո՞ւմ , որ երկրում կորոնավիրուսի համաճարակային վիճակը էլ ավելի վատանա:

Այլապես ինչպես բացատրել, որ Արսեն Թորոսյանը կայացրել և արդեն իրականացրել է մի «հանճարեղ» որոշում, որի համաձայն՝ կորոնավիրուսի կասկածով տանը ինքնամեկուսացածների և կոնտակտավորների նկատմամբ վերահսկողությունն այսուհետ իրականացնելու են ոչ թե բժիշկները, այլ՝ ոստիկանները:

Հիմա մի փոքր պարզաբանում.

Մինչ այսօր իրենց տներում ինքնամեկուսացած կոնտակտավորները, ովքեր դեռ չունեին ախտանշաններ և չէին թեստավորվել, կցված էին այդ տարածքը սպասարկող պոլիկլինիկայի կամ ամբուլատորիայի բժշկական անձնակազմին, որն էլ պարտավոր էր առնվազն 1-2 օրը մեկ զանգահարել կամ այցելել նրանց և հատուկ հաստատված հարցաշարի միջոցով պարզել՝ կա՞ն արդյոք կորոնավիրուսի ի հայտ գալու նշաններ: Դրանով մեր համաքաղաքացիները որոշակի բժշկական հսկողության տակ էին գտնվում, և վարակի ախտանշանների առաջանալուն պես նրանց նկատմամբ հսկողությունը պետք է ակտիվանար և պետք է հետազոտություններ և բուժում նշանակվեր: Այս հարցը կարգավորվել էր Արսեն Թորոսյանի՝ մարտի 18-ի հրամանով, որի հավելվածներով նաև սահմանվել էին համապատասխան պոլիկլինիկական հաստատությունների ցանկն ու վերահսկողության ընթացակարգը։

Եվ ահա պարզվում է, որ արդեն մոտ 3-4 օր է՝ Արսեն Թորոսյանը որոշել է, որ պոլիկլինիկայի աշխատակիցներն այլևս չպետք է զբաղվեն նման խնդիրներով և այդ գործառույթը պետք է իրականացնի տարածքին կցված, ուշադրություն՝ ոստիկանը: Այսինքն՝ թաղայինը։
Թորոսյանը որոշել է և պոլիկլինիկաներին հարահանգ է իջեցրել, որ այլևս չզբաղվեն ինքնամեկուսացած կոնտակտավորներով (իմ տեղեկություններով՝ մարտի 18-ի հրամանն էլ ուժը կորցնելու մասին հրաման է ստորագրել)։ Փաստորեն՝ մեր սրտի նախարարի կարծիքով, ոստիկանն է այն մարդը, որը պետք է զանգահարի կամ այցելի քաղաքացիներին ու փորձի պարզաբանել՝ արդյոք նրանք սկսվող վարակի ախտանշաններ ունե՞ն, թե՞ ոչ: Ոստիկանն է, երևի, ջերամաչափելու, թոքերը լսելու ու կոկորդը նայելու:

Ասում են, որ այս որոշումն արդեն իսկ պատճառ է դարձել տեղամասային բուժանձնակազմի և ոստիկանների լուռ դժգոհության։ Նաև ասում են, որ այս օրերին պոլիկլինիկաների բժիշկներն այնուամենայնիվ «գաղտնի» զանգում և հետևում են իրենց տեղամասերի ինքնամեկուսացվածների առողջական վիճակին, դե իսկ ոստիկանները, հավանաբար, թոքերը լսելու արագացված կուրսեր են անցնում:

Իսկ Արսեն Թորոսյանն էլ, երևի, մտածում է, որ կարելի է հաջորդ փուլում բեռը ոստիկաններից վերցնել ու, օրինակ, էլեկտրիկներին տալ, կամ էլ՝ համատիրություններին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ