Հաշվի առնելով երեկ տեղի ունեցած իրավական և քաղաքական «բեսպրեդելը» ԲՀԿ խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը և հենց հիմա լքում ենք նիստերի դահլիճը: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Ես ցավում եմ, որ մեծամասնությունը, որն իշխանության եկավ ժողվրդավարական արժեքները վերականգնելու, Հայաստանում մարդու խոսքի և կարծիքի իրավունքը հարգելու կարգախոսներով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին:
Սա ճանապարհ չէ, սա Հայաստանը դեպի վերջնական փակուղի տանող ճանապարհ է: Մեկ բան կարող եմ ասել խորհրդարանական մեծամասնությանը, որոնցից շատերին շատ լավ ճանաչում եմ: Վստահաբար դեմ եք եղել ձեզ պարտադրված այս անօրինական քվեարկությանը, սակայն մեկ բան հիշեք՝ Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս չունի:
Մենք պայքարելու ենք ՀՀ-ում իրական ժողովրդավարական արժեքների, յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավունքների համար և այն երեկ ձեր բոլորի և գլխավոր դատախազի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցածն այս դահլիճում ոչ այլ ինչ է, քան քաղաքական հաշվեհարդար ձեր կարծիքի հետ անհամաձայնությունհայտնած քաղաքական ուժի և նրա ղեկավարի հանդեպ:
Ասեմ միայն, որ միջազգային ողջ հանրությունը, եվրոպական կառույցները ուշի-ուշով հետևում են Հայաստանում ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հանդեպ ընթացող այս ռեպրեսիվ գործընթացներին:
Հաշվի առնելով երեկ տեղի ունեցած իրավական և քաղաքական «բեսպրեդելը» ԲՀԿ խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը և հենց հիմա լքում ենք նիստերի դահլիճը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը