16 06 2020

Հայկական հեղափոխությունը խժռում է իր դաշնակիցներին. «Կոմերսանտ»

Հայկական հեղափոխությունը խժռում է իր դաշնակիցներին. «Կոմերսանտ»

«Կոմերսանտ» թերթը անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցի վերաբերյալ տեղի ունեցած քվեարկությանը:

«Պարոն Ծառուկյանին մեղադրում են 2017 թվականներին ընտրողներին կաշառելու մեջ, սակայն ինքը՝ քաղաքական գործիչը և նրա համակուսակիցները վստահ են, որ իրականում նրան հետապնդում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջելու համար: Մինչդեռ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը աջակցել է Նիկոլ Փաշինյանին և անգամ օգնել է նրան»,- ասվում է պարբերականի հոդվածում:

«Դատելով այն ամենից, ինչ առավոտից կատարվում էր Երևանի փողոցներում, Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցող ամեն ինչ նախապես ծրագրված է եղել»,- ասվում է հոդվածում: Թերթն ընդգծում է, որ ոստիկանական ուժեր էին հավաքվել ԱԺ-ի մոտակայքում, ինչպես նաև ԱԱԾ շենքի մոտ, որպեսզի անմիջապես ճնշեն քաղաքական գործչի աջակիցների՝ հանրահավաք անցկացնելու փորձերը:

«Հատկանշանակ է, որ 2018-ի գարնանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր խորհրդարանին՝ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: Այն ժամանակ նա «Ելք» խմբակցության պատգամավոր էր և հակակառավարական ակցիաներ էր անցկացնում: Սակայն ավելի ուշ Դավթյանը խոստովանել էր, որ հետ է կանչել միջնորդությունը այն ժամանակվա վարչապետի խնդրանքով»,- նշում է հոդվածի հեղինակը:

«Այն, ինչ այժմ տեղի է ունենում, վերնախավի փոփոխության շարունակությունն է: Նոր վերնախավի ներկայացուցիչները կասկածանքով են վերաբերվում մարդկանց, որոնք իրենց օտար են: Սակայն հեղափոխության ժամանակ Ծառուկյանի կուսակցությունն աջակցել է Փաշինյանին և անգամ աջակցել է նրան: Ինչպես հայտնի է, «հեղափոխությունը խժռում է իր զավակներին», և մենք տեսնում ենք այդ գործընթացը»,- թերթի հետ զրույցում նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա հավելել է՝ «հաջորդ փուլում ընդդիմադիրներ ի հայտ կգան արդեն նոր վերնախավի ներսում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ