168.am-ը հայտնում է․ «Իշխանությունն ակնհայտորեն գնում է շանտաժի, քաղաքական ճնշումների ճանապարհով, որի նպատակն է՝ լռեցնելով Գագիկ Ծառուկյանին և նրա թիմին՝ լռեցնել նաև այն խնդիրների բարձրաձայնումը, որոնց հայելանման արտացոլանքը հունիսի 5-ին ցույց տրվեց այս իշխանությանը։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
«Իշխանությանը ցույց տվեցինք իրենց իրական դեմքը՝ առանց վիրավորանքի ու ամպագոռգոռ հայտարարությունների։ Ցույց տվեցինք կառավարման համակարգի այն կոլապսը, որը մենք ունենք, որոնց կավելանան նաև դատարկ խանութները, եթե այսպես շարունակվեց, ուստի, կրկնում եմ՝ կատարվողը իրավական գործընթաց չէ, ու դրա ապացույցն այն է, որ մեղադրանքներն անընդհատ փոխվում են, խառը վիճակ է»,- ասաց Աբովյանը։
Պատգամավորի խոսքով՝ բնական է, որ իշխանություններն ամեն կերպ հրաժարվում են ասել, որ գնում են քաղաքական հետապնդումների ճանապարհով։
«Հասկանում եմ, որ իշխանությունը գժվել է, բայց դե, մինչև վերջ չի գժվել, որ հայտարարի, որ գնում է քաղաքական հետապնդումների։ Ավելին, եթե համեմատեք այն պետությունների օրինակների հետ, որտեղ նմանատիպ գործընթացներ են տեղի ունեցել, կտեսնենք, որ իշխանությունների կողմից ասված տեքստերը քոփի-փաստ են արված այնտեղից։ Իշխանությունը, իհարկե, գնում է քաղաքական ինքնասպանության, բայց չի՛ արագացնում այդ գործընթացները։ Ես հայտարարում եմ՝ ստում են, երբ ասում են, թե Ծառուկյանը գիտեր իր շուրջ հարուցվող քրեական գործերի մասին, դրա համար նախահարձակ եղավ և փորձում է քաղաքական աստառ տալ երեկվա կատարվածին։ Կրկնում եմ՝ ստում են, որովհետև նրանք դա արեցին, որովհետև նրանց ասացին՝ տղանե՛ր և աղջիկնե՛ր, դուք մսխել եք այն վստահությունը, որը մարդիկ ձեր նկատմամբ ունեին, իշխանությունը հայտնվել է բուռն ցնցումների մեջ, որովհետև նրանց ասել են, որ դուք տանուլ եք տվել ամեն ինչ, իսկ իշխանությունը ցնցումների մեջ ընկավ Գագիկ Ծառուկյանի ասածներից հետո, որովհետև ամեն ինչ ասվեց ամենամեծ խորհրդարանական ընդդիմության ղեկավարի կողմից»,- ասաց Աբովյանը։
Պատգամավորի փոխանցմամբ՝ Ծառուկյանը վերջնականապես նման ելույթ ունեցավ, որովհետև արդեն հոգնել են երկու տարի իշխանության սխալներն ասելուց, բացատրելուց, ինչպես նաև դրանք ուղղելուն միտված առաջարկներ անելուց, որոնք մշտապես մնում են անպատասխան։
Հարցին, իսկ հոգնելուց բացի, արդյո՞ք փոշմանել են, որ 2018թ․ մայիսի 2-ին «Մարիոթ» հյուրանոցում Փաշինյանի և Ծառուկյանի հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը հյուրանոցի բակում ասաց, որ սատարելու են Նիկոլ Փաշինյանին, և, որ իրենք իրավիճակ փոխեցին, Արման Աբովյանն ասաց.
«Ո՛չ, չենք փոշմանել։ Մենք յուրաքանչյուր դեպքում եղել ենք, կանք ու կլինենք ժողովրդի ընտրության կողքին, իսկ երեկվա դեպքերը ցույց տվեցին, որ մարդիկ հասկացել են մեկ բան՝ պաշտպանելով Գագիկ Ծառուկյանին, պաշտպանում են իրենց։ Պարադոքսալ բան տեղի ունեցավ նաև՝ մարդիկ, որոնք արել էին հեղափոխություն, երեկ արեցին հակահեղափոխություն»,- ասաց Աբովյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի գնահատմամբ՝ երեկ տրվեց հակահեղափոխության մեկնարկն այն դեպքում, երբ հրահանգ էր տրվել մարզպետներին՝ թույլ չտալ մարդկանց դուրս գալ մարզերից և իրենց գուղերից։
«Մտեք, գրեք, մարդկանց թույլ չտաք դուրս գան իրենց գյուղերից և նման բաներ, և սա այնքան ակնհայտ է, որ ապացուցելու բան էլ չկա»,- ասաց Աբովյանը։
Նրա խոսքով՝ երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ու բոլոր այն մարդկանց, որոնք համաձայն չեն երկրում ընթացող գործընթացների հետ, հայտարարված է պատերազմ, սակայն իրենք ունեն մշակած սցենար՝ այդ ամենին դիմագրավելու համար։
«Մենք հաշվարկել ենք մեր հետագա անելիքները, հաշվարկել ենք նաև իշխանության գործողությունները, պատկերացնում ենք՝ ինչ են անելու, և հասկանում ենք, թե ինչի են ունակ իրենք։ Բայց կրկնում եմ՝ բոլոր սցենարներն էլ հաշվարկել ենք և խոստանում ենք՝ իշխանություններին զարմացնելու ենք, և բազմաթիվ անգամներ, այնքան, մինչև խելքի գան։ Հիմա պարզապես փակագծերը չեմ բացի»,- ասաց Աբովյանը՝ շեշտելով, որ գիտեն իրենց անելիքների հերթականությունն անգամ այն դեպքում, եթե Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։
Նշենք, որ նկարահանումից 1 ժամ անց հայտնի դարձավ, որ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողով է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն, և հարցը կքննարկվի ԱԺ վաղվա նիստում։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Արման Աբովյանը նշեց, որ ընթանում են համախմբման գործընթացներ տարբեր արտախորհրդարանական ուժերի կողմից, իրենք հանդիպումներ են ունենում խորհրդարանից դուրս գտնվող, այդ թվում և՝ նորաստեղծ ուժերի հետ։
«Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի այն ասածին, թե իրենք գիտեին, որ Գագիկ Ծառուկյանը հանիպումներ է ունեցել Արթուր Վանեցյանի հետ, ապա պետք է ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը երբեք էլ չի թաքցրել իր հանդիպումները, ավելի ճիշտ կլիներ՝ անգամ մեր խմբակցությունից էլ դա ճշտել՝ հանդիպումներ եղե՞լ են, թե՞ ոչ, այնպես որ, պետք չէ լուրջ դեմք ընդունել և ասել, որ՝ ահա, մենք այս բանը գիտենք»։
Հարցին՝ իսկ ինչպե՞ս կարող է ԱԺ փոխխոսնակին հասու լինել քաղաքական գործիչների այգիներում ունեցած հանդիպումների մասին տեղեկությունը, արդյո՞ք Ազգային անվտանգության ծառայությունն է իրազեկում պաշտոնյային, Արման Աբովյանը պատասխանեց.
«Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունն աշխատում են պաշտոնյաների վրա, որովհետև այն թղթերը, որոնք հայտնվում են տարբեր մարդկանց ձեռքում, և այլն, ցույց են տալիս, որ այդ կառույցներն աշխատում են ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ առանձին պաշտոնյաների համար։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք երեկվա գործողություններն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի քննությունն էին Նիկոլ Փաշինյանին, ապա պետք է ասեմ, որ այդ քննությունը նրանք հանձնեցին անբավարար, որովհետև այն ունենալու է շատ ծանր հետևանքներ պետության և իշխանության համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը