15 06 2020

Կին գործիչների համար հատուկ վերաբերմունք պահանջելով՝ նվաստացնում են․ ԱԺ փոխխոսնակ

Կին գործիչների համար հատուկ վերաբերմունք պահանջելով՝ նվաստացնում են․ ԱԺ փոխխոսնակ

«Կանայք նույնպես ունեն իրենց բողոքն արտահայտելու իրավունք»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը և նշել, որ կին գործիչների համար առանձնահատուկ վերաբերմունք պահանջելով` նվաստացում են նրանց դերը։ Ստորև ներկայացնում ենք Լենա Նազարյանի գրառումն ամբողջությամբ․

 

«Ամեն ինչ շուռ տալու նուրբ արվեստը դրդում է որոշ մարդկանց ասպետական ոճով պաշտպանել կին կուսակցական կամ քաղաքական գործիչներին։ Չեն էլ նկատում, որ կին գործիչների համար առանձնահատուկ վերաբերմունք պահանջելով` նվաստացնում են նրանց դերը։ Կանայք նույնպես ունեն իրենց բողոքն արտահայտելու իրավունք։ Այլ բան է, թե ինչն է նրանց դրդում փողոց փակել՝ իրենց կուսակցության հովանավոր-ղեկավարի մասնավոր շահը, թե՞ հանրային շահը։ Սա այլ հարց է։ Եվ, իհարկե, ոստիկանները չպետք է և չե՛ն գերազանցել իրենց լիազորությունները թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում, չե՛ն խախտել մարմնի անձեռնմխելիության իրավունքը։

Եթե այս մասով ասելիք կա, ասեք, եթե չէ, ապա հարկ չկա կին գործիչներին ասպետական կամ հայրական հովանոցի տակ առնել և նենգափոխել կանանց վերաբերող իրական խնդիրները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ