Եթե հարգելի առողջապահության նախարարը սկզբունքային գործիչ լիներ, ապա պետք է կոչ աներ Գագիկ Ծառուկյանին չվստահել Հայաստանի կոռումպացված դատական համակարգին և չկատարել դատարանի որոշումները, ինչպես ինքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «Սկզբունքային նախարարը» վերնագրով գրառման մեջ նշել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Քիչ առաջ կարդացի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը․«Վստահ եմ, որ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները մինչև վերջ կքանդեն այս կծիկը և բոլոր, անխտիր բոլոր մեղավորները կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը»:
Մի կողմ թողնենք, որ Հայաստանում մոլեգնող համաճարակի և դրա հետևանքով հարյուրավոր մահերի հիմնական պատասխանատուն, փոխանակ խիղճ ունենար և հրաժարական տար, կամ գոնե փորձեր շտկել համաճարակային իրավիճակը, ժամանակ է գտնում մասնակցել Սիրելի Առաջնորդի հայտարարած ներքաղաքական պատերազմին և իրեն իրավունք է վերապահում, որպես գործադիր պաշտոնյա պատիժ պահանջել, խախտելով անմեղության կանխավարկածը», գրել է իրավապաշտպանը։
Ըստ Ավետիք Իշխանյանի՝ «եթե հարգելի նախարարը լիներ սկզբունքային գործիչ, ապա պետք է կոչ աներ Գագիկ Ծառուկյանին․
-Պարո՛ն Ծառուկյան, մի՛ վստահեք Հայաստանի կոռումպացված դատական համակարգին և մի՛ կատարեք դատարանի որոշումները, ինչպես ես»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը