«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված հունիսի 14֊ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանն իրականացված խուզարկության և դրան հաջորդած իրադարձությունների հետ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Հունիսի 14֊ին մամուլից տեղեկացանք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։
Այնուհետև ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց պաշտոնական կայքով, համաձայն որոնց երեք առանձին դեպքի առիթով քրեական գործեր են հարուցվել, որից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ նշված գործերով հարցաքննության։
Այդ ընթացքում ԱԱԾ գլխավոր մասնաշենքի մոտ տարերայնորեն և ինքնաբուխ կերպով հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորներ։
ՀՀ Ոստիկանությունը, կիրառելով անհամաչափ ուժ, բերման էր ենթարկել, ըստ ոստիկանության տվյալնների, 252 մարդու (վարչական ձերբակալում)՝ այդ ընթացքում դրսևորելով անհարգալից վերաբերմունք քաղաքացիների և պատգամավորների նկատմամբ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է, որ հանցագործություն կատարած անձինք պետք է ենթարկվեն քրեական հետապնդման և դատապարտվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Միևնույն ժամանակ մենք, հավատարիմ մնալով իրավական պետության արժեքներին և իրավունքի գերակայության սկզբունքին, դատապարտում ենք քաղաքական ազդեցությունն ու վերահսկողությունը ցանկացած քրեական հետապնդման նկատմամբ։
Օրենք խախտած յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվություն կրի օրենսդրության ամբողջ խստությամբ, սակայն իրավական գործընթացների օգտագործումը, ինչպես նաև շանտաժի, կոմպրոմատների օգտագործումը՝ որպես քաղաքական գործիք՝ ընդդիմախոսներին լռեցնելու, բռնաճնշելու նպատակով, անընդունելի է և դատապարտելի:
Քաղաքական ազդեցությունը իրավապահ մարմինների նկատմամբ ոչնչացնում է քրեական հետապնդման իրավաչափությունը։
Վերոնշյալ գործընթացներին զուգահեռ քաղաքական իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ պատգամավորների և նախարարների կողմից սոցիալական ցանցերում տարածվում էին առերևույթ նախաքննության գաղտնիք պարունակող ապացույցներ։
Ավելին, վերոնշյալ պաշտոնատար անձինք անմեղության կանխավարկածի ակնհայտ խախտմամբ հայտարարություններ էին անում։
Հատկանշական է՝ նույն օրվա ընթացքում տարբեր դեպքերի առթիվ քրեական գործերի հարուցումը և նույն անձին այդ նույն գործերով հարցաքննության կանչելը։
Վերոնշյալն ակնհայտորեն ցույց է տալիս, որ քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտության և վերահսկողության ներքո։
Սա արդեն փաստում է իշխող քաղաքական ուժի՝ պետական քաղաքականություն իրականացնելիս ազնվության ակնհայտ բացակայության և երկակի ստանդարտներով առաջնորդվելու մասին, ինչը դրսևորվում է կոմպրոմատային քաղաքականությամբ և օրենքի ընտրողաբար կիրառմամբ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, քրեական հետապնդումներ իրականացնելը, օրենքի ընտրողաբար կիրառումը։
Իշխանություններին կոչ ենք անում զբաղվել համավարակի դեմ պայքարով և սոցիալ֊տնտեսական բարդացող իրավիճակի կառավարմամբ՝ քրեական հետապնդումները թողնելով միայն իրավապահ մարմիններին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը