Ոստիկանությունը պարզաբանում է տարածել կապված ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառման հետ:
Պարզաբանման մեջ ասվում է. «Օրերս ԱԺ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ իշխանության ներկայացուցիչները գնումների ոլորտում մշակել են կոռուպցիոն մեխանիզմներ, այսպես ասած՝ թաթախված են մաքսանենգ գործունեության մեջ, Հայաստանում եւ արտերկրում ձեռք են բերել թանկարժեք բնակարաններ եւ այլն։ ԱԺ պատգամավորի գրառումը հրապարակվել էր նաեւ որոշ լրատվամիջոցներում։
Հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է ուղարկվել հիշյալ հրապարակումը՝ դրանում նշված հանգամանքների վերաբերյալ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։
Հոդվածի կապակցությամբ պարզաբանումների եւ հանցագործության մասին սահմանված կարգով հաղորդում տալու նպատակով՝ հունիսի 10-ին Արտյոմ Ծառուկյանը հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ պայքարի վարչություն, որտեղ, հայտնել է, որ բացի իր գրառած տեղեկություններից՝ այլ տվյալների չի տիրապետում, հրաժարվել է վերը նշված տեղեկությունների կապակցությամբ հաղորդում տալուց՝ պատճառաբանելով, որ առերեւույթ հանցագործության վերաբերյալ հիմնավոր որեւէ փաստի չի տիրապետում եւ բավարար հիմքեր չունի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը