Քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանում Իրանի դեսպանի և այսպես կոչված՝ «ԼՂ ադրբեջանական համայնքի» ղեկավարի հանդիպմանը։ Նա մասնավորապես նշել է, որ ԱԳ նախարարի՝ ԵԽ հայտարարությանը հետևած՝ խորհրդարանի եվրոպական ուղղությամբ «զբաղվող» ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնելու տրամաբանության մեջ այժմ նա պետք է շնորհակալություն հայտնի շատ «արդյունավետ աշխատանքի» համար արտգործնախարարության Իրանի ուղղությամբ աշխատող իր գործընկերներին։ Գրառումը՝ ստորև․
«Իսկ մեր արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող անձը չի՞ ուզում մինչև իր շուտափույթ հեռանալը՝ շնորհակալություն հայտնել շատ «արդյունավետ աշխատանքի» համար արտգործնախարարության Իրանի ուղղությամբ աշխատող իր գործընկերներին և խորհրդարանի Իրանի հետ բարեկամության խմբի անդամներին:
Հակառակն անազնիվ կլինի, եթե չաշխատելու համար երեկ շնորհակալություն էր հայտնում խորհրդարանի եվրոպական ուղղությամբ «զբաղվող» ներկայացուցիչներին, այն դեպքում, երբ արդեն առկա էր Եվրոպական խորհրդարանի եռյակի խայտառակ հայտարարությունը, հիմա էլ նույն տրամաբանության մեջ, իր համար առիթ կա՝ շնորհակալ լինելու իրանական ուղղության համար:
Ժամ շուտ հեռացե՛ք պարոն Մնացականյան,
բանը-բանից՝ վաղուց անցել է...»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպանության թվիթերյան օգտահաշվում հրապարակվել է, ինչպես այնտեղ է նշված՝ «ԼՂ ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գանջալիևի և Ադրբեջանում Իրանի դեսպան Ջահանգիրզադեի լուսանկարը, որին կից՝ գրառում. «Նրանք քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը։ Դեսպանը պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում և տարածաշրջանային երկրների նախաձեռնությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը