09 06 2020

Չդիահերձելու օրենքը նպատակ է հետապնդել թաքցնե՞լ ապացույցները․ Ռուբեն Մելիքյան

Չդիահերձելու օրենքը նպատակ է հետապնդել թաքցնե՞լ ապացույցները․ Ռուբեն Մելիքյան

Նա նշել է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի ծավալուն նախադեպային իրավունք, որով պետությանը պարտավորեցնում է, նախ, առողջապահական համակարգն այնպես կազմակերպել, որ անձինք ունենան պատշաճ բուժօգնության հնարավորություն, և երկրորդ՝ պատշաճ քննություն իրականացնել անձի մահվան դեպքում՝ պարզելու և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, եթե իհարկե կա՛ն մեղավորներ։ Իրավաբանները դա կոչում են «կյանքի իրավունքի (ՄԻԵԿ 2-րդ հոդվածի) ընթացակարգային բաղադրատարր»։

Ընդ որում, մահվան պատճառների պատշաճ քննություն իրականացնելու պետության այդ «պոզիտիվ պարտականությունը» (սա մասնագիտական տերմին է) լիարժեք տարածվում է նաև առողջապահական համակարգի հոգածության ներքո գտնվող անձանց մահվան դեպքերի վրա։

Կորոնավիրուսից արդեն ունենք շուրջ 300 մահ, որոնցից 217-ը՝ «առաջին ցուցակով», իսկ 74-ը՝ «երկրորդ ցուցակով» (մի հարցրեք տարբերությունը․ ոչ ոք էլ չգիտի, քանի որ դիահերձումներ օրենքով չեն կատարվում)։ Արդյո՞ք պետությունն իրականացնում է պատշաճ քննություն։ Արդյո՞ք պարզում է մահվան պատճառը և մեղավորներին, թե ոչ։ Օրինակ՝ ըստ վարչապետի՝ առնվազն մեկ մարդ մահացել է, քանի որ անհրաժեշտ բուժօգնության համար «չկար ազատ տեղ»։ Այս ամենը մի օր պե՞տք է իրավական գնահատական ստանա։

Ի դեպ, քննարկման առարկա հարցերից մեկն էլ լինելու է հետևյալը. չդիահերձելու պահանջ օրենքով սահմանելը արդյո՞ք նպատակ է հետապնդել թաքցնել ապացույցները, թե՞ ոչ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ