ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.
«2018թ, հունիս-հուլիս
ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՕՐԻՆԱՉՓՈւԹՅՈւՆՆԵՐԸ
3-րդ մաս
Հեղափոխական այս իրավիճակի հանգուցալուծումը սովորաբար կատարվում է խարիզմատիկ առաջնորդի կողմից ժողովրդի համար առավել ընդունելի ու հասկանալի կարգախոսներով վճռական պայքարի դուրս գալով։ Այս պայմաններում իշխանությունն ունի երկու ճանապարհ՝ ուժի գործադրմամբ, ճնշումների գնալով, ամեն գնով պահել իշխանությունը (որը հայտնի չէ կհաջողվի, թե ոչ), կամ էլ ինքնակամ հեռանալ։ Ուժի գործադրմամբ իշխանության պահպանումը, եթե դրանից անմիջապես հետո չեն կատարվում արմատական, համակարգային և իրական փոփոխություններ, միայն կարող են ժամանակավորապես հետաձգել հեղափոխությունը։ Ուժի գործադրմամբ իշխանությունը պահելու փորձերը բազմաթիվ են՝ սկսած Բուրժուական առաջին հեղափոխությունից Անգլիայում, վերջացրած Մարտի 1-ի իրադարձություններով Հայաստանում։ Բոլոր այն դեպքերում, երբ ուժի գործադրմանը չեն հետևում արմատական ռեֆորմներ, հեղափոխությունը հետաձգվում է կարճ ժամանակով։ Ուժի գործադրումից առաջ սկսված և հետո շարունակված արմատական բարեփոխումներով հեղափոխության հետագա զարգացման օրինակ կարող է հանդիսանալ Չինաստանը, որը 1989թ. Տյանանմին հրապարակում ուսանողական ցույցերը դաժանաբար ճնշելուց հետո կարողացավ իրականացնել տնտեսական հարաբերությունների ապագաղափարականացման, շուկայական տնտեսության արտոնմանն ուղղված լայնածավալ բարեփոխումներ, որը դարձավ այսօրվ չինական «հրաշքի» սկիզբը։
Սկզբում արդեն նշեցի, որ նախահեղափոխական շրջանում հասարակական պահանջներին համահունչ կարգախոսների հետ միաժամանակ հնչում են նաև հասարակության տարբեր դժգոհ շերտերի ու խմբերի իրենց կողմը գրավելու, հեղափոխական ընդհանուր, հնարավորինս հուժկու ալիք ձևավորելուն ուղղված կոչեր։ Այսպիսով ակնհայտորեն մարգինալ, իշխանության կողմից ձեռնարկված յուրաքանչյուր քայլի վարկաբեկմանն ու մերժմանն ուղղված կարգախոսներով հանդես եկող ուժերն սկսում են իրենց իդենտիֆիկացնել որպես հեղափոխության հիմնական շարժիչ ուժ, իսկ իրենց կարգախոսները՝ հեղափոխության հիմնական կարգախոսների անբաժանելի մաս։
Այսպիսով հեղափոխական շարժման մեջ, մինչև դրա հաղթանակը միաձուլվում են տարբեր, հաճախ իրարամերժ գաղափարական կողմնորոշումներ, տարբեր արժեհամակարգեր կրող ուժեր ու լիդերներ։ Սա արվում է մի տրամաբանությամբ՝ «առաջնահերթը իշխող ռեժիմի հեռացումն է, իսկ մեր տարբերությունների մասին մենք կմտածենք հեղափոխության հաղթանակից հետո»։ Այսպիսի «էկլեկտիկ» հեղափոխական ղեկավարությունների օրինակները բազմաթիվ են՝ Ֆրանսիայում կոմս Միրաբոյից մինչև Մարատ և Ռոբեսպիեռ, Ռուսաստանում՝ Օկտյաբրիստերից ու կադետներից մինչև Էսէսռներ ու բոլշևիկներ։
Հեղափոխության հաղթանակից հետո իշխանության մեջ են ընդգրկվում դրա ընթացքում քիչ թե շատ աչքի ընկած տարբեր գործիչներ։ Ստեղծված էյֆորիկ մթնոլորտում հնչող հեղափոխական, հասարակական սպասելիքների բավարարմանն ուղղված պահանջները՝ նախկին արատավոր համակարգի ամբողջական կազմաքանդման, հակաօրինական գործողություններով աչքի ընկած օդիոզ դեմքերին օրենքով նախատեսված պատասխանատվության կանչելու, անօրինական միջոցներով կուտակած հարստությունը պետական գանձարան վերադարձնելու մասին, սկսում են ուղեկցվել նախահեղափոխական շրջանում «բողոքային վարքականոն» ունեցող անձանց հայտարարություններով, որոնք փորձում են, արդեն որպես իշխանության կրողներ, հասարակությանը պարտադրել իրենց դավանած մերժողականությունը նաև ավանդական արժեքների, հեղինակությունների, վարքականոնի, փոխհարաբերությունների նկատմամբ, դրանք ներկայացնելով որպես հեղափոխական արժեքներ և հեղափոխության ձեռքբերումներ։ Բավական է հիշել բոլշիկյան հեղաշրջումից առաջ և հետո «պատերազմում սեփական երկրի պարտության գնով հեղափոխություն սկսելու», թշնամուն տարածքներ հանձնելու գնով իրենց իշխանության ամրապնդման փորձ անելու, եկեղեցին որպես հասարակության հիմարացման գործիք, ընտանիքը, որպես անցյալի մնացուկ ներկայացնելու փորձրը։ Նման ծայրահեղ դրսևորումների մենք, ցավոք ականատես ենք լինում նաև Հայաստանում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը