Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա․ կաթողիկոսը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ պատգամ է հղել։
«Հրաշքի համազոր երևույթ էր իր անկախության, իր հայրենիքի ազատության վերահաստատումը թեկուզ պատմական Հայաստանի մի կտոր հողի վրա։ Ազգերի պատմության մեջ այնտեղ, որտեղ ամուր հավատք ու կամք կա, ներքին միասնականություն կա, հայրենիքի համար կռվելու ու նույնիսկ արյուն թափելու սրբազան նախանձախնդրություն կա, այնտեղ կա նաեւ հրաշք։ Այսպես եղավ Հայաստանի Հանրապետության կերտումը մի խումբ հերոսների կողմից»,- նշել է կաթողիկոսը իր պատգամում։
Արամ Ա-ն հիշատակեց, որ թեև անկախ Հայաստանի կյանքը երկար չի տեւել, սակայն անկախության ոգին ու տեսլականը վառ են մնացել հետագա սերունդների կյանքում։
«Պատմությունը անցած իրականությունների ամբողջություն չէ, պատմությունը շարունակվող ընթացք է, վայ մեզ, եթե պատմական իրողությունները փոշիների տակ պահենք։ Պատմությունը մեզ ասելիք ունի։ Հարյուր տարիներ առաջ Հայաստանի առաջին անկախությունը կերտած մեր հերոսները այսօր եւս մեզ հիշեցումներ ունեն կատարելիք։ Եթե ականջ ունենք լսելու, եթե հավատք, կամք ու հանձնառություն ունենք այդ հիշեցումները կյանքի վերածելու։
Առաջին հիշեցում՝ ներկա ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության հզորացումը, իր անվտանգության ամրացումը, իր տնտեսության ծաղկումը, իր միջազգային հարաբերությունների ծավալումը, յուրաքանչյուր հայի, հայրենի մեր ժողովրդին եւ մեր ողջ ժողովրդին համար գերագույն առաջնահերթություն է։
Արցախի անկախության ամուր պահպանումը, մեր հերոս բանակի առավել կազմակերպումը, Արցախի հայության՝ իր սրբազան հողին ամուր կապվածությունը, յուրաքանչյուր հայի եւ ողջ հայության համար պետք է դառնա ամենօրյա տագնապ։ Չմոռանանք, որ Արցախի հզորացումը, Արցախ անվտանգության պահպանումը Հայաստանի հզորացումն է։ Հայաստանին եւ Արցախին հզորացումը մեր ազգային պահանջատիրության ամուր հիմքն է։
Երրորդ հիշեցում՝ զգույշ, հազար անգամ զգույշ նայեք պատմությանը՝ ինչ էին Հայաստանի պայմանները 1918-ն, տնտեսական տագնապ, համաճարակ, արտաքին ճնշում եւ Հայաստանը շրջապատված թշնամիներով։
Բաղդատենք անցյալի Հայաստանը ներկա Հայաստանի հետ, միթե նույնը չէ կացությունը առավել կամ նվազ չափով: Հայաստանի պահպանումը մեր ժողովրդի համար գերագույն սրբություն պետք է դառնա, հայրենի մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, մեր ժողովրդի ներքին ուժը ջլատող ամեն տեսակ մոտեցումներից։
Մենք պետք է համախմբենք մեր ժողովրդի, համայն հայության ներուժը, որպեսզի միասնաբար, հաղթելով մեր ունեցած տարբեր տեսակետները, միասնաբար Հայաստանի, Արցախի, հայության մեր դատի շահերը նկատելով մեր ժողովրդի անխախտ առաջնահերթությունները։ Հարգել մայիսի 28-ի հերոսներին նշանակում է հավատարիմ մնալ նրանց նվիրական կտակին, Արցախի ու Հայաստանի անկախությանը եւ անկախության հոգին ու տեսլականը ամբողջական Հայաստանին, ամբողջական հայության տեսլականը վառ պահելով մեզնից յուրաքանչյուրի կյանքի մեջ․ ահավասիկ պատգամը մայիս 28-ին»,- ասել է կաթողիկոսը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը