Կարող ենք արձանագրել, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ, ըստ էության կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են և խնդիրը մնում է այդ կանոնների պահպանումը: Մենք խնդիր ունենք կանոնների պահպանման որակի հետ: Կա մի համընդհանուր կանոն՝ դա ձեռքերի պարբերաբար ախտահանումն է, դիմակի կրումը՝ հնարավորինս լայնորեն, երրորդ՝ սոցիալական հեռավորության պահպանումը: Մենք վստահ ենք, որ այս կանոնների պահպանման դեպքում մեր համաճարակային վիճակը ոչ միայն կբարելավվի, այլ կձգտի զրոյին»,- նշեց վարչապետը։
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է բեկում մտցնել և զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը կամ մոտեցնել զրոյին: Այնուամենայնիվ, մինչ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն, այսօր արդեն սկսվել են ռեյդեր հանրապետության ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտված իրավաբանական անձանցով, տնտեսվարողներով: Խստացված ստուգումներ կիրականացվեց միջմարզային ճանապարհներին, անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի, թե արդյո՞ք ավտոմեքենայում գտնվող բոլոր քաղաքացիները կրում են դիմակներ, և երբ կանոնները կխախտվեն, կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդները»,- նշեց նա։
Վարչապետը նաև ասաց․ «Երբ քաղաքացու՝ համաճարակային վարքագծի փոփոխություն տեղի ունենա, մենք կունենանք համաճարակի հաղթահարում: Մենք ուրիշ մեթոդ չգիտենք, մենք վարչական մեթոդներ ենք կիրառում, բայց մեր կառավարության ծագումնաբանությունը թույլ չի տալիս ամենադաժան դիկտատուրական մեթոդները կիրառել»,-ասաց նա:
Նա նշեց, որ ինչ արել են, արել են՝ հենվելով քաղաքացիների անհատական վարքագծի վրա և գուցե իրենց սխալն այն է, որ առաջին օրվանից ուրիշների համար սահմանած կանոններն իրենք չեն պահպանել և հիմա այդ սխալը շտկում են և պահպանում կանոնները: «Այն կանոնները, որոնք ձեզ համար են սահմանվել, խստորեն պահպանում ենք»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը