18 05 2020

Ստյոպա Սաֆարյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության հայելին է․ Անի Սամսոնյան

Ստյոպա Սաֆարյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության հայելին է․ Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը ՀԽ նախագահի գործունեության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հանրային խորհուրդը՝ որպես ինստիտուտ, ստեղծման և ձևավորման օրվանից հանրության ընկալումներում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի ունեցել անաչառություն և վստահություն օրենքով իրեն վերապահված գործառույթները իրականացնելիս։

2019 թվականի դեկտեմբերին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանին փոխարինեց Ստյոպա Սաֆարյանը, որը խորհրդի նախագահ նշանակվեց Կառավարության նիստում՝ միաձայն քվեարկությամբ։

Համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի, Հոդված 2-ի՝ այս մարմնի խնդիրն է Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը,  հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը, ինչպես նաև  սոցիալական գործընկերների (արհմիության, գործատուների, Կառավարության) միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը։

Ելնելով Հանրային խորհրդի գործառույթների բովանդակությունից և էությունից՝ Հանրային խորհրդի անդամը և հատկապես նախագահը, պետք է ունենա բավարար հեղինակություն, վստահելիություն, բարեկրթություն և վայելի հարգանք հասարակության տարբեր շերտերի կողմից։

Ստյոպա Սաֆարյանը թե՛ Հանրային խորհրդի նախագահ նշանակվելուց առաջ, և թե՛ հետո աչքի է ընկել խիստ կողմնակալությամբ և հակահասարակական վարքագծով։

Մասնավորապես․

1.     Սոցիալական հարթակներում նրա գրառումները և մեկնաբանությունները ուղեկցվում են հայհոյանքներով, վիրավորանքներով, զրպարտություններով և զանազան պիտակավորումներով, որը ստեղծում է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ։

2.    Նպաստում է ապատեղեկատվության տարածմանը և մեդիաանգրագիտությանը։

3.    Ցուցաբերում է ոչ հարգալից մոտեցում և տարածում է ատելություն խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից ներկայացվող գաղափարների, առաջարկների և որդեգրած այլախոհության նկատմամբ և քաղաքական գործիչների նկատմամբ։

4.    Թիրախավորում է հասարակական-քաղաքական դաշտում ակտիվության ցուցաբերած կանանց և վիրավորում նրանց՝ պայմանավորված կնոջ սեռով և հատկանիշներով։

5.    Անհանդուրժողականություն և խտրականություն է ցուցաբերում ՀՀ մեդիադաշտում գործունեություն ծավալող լրատվամիջոցների նկատմամբ՝ վնաս հասցնելով  նաև մտքի, խղճի և խոսքի ազատությանը։

6.   Խրախուսում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ֆեյք օգտահաշիվների միջոցով ատելության խոսքի տարածմանը։

7.    Ցուցաբերել է ոչ հարգալից մոտեցում դատական համակարգի և նրա առանձին ներկայացուցիչների նկատմամբ։

8.   Ցուցաբերել է ոչ հարգալից մոտեցում Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ փորձ անելով քաղաքական շահարկումների ենթարկել վերջինիս գործունեությունը և վտանգելով ՄԻՊ ինստիտուտի անկախությունը, օբյեկտիվ աշխատանքը։

9.   Խրախուսում է  ինքնադատաստանով զբաղվող զանազան խուլիգանական խմբակների գործունեությունը։

10. Չի գիտակցում հանրայնորեն վտանգավոր իր վարքագծի հետևանքները։

Ուսումնասիրելով Հանրային խորհրդի նախագահի գործունեությունը՝ արձանագրում ենք, որ վերջինս աչքի է ընկնում որպես հակասոցիալական, անհանդուրժող, ատելություն և վիրավորանք տարածող սուբյեկտ, որը չի կարող կյանքի կոչել Հանրային խորհրդի՝ օրենքով սահմանված խնդիրները և գործառույթները և չի կարող լինել հարգված միջնորդ հանրության և Կառավարության միջև։ Այս պաշտոնում տվյալ անձի գործունեությունը վտանգավոր է ժողովրդավարական, սիրո և համերաշխության Հայաստանի համար։ Վերջինիս վարքագիծը բացասական ազդեցություն է թողնում նաև Հանրային խորհրդի մյուս անդամների գործունեության վրա։

Այս իրողությամբ մտահոգված շատ մարդիկ մեզ դիմում են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջենք հեռացնել Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից։

Մենք անիմաստ ենք համարում այդ հարցով դիմել Կառավարությանը, քանի որ Ստյոպա Սաֆարյանը՝ որպես Հանրային  խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հայելին է։

Իսկ որքանով է Հանրային խորհրդի նախագահի բարեվարքությունը ընդունելի Խորհրդի մյուս անդամների համար, կարծում եմ վերջիններս պետք է լուրջ քննարկման առարկա դարձնեն այդ հարցը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ