16 05 2020

Տասնյակ միլիոնների մախինացիա՝ շինաշխատանքների վերահսկողության ոլորտում․ Խաժակյան

Տասնյակ միլիոնների մախինացիա՝ շինաշխատանքների վերահսկողության ոլորտում․ Խաժակյան

2020 թվականի հունվարի 9-ին պետական գրանցում է ստանում «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ կազմակերպությունը և երկրով մեկ դիմում շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնելու մրցույթներին և հիմնականում նվազագույն արժեք տալով՝ հաղթում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Տասնյակ միլիոնների հասնող մախինացիայի մասին

Այս իրադրության մասին կարծում էի կբարձրաձայնեն պետական մարմինները, բայց քանի որ վերջիններս լռում են, ինքս կխոսեմ սրա մասին։ Սրա մասին այսօր կարող էր խոսել նաև վարչապետը, սակայն ինչ-ինչ պատճառներով թեման չշոշափվեց։

Այսպես, գնումների մասին ՀՀ օրենսդրության համաձայն ցանկացած կապիտալ շինարարություն պահանջում է առանձին տեխնիկական հսկողություն՝ մեկ այլ մասնավոր կազմակերպության կողմից։ Այսինքն փաստացի շինարարության վերաբերյալ հայտարարվում է երկու մրցույթ՝ բուն շինարարական աշխատանքները և դրանց տեխնիկական հսկողությունը։ Նախորդ տարի Երևանում բարձիթողի իրավիճակ էր ստեղծվել տեխնիկական հսկողության մասով, որը կարելի էր պայմանավորել քաղաքային իշխանությունների անփորձությամբ։

Այն ինչ տեղի է ունեցել անցնող շաբաթների ընթացքում դժվար է անգամ երևակայել։ Հիմա հաջորդաբար․

2020 թվականի հունվարի 9-ին պետական գրանցում է ստանում «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ կազմակերպությունը և երկրով մեկ դիմում շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնելու մրցույթներին և հիմնականում նվազագույն արժեք տալով՝ հաղթում։

2020 թվականի փետրվարի 20-ին նույն նորաստեղծ կազմակերպությունը մասնակցում է քաղաքապետարանի կողմից հայտարարվող ասֆալտապատման աշխատանքների հսկողության մրցույթին և լինելով միակ մասնակիցը ստանում 35 մլն դրամ արժողությամբ պայմանագիրը։

Կառավարության համապատասխան որոշմամբ կազմակերպությունը ներկայացնում է նաև բանկային երաշխիք, որն անհրաժեշտ է ունենալ մրցույթը շահելիս։

Իսկ հիմա ամենաուշագրավը․ պարզվել է, որ նորաստեղծ «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ»-ի ներկայացրած բանկային երաշխիքը ԿԵՂԾ է, ասել է թե մրցույթին ներկայացված փաստթուղթը ոչ թե թողարկվել է բանկի կողմից, այլ կեղծվել։ Սրա մասին են վկայում մի շարք պաշտոնական փաստաթղթեր։ Դուք գիտեք, որ այս ընթացքում քաղաքում և երկրով մեկ իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, որոնց հսկողության որակը արդեն կարող եք պատկերացնել ելնելով վերոգրյալից։ Իսկ ինչ վերաբերում է Երևանում տեղի ունեցող ասֆալտապատմանը, ապա որոշ հիմնական փողոցների օրինակով պետք է ասեմ, որ այսպիսի վատ որակի ասֆալտ մայրաքաղաքը տեսել է շատ վաղ անցյալում։ Իդեպ այս ամենի ներքին բացահայտումից հետո քաղաքի որոշ հատվածներում ասֆալտապատման աշխատանքները շարունակվել են (շարունակվում են) առանց տեխնիկական հսկողության, ինչը և՛ դուրս է օրենքից և՛ դարձել է անօրակ ասֆալտապատման գործոններից մեկը։

Ինչո՞ւ այս մասին չեն խոսում կոռուպցիայի դեմ անխոնջ պայքար մղող իշխանությունները չեմ կարող ասել, բայց այս ամենը ունի շատ մանրամասն հետաքննության կարիք։ Կարո՞ղ էր արդյոք այս մախինացիան իրականացվել առանց պետական պաշտոնյաների հովանավորչության․․․ սա է գլխավոր հարցը»,- գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ