Panorama.am-ը գրում է. GPARTNERS իրավաբանական ընկերության տնօրեն Սարգիս Գրիգորյանն իր հոդվածում գրում է.
«Մարտի 1-ի գործով օրերս տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատախազի կողմից հնչեց դիրքորոշում առ այն, որ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) 2020 թվականի մարտի 20-ին ընդունված ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի սկզբունքները՝ Կորոնավիրուսի (COVID-19) համավարակի համատեքստում, պարտադիր բնույթ չունեն Հայաստանի համար:
Այս պնդումը իրավաբանորեն սխալ է և հակասում է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներից: Ավելին, դատախազությունը ուներ պարտավորություն մանրամասն ուսումնասիրելու Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը՝ ԽԿԿ-ի Սկզբունքների համաձայն, որը իհարկե չի իրականացվել մեղադրողի կոմից՝ ցուցաբերելով կոպիտ խտրականության դրսևորում։
Այսպիսով՝ ԽԿԿ-ն սահմանել է, որ COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով ազատազրկված անձանց հանդեպ կիրառվող ցանկացած սահմանափակող միջոց պետք է ունենա իրավական հիմք և լինի անհրաժեշտ ու համաչափ, ինչպես նաև հիմնված մարդու արժանապատվության հանդեպ հարգանքի վրա և ունենա ժամանակային սահմանափակում։ Բացի դրանից, ԽԿԿ-ն նշել է՝ քանի որ մոտիկ անձնային կոնտակտը նպաստում է վիրուսի տարածմանը, համապատասխան բոլոր մարմինները պետք է գործադրեն հստակ ջանքեր՝ անցնելու ազատազրկման այլընտրանքային տարբերակների։ Ավելին՝ իշխանությունները պետք է գործադրեն հստակ ջանքեր՝ անցնելու ազատազրկման այլընտրանքային տարբերակների։ Հետևաբար, հաշվի առնելով ԽԿԿ-ի կողմից սահմանված սկզբունքները Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոցը պետք է անհապաղ փոփոխել։
Ավելին, ԽԿԿ-ն ստեղծվել է 1987 թվականի նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում ստորագրված` «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիայի հիման վրա, որին Հայաստանը միացել է 2001 թվականին: ԽԿԿ-ի կողմից ընդունված սկզբունքները և չափորոշիչները նաև լայնորեն կիրառվում են ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքում, մասնավորապես` հենց 2020 թվականի մարտի Սկզբունքները։
Անդրադառնալով ԽԿԿ-ի գործունեությանը՝ հարկ է նշել, որ ԽԿԿ-ն այցելություններ է կատարում ազատազրկման վայրեր` գնահատելու ազատազրկված անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը: ԽԿԿ-ն գործում է Եվրոպայի Խորհրդի անդամ բոլոր պետություններում, ուստիև՝ Հայաստանում, և դրա ընդունած չափորոշիչները և սկզբունքները պարտադիր են նաև Հայաստանի համար: Բացի դրանից, ԽԿԿ-ն ապահովում է ազատազրկված անձանց խոշտանգումներից և այլ տեսակի դաժան վերաբերմունքից պաշտպանելու ոչ դատական կանխարգելիչ մեխանիզմներ՝ դրանով իսկ լրացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական գործունեությունը: Նմանատիպ սկզբունքները և չափորոշիչները, ըստ էության, իրենցից ենթադրում են իրավունքի այնիպիսի աղբյուր, ինչպիսին է, այսպես կոչված, փափուկ իրավունքը (soft law), որը ևս հանդիսանում է իրավունքի աղբյուր և ենթակա է կատարման:
Ավելին՝ կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի տակ գտնվողներին կալանքից ազատելու հնարավորությունը դիտարկելու կոչով է հանդես եկել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը:
Ի հավելումն՝ նշեմ, որ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի համատեքստում ևս Հայաստանը չի կարող ժխտել ԽԿԿ-ի կողմից ընդունած սկզբունքների պարտադիրությունը և նշանակությունը: Նույնիսկ այդ սկզբունքների բովանդակությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ օգտագործվում են այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «պետք է», «պարտադիր է» և այլն: Այսինքն՝ այդ սկզբունքները կրում են ոչ թե խորհրդատվական բնույթ, այլ իմպերատիվ պահանջներ են սահմանում, որոնք ենթակա են պահպանման Եվրոպայի Խորհրդի անդամ բոլոր պետություններում:
Ուստի, Հայաստանի իրավասու մարմինների կողմից նշված սկզբունքների և մոտեցումների պահպանումից հրաժարումը հանգեցնելու է Հայաստանի կողմից ստանձնած մի շարք միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտման»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը