11 05 2020

Մայիսի 13-ին Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ․ Top-news.am

Մայիսի 13-ին Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ․ Top-news.am

Top-news.am-ը գրում է․ «Մայիսի 8-ին կայացած դատական նիստին հետեւելուց հետո ընդամենը մի եզրահանգում կարող ենք անել՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի: Դատավոր Աննա Դանիբեկյանն այլ որոշում կայացնելու համար որեւէ հիմք չունի:

Մեղադրող կողմը որեւէ հիմնավոր պատճառ, ապացույց չբերեց, որ համոզեր, որ գոնե այս կամ այն կամ գոյություն ունեցող միակ պատճառով Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ:

Իհարկե, Հայաստանի երկրորդ նախագահը, Արցախի առաջին նախագահը հիմա էլ ապօրինաբար է պահվում կալանքի տակ, իհարկե, այն քրեական գործը, որ հարուցված է նախագահի եւ մյուսների դեմ՝ «փուչիկ» է, բայց հիմա հասել ենք մի կետի, մի հանգրվանի, երբ Ռոբերտ Քոչարյանի հետագա կալանավորումը չի հասկացվի ոչ հանրության առողջ հատվածի, ոչ իրավաբանների, ոչ քաղաքական գործիչների, ոչ էլ միջազգային հանրության կողմից:

Մայիսի 8-ի դատական նիստի ժամանակ մեղադրող կողմն այնքան թույլ էր եւ անպաշտպան, որ շեշտը դրել էին երաշխավորություն ներկայացրած Կարեն Կարապետյանին, Խոսրով Հարությունյանին, Վազգեն Մանուկյանին եւ Անուշավան Դանիելյանին վարկաբեկելու վրա: Այնպիսի տպավորություն էր, թե հիմա դատավորից պահանջելու են կալանավորել նրանց՝ երաշխավորություն ներկայացնելու համար:

Մեղադրող կողմը մայիսի 8-ին ծանր պարտություն կրեց: Սա ակնհայտ էր բոլորին: Երբ ասելիք չես ունենում, կենտրոնանում ես եւ փորձում ես շեշտը դնել այ հանգամանքների եւ հարցերի վրա: Չկարողանալով մեկ հիմնավոր պատճառ բերել, թե ինչու պետք է Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ, նրանք կամ ասում էին, թե հանկարծ երկրորդ նախագահը կարող է ազդել վկաների վրա կամ անգամ խուսափել դատարան ներկայանալուց, կամ էլ պարզապես քննադատում էին երաշխավորություն ներկայացրածներին:

Եթե հանկարծ Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ին որոշի Ռոբերտ Քոչարյանին թողնել կալանքի տակ, ապա բոլորի համար մեկ անգամ եւս պարզ կդառնա, որ երկրորդ նախագահը ենթարկվում է հալածանքի: Ընդ որում դա արդեն հասկանալի կդառնա ամբողջ աշխարհի համար՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Առողջ բանականությունը, տրամաբանությունը հուշում է, որ մայիսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահը պետք է լինի ազատության մեջ: Հակառակ դեպքում Հայաստանին կհասցվի եւս մեկ ծանր հարված»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ