08 05 2020

«Տղայական ռազբորկան» ապացույցն է՝ արժեքային հեղափոխություն չի եղել․ իրավապաշտպան

«Տղայական ռազբորկան» ապացույցն է՝ արժեքային հեղափոխություն չի եղել․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը գրել է․

«Ազգային ժողովում տեղի ունեցած այսօրվա «տղայական ռազբորկան» ապացույցն է նրա, որ մեր երկրում արժեքային հեղափոխություն չի եղել։ Ինչպես և նախկին խորհրդարաններում, այնպես էլ այսօր կարող են ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորին ասել, «շիշը կտամ գլխիդ» կամ «վիզդ կկտրեմ», ու ամենահատկանշականն այն է, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն իրենց խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի ձեռքի տակից ուղղակի հեռացնում են ջրի շիշը, վստահ լինելով, որ հնչեցրածը կիրագործի։

Ի դեպ, ընդամենը անցած շաբաթվա ընթացքում, նույն խմբակցությունը սատար էր կանգնում ծեծկռտուկ կազմակերպած Ալեն Սիմոնյանին, որը հպարտությամբ եթեր էր մտել ու ասում էր, թե յուրաքանչյուր տղամարդ իրեն այդպես պետք է կպահի։

Հստակ է, որ դա նույն «ուժեղ տղամարդու» կեղծ դիսկուրսի շարունակությունն է, որը եղել ու մնում է, ինչպես նաև վերջին շրջանում ակտիվորեն սնուցվում ու խրախուսվում է քաղաքական էլիտայի կողմից, ի չիք դնելով առանց բռնության հասարակություն ունենալու ներդրված ջանքերը։

Վստահ եմ, որ այս անգամ ևս ԱԺ-ն էթիկայի հանձնաժողով չի կազմավորի, չի քննարկի այս խայտառակությունը, իսկ ազգիս բռնարարներն էլ կհպարտանան իրենց ոչ ինտելեկտուալ ու թուլակամ տղեքով, որոնք անկարող են խոսքով և գաղափարներով հանդես գալու, այդ իսկ պատճառով գործի են դնում լոկ բռունցքները»,- գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ