ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիացիոն ոլորտի մասնագետ Հակոբ Ճաղարյանը գրում է․
«ԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂ
Այսօր հերթական լրագրողը հնչեցրեց մոտավորապես էսպիսի հարց` ինչքա՞ն գումար պետք է ներդնի պետությունը «Ազգային փոխադրող» ստեղծելու համար:
Կարծում եմ, պետք է բացատրել ինչ է նշանակում «Ազգային փոխադրող» հասկացողությունը: Եվ վերջ դնել բոլոր, բազմապիսի «մասնագետների» կողմից, այդ թվում և պետական տարբեր ատյանները ներկայացնող, բոլոր անհիմն և ոչ մասնագիտական շահրկումների, թե ի՞նչ է իրականում այդ հասկացողությունը նշանակում:
Գրառմանս կցում եմ Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO) «Ազգային Ավիափոխադրող» և երկրի «Դրոշակակիր Ավիափոխադրող» հասկացողությունների ձևակերպումը: (ICAO doc.9626, ch 5.1)
Ազգային Ավիափոխադրող է հանդիսանում երկրի ( շահագործողի) տարածքում, նրա օրենքներով հիմնված և գործունեություն ծավալող ավիաընկերությունը, որը հանդիսանում է երկրի միակ, կամ հիմնական փոխադրողը: Այն պետությունների կողմից օգագործվում է որպես երկրի օդային տեղափոխումների կարգավորման ազգային գործիք:
Թարգմանությունը հնարավորինս բառացի է:
Ուշադրություն դարձրեք, որ ոչ մի խոսք չկա ոչ սեփականության ձևի, ոչ որևէ արտոնությունների, ոչ որևէ խտրականության մասին ի օգուտ «Ազգայինի»:
Բազմիցս անհարկի շահարկվել է տարբեր ամբիոններից, որ «Ազգային Փոխադրողը», իբր, պետության վրա թանկ կնստի, անընդհատ գումար կպահանջի, կաշխատի վնասով, դատարկ օդանավերով, և այլն...
Ինչպես երևում է փաստաթղթից, բոլոր նմանատիպ շահարկումները չունեն ոչ մի իրավական հիմք և որևէ հիմնավորում: Դրանք, լավագույն դեպքում, պատասխանատու աշխատանքից խուսափելու պարզագույն միջոցներ են:
Ցանկացած տեղական ավիափոխադրող, անկախ նրա սեփականության ձևից, լավ աշխատանքի դեպքում ի վիճակի է դառնալ «Ազգային», որը, ինչպես տեսնում եք, իրականում ոչ թե իրավական հասկացողություն է, այլ արժանիքների գնահատման և ազդեցության ընդգծում:
Ցանկացած երկրի «Ազգային Ավիափոխադրող» կարող է լինել միայն ա'յդ երկրի ռեզիդենտ ավիաընկերությունը:
Մի շարք երկրներում կան մի քանի «Ազգային Ավիափոխադրողներ», (ՌԴ, ԱՄՆ, Արաբական Էմիրություններ, և այլն... )
Բայց նրանցից ոչ մեկում կառավարությունները չեն աշխատում ի օգուտ օտարերկրյա ավիափոխադրողների, ի վնաս տեղականների:
Տեղական ավիափոխադրողների բազմակողմանի կարևորության, իսկ Հայաստանի համար կենսական անհրաժեշտության մասին կանդրադառնամ հաջորդ գրառմանս:
Լինելու են տեղական ավիափոխադրողներ:
Ի հեճուկս ամբողջ ուժով նրանց դեմ պայքար մղողների»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը