Կուսակցությունում պարբերաբար քննարկվում են կարգապահական տարբեր բնույթի հարցեր։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով խմբակցության պատգամավորներ Վարդան Աթաբեկյանի և Աննա Կարապետյանի մանդատները վայր դնելու վերաբերյալ հարցին։
«Թե այդ հարցերն այս փուլում ինչին են առնչվում, թույլ տվեք դրանք չհրապարակել, որովհետև դրանք ներքին հարցեր են։ Չեմ հրապարակի կարգապահական բնույթի տեսակի վերաբերյալ տեղեկատվություն։ Նաև որևէ անուն չեմ հնչեցնում, չեմ հաստատում և չեմ հերքում որևէ բան»,- ասաց Լիլիթ Մակունցը։
Ըստ նրա՝ տարբեր բնույթի, այդ թվում կարգապահական հարցեր քննարկելը որևէ խնդիրների մասին չի խոսում, հակառակը՝ դա վկայում է, որ խմբակցությունն աչալուրջ հետևում է բոլոր տեսակի հարցերին և դրանց արագ լուծում է տալիս։
Հարցին, թե խմբակցությունն իրավասո՞ւ է պատգամավորներից մեկի մանդատը վայր դնելու վերաբերյալ որոշում կայացնել, Լիլիթ Մակունցը պատասխանեց․ «Ձեր հարցն իմ ասածին չի առնչվում, հետևաբար կարիք չեմ տեսնում դրան արձագանքելու»։
Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետներին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց․ «Մեզ մոտ քննարկումներ տեղի են ունենում հետագա գործողությունների առնչությամբ։ Հասկանալի է, որ կան սահմանափակումներ կորոնավիրուսով պայմանավորված, և քանի դեռ վտանգ է ներկայացնում իրենից բազմամարդ միջոցառումներ անցկացնելը, այդ թվում հանրահավաքը, բնականաբար, դա տեղի չի ունենա։ Երբ մենք վերջնական որոշում կունենանք հետագա գործողությունների առնչությամբ, անպայման հրապարակային կտեղեկացնենք։ Այս պահին դեռ վերջնական որոշում չունենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը