Մայիսի 5-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների աստիճանական հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող միջոցառումների և ծրագրերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ համավարակի հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում:
Անդրադառնալով մայիսի 6-ին կայանալիք հատուկ թռիչքի մանրամասներին՝ Զոհրաբ Մնացականյանը և Մուխտար Թլեուբերդին գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների՝ հայրենիք տեղափոխման հարցում ցուցաբերած փոխօգնության և փոխադարձ աջակցության համար:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխուժացնել հայ-ղազախստանյան համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ բարձրաստիճան փոխայցերի կազմակերպման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների և միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացման միջոցով:
Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները հանգամանալից քննարկեցին տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունը՝ ուղենշելով համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը