01 05 2020

Պետությունը միջոցներ չի ձեռնարկում վերացնելու անհանդուրժողականությունը․ Զոհրաբյան

Պետությունը միջոցներ չի ձեռնարկում վերացնելու անհանդուրժողականությունը․ Զոհրաբյան

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (1948 թվական) ընդունվել և հռչակվել է նկատի առնելով, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը: Հռչակագիրը շեշտում է մարդկային արժանապատվության ժառանգական անգնահատելի արժեքը, որը պետք է ճանաչվի բոլոր մարդկանց համար:

Պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրությունը մարդու անօտարելի արժանապատվությունն է համարում իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը: Մարդու արժանապատվության իրավունքը բացարձակ և անսահմանափակելի իրավունք է:

Վերջին իրադարձությունները (վիրավորանքներ, բռնություններ) ցույց տվեցին, որ մենք կործանման ճանապարհով ենք գնում:

Դեռևս 2018թ. օգոստոսի 20-ին ֆեյսբուքյան էջում նշել էի՝
«Այս փուլում, կարծում եմ պետք է փորձել վերացնել Նիկոլ Փաշինյանի համակիրների (մեծ մասը կեղծ օգտատերերի) հայհոյանքների և վիրավորանքների դրվածքը այլ կարծիք ունեցողների հասցեին: Տիեզերական փոխադարձության օրենքի համաձայն, ամեն ինչ վերադառնում է: Նախորդ իշխանությունը հնձեց իր ցանածը, իսկ այսօրվա իշխանությունը վաղը հնձելու է իր այսօրվա ցանածը: Այդ իսկ պատճառով ավելի լավ է հայհոյանքի փոխարեն սեր ցանել, իսկ վիրավորանքի փոխարեն՝ համերաշխություն:»:

 

2020 թվականն է: Հայհոյանքները և վիրավորանքները դարձել են փոխադարձ, իսկ մթնոլորտը՝ շիկացած:

Ցավոք, պետության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվում վերացնելու համար երկկողմանի անհանդուրժողականությունը, որը հիմնականում դրսևորվում է ատելության խոսքի և հայհոյանքի ձևերով:

Արժանապատվության կարևորությունը և արժանապատվության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը չտեսնող պետությունները և հասարակությունները ատելության և բռնությունների (նաև դրանցից բխող բացասական երևույթների) պակաս չեն ունենալու:

Դեռ ուշ չէ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ