Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որտեղի՞ց հայթայթել 100 մլրդ դրամ.
Կառավարության աջակցության ծրագրերի, ֆինանսական միջոցների հնարավոր աղբյուրների և Լուսավոր Հայաստան-ին «պոպուլիզմի» մեջ մեղադրելու մասին
Սիրելի հայրենակիցներ,
Երեկ և այսօր իշխանական խմբակցության մեր գործընկերները կոչ էին անում Լուսավոր Հայաստան խմբակցության տնտեսագետ պատգամավորներին հուշել, թե որտեղից հայթայթել 100 մլրդ դրամ՝ հակաճգնաժամային անհատույց աջակցության համար:
Սիրով ուզում եմ անդրադառնալ այս և ոչ միայն այս թեմային:
1.Հակաճգնաժամային միջոցառումների համար Կառավարության կողմից նախատեսված 150 մլրդ. դրամից՝ 1.5 ամիս տևողությամբ արտակարգ դրության պայմաններում բիզնեսին, գյուղացիներին և այլ քաղաքացիներին փաստացի հասանելի է դարձել շուրջ 48 մլրդ. դրամի աջակցություն, որն ի դեպ կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 0.7%-ը:
2.Սա չնչին ներարկում է տնտեսության մեջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք յուրաքանչյուր 3-4 օրում կորցնում ենք այդքանից ավելի ՀՆԱ՝ տնտեսական գործունեության սահմանափակումների և պարապուրդի պատճառով:
3.Կառավարության կողմից ներկայումս առաջարկվող «աջակցությունը» ո՛չ իր ծավալով, ո՛չ ներարկման եղանակով չի կարող ապահովել այսօր առկա առաջարկի և պահանջարկի շոկերին մեր տնտեսության անհրաժեշտ դիմակայումը:
4.Կառավարությունը կարծում է, որ արտակարգ դրության պայմաններում բիզնեսին և գյուղացուն աջակցելը վարկ տալն է, և դա այն դեպքում, երբ նրանք գոյատևման և անհատույց աջակցության կարիք ունեն:
5.Կառավարության ներկայացուցիչը ամբիոնից հայտարարում է, որ տնտեսության մեջ հնարավոր է ներարկել այնքան միջոցներ, որքան այն ի վիճակի է կլանելու՝ ակնարկելով, որ իրենց նախատեսած «աջակցությունը» չի կլանվում տնտեսության կողմից:
6.Այո, դա ճիշտ է, բայց ինչու՞ չի կլանվում, միթե՞ փողի կարիք չկա: Բայց մենք գիտենք, չէ՞, որ այսօր թե՛ բիզնեսի և թե՛ ազգաբնակչության մոտ փողի հսկայական կարիք կա:
7.«Աջակցությունը» չի կլանվում, որովհետև առաջարկվող ծրագրերի առյուծի բաժինը, չհաշված սոցիալական ծրագրերը, վարկային ծրագրեր են: Որովհետև վարկային ծանրագույն բեռի տակ գտնվող անվարկունակ գյուղացուն կրկին առաջարկվում է վարկ վերցնել՝ անհատույց ուղղակի աջակցություն տրամադրելու փոխարեն: Ճգնաժամից առաջնահերթ տուժած ոլորտների ՓՄՁ-ներին հարկային արձակուրդներ տրամադրելու փոխարեն առաջարկվում է վարկ վերցնել, որ հարկեր վճարեն:
8.Մեր կողմից մատնանշվել է տնտեսավարողների և քաղաքացիների 12 կատեգորիա, որոնք դուրս են մնացել առաջարկվող աջակցության ծրագրերից և որոնց համար անհապաղ պետք է մշակել նոր ծրագրեր կամ ընդգրկել եղած ծրագրերի մեջ:
9.Անընդունելի ենք համարել սեփական քաղաքացուն և տնտեսավարողին «պատժելու» և աջակցությունից զրկելու մոտեցումը միայն այն պատճառով, որ նա գրանցված չէ, ՀԴՄ չունի, կարգապահ չի եղել, վարկունակ չէ, չենք կարողանում նույնականացնել, անչափահաս երեխա չունի, հղի չէ և այլն:
10.Այո, մենք ասել ենք և ասում ենք, որ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները ենթակա են արմատական փոփոխության՝
-վարկային ծրագրերը իրենց տեղը պետք է զիջեն անհատույց ուղղակի աջակցության ծրագրերին, որոնք պետք է լինեն թիրախային և արդյունավետ,
-թիրախային սոցիալական խմբերն են՝ առանց եկամտի մնացած, բոլոր ծրագրերից դուրս մնացած, ինչպես նաև առանձնապես խոցելի խմբերում ընդգրկված մեր քաղաքացիները,
-առանձնահատուկ ուշադրություն դարձնել գյուղացուն՝ նպատակային անհատույց ուղղակի աջակցություն տրամադրելու միջոցով (պարարտանյութ, վառելիք, տնկիներ և այլն), ինչպես նաև հնարավորինս գյուղացուն տարբեր տեսակի ռիսկերից զերծ պահելու միջոցով (վարկային, արտարժութային, եղանակային, բերքի իրացման և այլն),
-տրամադրել հարկային արձակուրդ ճգնաժամից տուժած առանձին ոլորտների տնտեսավարողներին,
-բիզնեսին՝ աջակցության վարկային ծրագրերի հետ մեկտեղ առաջարկել թիրախային անհատույց աջակցության ծրագրեր,
-սոցիալական խնդիրները լուծել հնարավորինս բիզնեսին աջակցելու և աշխատատեղերը պահպանելուն ուղղված աջակցության ծրագրերի միջոցով,
-մեր կողմից մատնանշված և բոլոր ծրագրերից դուրս մնացած տնտեսավարողների բազմաթիվ կատեգորիաների համար մշակել նոր ծրագրեր կամ ընդգրկել եղած ծրագրերի մեջ,
-և այլն:
11.Անհապահ պետք իրականացնել կապիտալ ծախսեր (շինարարություն, ճանապարհաշինարարություն, այլ ենթակառուցվածքների կառուցում)՝ առաջնահերթությունը տալով այն համայնքներում դրանց իրականացմանը, որոնց բնակիչները առավելապես մեկնում էին արտագնա աշխատանքի, և անհրաժեշտ է հնարավորինս ապահովել այդ մարդկանց աշխատանքի օգտագործումը և նրանց զբաղվածությունը:
12.Այո, Կառավարությունը ստիպված է լինելու աստիճանաբար հանել տնտեսական գործունեության բոլոր սահմանափակումները, և մենք պարտավոր ենք համակերպվել, որ ապրելու ենք և աշխատելու ենք կորոնավիրուսային իրողությունների պայմաններում:
13.Հիմա հակաճգնաժամային անհատույց աջակցության համար անհրաժեշտ 100 մլրդ. դրամի հնարավոր աղբյուրների մասին (ի դեպ, դա մեր ՀՆԱ-ի ընդամենը 1.5%-ն է): Դրանք բազմաթիվ են և շատ պարզ, տնտեսագետները շատ լավ գիտեն: Ես չեմ նշի, թե որ աղբյուրից որքան գումար կարելի է վերցնել՝ համամասնությունների որոշումը թողնելով կառավարությանը:
Այսպես՝
-գանձապետական միասնական հաշվի մնացորդ (29.04.2020թ. դրությամբ այն կազմում է 17.9 մլրդ. դրամ), կառավարության ավանդ ԿԲ-ում (29.04.2020թ. դրությամբ այն կազմում է 348 մլրդ. դրամ) (մնացորդները հայտնի են, սակայն դրանց բացվածքը կարող է տալ միայն կառավարությունը),
-պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարում կամ պետական մասնակցությամբ առանձին կազմակերպություններում պետության բաժնեմասի կամ մասնաբաժնի մասնավորեցում (ի դեպ, այս աղբյուրը նախատեսել է նաև կառավարությունը այսօր ընդունված 2020թ. բյուջեի փոփոխություններով),
-միջոցների ներգրավում արտաքին աղբյուրներից (Կառավարությունը հայտարարել է 300 մլն. $ վարկի հասանելիության մասին, որն արդեն կազմում է շուրջ 150 մլրդ. դրամ),
-միջոցների ներգրավում ներքին աղբյուրներից (պետական պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, այդ թվում՝ թիրախային տեղաբաշխման միջոցով),
-հիշեցնեմ, որ հակաճգնաժամային միջոցառումների համար Կառավարության կողմից նախատեսված է 150 մլրդ. դրամ, որից դեռևս տեղաբաշխված չէ ավելի քան 100 մլրդ. դրամը: Այդ միջոցները կամ դրանց մի մասը, հատկապես զարգացման ծրագրերի համար նախատեսված, կարող են նաև վերաբաշխվել՝ ուղղվելով անհատույց աջակցության ծրագրերին:
-ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում,
-վերջապես մենք ունենք նաև միջազգային պահուստներ (01.01.2020թ. դրությամբ մեր զուտ միջազգային պահուստները կազմում են շուրջ 1.068 տրլն. դրամ), որոնք մեր ֆինանսական անվտանգության բարձիկներն են:
14.Արդյո՞ք դեռ մեր գործընկերների մոտ հարց է մնում, թե որտեղի՞ց հայթայթել 100 մլրդ դրամ:
Վստահ եմ, որ այդպիսի խնդիր այսօր Կառավարությունը իսկապես չունի:
15.Պոպուլիզմի մասին կարելի է խոսել անիրատեսական, անիրագործելի, սակայն ականջահաճո առաջարկներ անելու դեպքում:
16.Արդյո՞ք վերոհիշյալ դրույթներից որևէ մեկը կարելի ա համարել պոպուլիզմ: Կարծում եմ, որ ոչ:
17.Արդյո՞ք դրանք կատարյալ են: Իհարկե ոչ: Եվ դրանց հետ կարելի է չհամաձայնել:
18.Բայց համաձայնեք, որ մենք պետք է սովորենք ինչպես քննադատել, այնպես էլ լսել քննադատություն, հատկապես, եթե այն կառուցողական է, եթե նույնիսկ այն ցավոտ է, եթե նույնիսկ մենք համաձայն չենք:
19. Հուսամ՝ բոլոր հարցերին անդրադարձա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը