Հայաստանի համար երեկվա օրը կուլմինացիոն էր։ Տարբեր վայրերում և տարբեր ժանրերում կատարված իրադարձությունները վկայում են երկրի ներսում ահագնացող լուրջ ճգնաժամի մասին։ Մատրոս Ժելեզնյակովի պատմական ձևակերպումը, իր ողջ պարզությամբ, դառնում է տեսանելի ելք։
1. Այն, ինչ կատարվում էր Ազգային ժողովում, ուղիղ հետևանքն էր վարչապետի լայվերի որակի և բովանդակության։ Բայց ծագում է բնական հարցը՝ ի՞նչ կապ ունենք մենք այդ ամենի հետ, ի՞նչ կապ ունի այդ ԱԺ-ն պետության հետ, Հայաստանի այսօրվա խնդիրների հետ, ի՞նչ կապ ունի այդ որակը՝ հասարակության 80 տոկոսի հետ։ Պետությունը կանգնած է սոցիալական կոլապսի առաջ, պետությանը միակողմանի զիջումներ են պարտադրում և սպառնում պատերազմով, ժողովուրդը հիվանդության և ապրելու անհնարինության խնդրի առաջ կանգնած, պառլամենտական կառավարման երկրում պառլամենտը սա է։ Այս իրականությունն է, որ Ժելեզնյակովի խոսքերը դարձնում են օրակարգային։
2. Նույն ժամերին առաջին քրիստոնեական ազգի և Նոր Հայաստանի 500 հպարտ քաղաքացիները ներխուժում են հիվանդանոց, կտրում երկու հոգու վիզը։ Թիվը մարզպետինն է, մենք հակված չենք դրան հավատալ, ավելի հավանական է, որ այդ թիվը նշելով՝ ուզում են ցույց տալ, որ այնքան մեծաքանակ են եղել, որ հնարավոր չի եղել դիմակայել։ Անկախ այդ թվից՝ այս դեպքն ուղիղ հետևանքն է վարչապետի սամասուդի կոչերի, երկու տարվա ագրեսիայի տոննաների, որով դեզինֆեկցվում էր քաղաքակիրթ միտքը։ 21-րդ դար՝ Հայաստան։ Երկրում մտցված արտակարգ դրության պայմաններում հնարավոր է դառնում Ռուանդայի քրոնիկա հիշեցնող նման իրականությունը։ Սա չափազանց վտանգավոր սցենարների ահազանգ է։ Կար ժամանակ, տարիներ առաջ, մեր բոլորի ընդհանուր «հին Հայաստանում» 500 հոգի մի կոչով հավաքվում էր մահապարտ դառնալու՝ ճակատի ամենաթեժ կետում։ Գավառի դեպքից հետո պետությունը ամենակոշտ քայլերը պետք է անի՝ պաշտոնանկություններ, ձերբակալություններ։ Երկրորդ կարծիք չի կարող լինի։ Բայց ականը այլ տեղ է՝ այն ագրեսիայի, այն թշնամանքի մեջ, որը սկսվում է լայվից ու թափվում հասարակություն։ Այդ ականը ամեն օր, ամեն քայլափոխի կարող է պայթել։
3. Երեկվա պատմության կերտողներից էր Comandante Մանեն։ Վստահաբար՝ Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում չեն սովորեցրել, որ վարչապետի մամուլի խոսնակը կարող է մեղադրանքներ ներկայացնել, վճիռներ կայացնել, սպառնալ։ Վարչապետի խոսնակը դատախազ չէ, դատավոր չէ, հեղափոխական մաուզերիստ չէ։ Այնպես, ինչպես այդպիսին չպետք է լինի կառավարությունը, նրա ղեկավարը։ Քրեական մեղադրանքներ և լեզվակռիվ. սրանով է այսօր կառավարությունը ներկայանում հանրությանը։
4. Խոշոր ընկերության սեփականատերերը բացեիբաց հայտարարում են, որ իրենցից խլում են սեփականությունը։ Մեկ այլ խոշոր կոնցեռնի գլխավոր տնօրենին կալանավորում են։ Առաջիկայում հազարավոր փակված աշխատատեղերի, աշխատավարձերի չվճարումների դեպքում ո՞վ է պատասխան տալու։ Խոշոր բիզնեսի հետ այսօր երկխոսություն էր պետք՝ նոր ռեսուրսներ հայթայթելու, նոր ներդրումներ անելու, սոցիալական ծրագրեր խրախուսելու-պարտադրելու` ամենևին ո՛չ այն, ինչն այսօր արվում է։ Հիշեք պարզապես, որ կուլակաթափությունից հետո եղել է սով, գոլոդոմոր։ Նույն այդ երկու խոշոր բիզնես միավորներն այսօր ունեն կիսատ թողնված մի քանի խոշոր պրոյեկտներ՝ մեծ ծավալի բնակարանային շինարարություն, հյուրանոցներ, գործարաններ, որոնք մեր տնտեսությանը թթվածին կտային։ Պրոյեկտները կասեցված են, աշխատատեղերը՝ փակված, այդ թվում՝ պետության ուղիղ միջամտությամբ։ Դրանից հետո ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ կառավարությունը։
Հայաստանում սկսվում է ուրվագծվել բավականին ռեալ ռիսկերով իրականություն։ Դրանք ամենևին պատահականություններ չեն, դրանք հետևանքներ են։ Իշխանության միջի և ոչ իշխանական սոլիդ շրջանակներից պահանջվում է պահի, իրականության բացառիկ սթափ ընկալում, միասին լուծումներ գտնելու խելամտություն։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը