ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի կողմից իր հասցեին հնչեցված վիրավորական արտահայտություններին, որից հետո քաղաքական և հասարակական մի շարք գործիչներ իրենց աջակցությունը հայտնեցին Սամսոնյանին։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Սիրելի ընկերներ և գործընկերներ, ես շնորհակալ եմ, որ երեկ Ազգային ժողովում կատարված միջադեպի կապակցությամբ տեսա և լսեցի ձեր դատապարտող գնահատականները: Ես դա չեմ ընդունել միայն որպես իմ անձին սատարում, այլ առաջին հերթին` որպես մշակույթը փոխելու կամք: Դա ինձ համար կարևոր է: Եվ ես վստահ եմ, որ ով էլ հայտնվի նման միջադեպի կենտրոնում, անկախ այդ անձի քաղաքական, գաղափարական տեսակից, դուք և նաև ես նրան կպաշտպանենք:
Ստացածս նամակների ասելիքը հիմնականում հետևալն էր` չհիասթափվես և չնեղվես: Հիասթափվում ես, երբ ունես բարձր սպասելիքներ: Չեմ նեղվում, որովհետև ցանկացած երկար ճանապարհ նեղություն է:
Ներողամիտ եմ, բայց կարծում եմ, որ ցանկացած արժեքային երևույթ, որը գիտակցաբար փչացնում են պառլամենտի ամբիոնից, պետք է վերականգնվի հենց պառլամենտի ամբիոնից թեկուզ առանց անձնավորման:
Եվ խնդրանքս ձեզ բոլորիդ: Այն օրը, երբ ես կլինեմ իշխանության ներկայացուցիչ և ինձ կպահեմ այնպես, ինչպես պահում են իրենց այսօր իշխանության ներկայացուցիչները (ես դա ինքս չեմ զգա երևի) կպահանջեք ինձ հեռացնել պետական կառավարման պաշտոններից, որովհետև ես թունավոր եմ լինելու պետության և հասարակության քաղաքական, հոգեկան և բարոյական առողջության համար:
Առողջ եղեք։ Չնեղվեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը