28 04 2020

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց պարետի գործառույթները հստակեցնող օրինագիծը

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց պարետի գործառույթները հստակեցնող օրինագիծը

ԱԺ-ն 82 կողմ, 12 դեմ և 14 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով,առաջարկվում  է հստակեցնել պարետի, պարետատան դերը, կարգավիճակը, պարետի կողմից ընդունված ակտերի բնույթը: 

Առաջարկվում է հստակեցնել պարետի, պարետատան դերը, կարգավիճակը, պարետի կողմից ընդունված ակտերի բնույթը: Սահմանվել է, որ արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ սահմանված լինելու դեպքում վարչապետը կամ փոխվարչապետը կարող են հանդես գալ որպես պարետ: Նախագծով սահմանվել է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում պարետը կարող է ընդունել ակտեր, որպես համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի կողմից ընդունված ակտ, այդ թվում նաև ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:

Նախատեսվել է նաև համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը սահմանափակելու հնարավորություն՝ համաճարակի տարածումը կանխելու նպատակով: Սահմանվել է, որ անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված գրավոր կամ  բանավոր կարգադրությամբ:

Բացի այդ, սահմանվել է սահմանափակման ենթակա անձի իրավունքը՝ տեղեկացված լինելու սահմանափակման պատճառների մասին և տեղեկացնելու իր իրավունքների սահմանափակման մասին նաև իր նախընտրած անձին: Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ դրույթը որոշակի փոփոխության կենթարկվի, անձի ազատությունը կսահամանփակվի գրավոր կարգադրության հիման վրա, իսկ եթե հանգամանքներից ելնելով հնարավոր չէ ապահովել տվյալ պահին գրավոր ձևակերպումը, ապա բանավոր ձևակերպմամբ՝ պայմանով, որ սեղմ ժամկետում գրավոր կարգադրությունը կհետևի:

Նախատեսվում է պայմանով միջոցառումների իրականացման հնարավորությունը, այսինքն՝ միջոցառումն իրականացվի ողջ ամբողջությամբ, այլ որոշակի պայման կիրառելով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ