Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացու հետ այսօրվա զրույցի թեման կոմունալ ճգնաժամն էր։ Սա իր բնութագրումն է այն իրավիճակի, որ իր իսկ Կառավարությունը ստեղծել է էներգետիկ ոլորտի և ՀՀ հազարավոր քաղաքացիների համար։ Վարչապետը նաև խոստովանում է, թե ինչպես է ստացվել, որ ճգնաժամ է առաջացել։ Ասում է՝ «տրվել ենք էմոցիոնալ ինչ-որ բանի։ Ճիշտ է՝ միանգամից մեղքը գցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա, բայց նաև չի կարողանում թաքցնել, որ Կառավարությունն էլ իր հերթին է ոգևորել Հանձնաժողովին՝ քաղաքացիների կողմից կոմունալ վճարները որոշ ժամանակ չմուծելու այդ որոշման համար։ Մի խոսքով, սթափ չեն դատել, էմոցիաներով են առաջնորդվել։
Բայց այսքանով վարչապետը չի սահմանափակվում։ Նա նաև ասում է, որ նման որոշում կայացնելիս, չէին հաշվարկել, թե արտակարգ դրությունը կարող է մեկ ամսից ավել տևել։ Երևի այդ պահին դեռ չէին հասկացել, թե կորոնավիրուսն ում շունն է։ Իրենց պարագայում դա էլ է նորմալ։ Սա առաջին դեպքը չէ, երբ առաջին քայլն աանելուց հետո, երկրորդում ծուղակն են ընկնում։ Կամ ճգնաժամ առաջացնում։ Եվ իսկապես, ինչպե՞ս կարող էր Փաշինյանի կառավարությունը մտածեր, որ եթե քաղաքացիներին կոչ անել կոմունալները չվճարեն, քաղաքացիների մի մասն էլ չվճարի, էներգետիկ համակարգում ճգնաժամ կառաջանա։ Վերջը դրա համար դեդուկտիվ մտածելակերպ է պետք, չէ՞։ Տրամաբանության գոնե փոքրիկ, չնչին առկայություն։
Բայց խնդիրը դրանում չէ։ Ավելի ճիշտ՝ միայն դրանում չէ։ Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկն այն է, որ Փաշինյանը սովորական փառամոլ է։ Նրան ծափահարություններ են պետք, աղմուկ, փառաբանություն։ Եվ եթե զգում է, որ այս կամ այն իր խոսքը, կավելացնի ֆեյսբուքյան իր լայքերը, ուրեմն խնդիր չկա՝ նա կասի ու կանի ամեն տեսակ անհեթեթություն։ Առանց մտածելու, որ այս պահին իրեն ծափահարողները, վաղը անիծելու են։ Կոմունալների վճարների հետ կապված այս պատմությունը դրա ապացույցն է։ Ցավոք, մենք հաճախ ենք տեսնում նման բաների այլ ապացույցներ։ Եվ էլի ենք տեսնելու։ Իսկ այն, որ ճգնաժամը օր օրի նոր ոլորտներ է պատում մեր երկրում, այլևս փաստ է։ Ընդ որում, այնքան ակնառու փաստ, որ վարչապետն ինքն է դադարել հերքել այդ փաստը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը